«Նորաձեւության եւ դիզայնի» պալատի «Ժառանգություն» գրքի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (ֆոտո)

13:05   1 փետրվարի, 2020

Գեղեցիկ դիզայն, հարուստ գույներ եւ հայկական մշակույթ` ժամանակակիցի համադրությամբ. երեկ` հունվարի 31–ին, տեղի ունեցավ «Նորաձեւության եւ դիզայնի» պալատի «Ժառանգություն» գրքի պաշտոնական շնորհանդեսը:

Գիրքը ներկայացնում է 2019-ին Որդան կարմիր հայկական գորգի թանգարանում անցկացված նորաձեւության ցուցահանդեսի նմուշները:

Շնորհանդեսին ներկա էին ինչպես նորաձեւության, այնպես էլ շոու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ, որոնց դիզայներ եւ «Նորաձեւության եւ դիզայնի պալատի» նախագահ Վահան Խաչատրյանը ներկայացրեց գիրքն ու դրա կոնցեպտը:

«Անցած տարի Fashion Forum Yerevan-ը մեկնարկեց «Ժառանգություն» ցուցահանդեսով, որի ժամանակ ներկայացված էին հայ դիզայներների աշխատանքներ` հագուստ, զարդեր, որոնք ոգեշնչված էին հայկական ազգային ժառանգությամբ: Ցանկանում էինք ցույց տալ հայկական հագուստն անցյալում եւ այսօր: Այսօր արդեն ներկայացնում ենք ցուցահանդեսի գիրքը»,-իր խոսքում նշեց նա:

Գրքի ստեղծմանն աջակցել է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» ծրագրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հիացած է գրքի վերջնական արդյունքով.

«Շատ ուրախ եմ, որ աջակցել ենք այս գրքի ստեղծմանը, արդյունքն ինձ, իսկապես, ապշեցրել է: Ուրախ եմ, որ կարողանում ենք ֆինանսավորել «Նորաձեւության եւ դիզայնի» պալատին. սա արվում է նաեւ փոքր եւ միջին բիզնեսների զարգացման համար, քանի որ նորաձեւությունը ոչ միայն գեղեցկության, այլեւ վաճառքի մեջ է: Կարծում եմ` այս գրքի ամենամեծ գեղեցկությունը նրանում է, որ այն, իսկապես, փոխանցում է ձեր հարուստ ժառանգության ոգին»:

«Ժառանգություն» գրքի լուսանկարների մի մասի հեղինակը Դամիան Հովհաննիսյանն է, որոշ լուսանկարներ դիզայներների անձնական արխիվներից են, որոշները տրամադրել է Էջմիածնի Մայր տաճարի թանգարանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է «Նորաձեւության եւ դիզայնի» պալատը



© NEWS.am STYLE