«Տրամադրություն չունեի». Սիլվի Բարկովան՝ ծննդյան օրը խնջույք չկազմակերպելու եւ քույրերի անակնկալի մասին

18:03   2 փետրվարի, 2020

Հունվարի 31-ին Սիլվի Բարկովայի ծննդյան օրն էր, սակայն դերասանուհին այս տարի այն մեծ շուքով չնշելու պատճառ ուներ: Սիլվին սահմանափակվել է փոքրիկ հավաքույթով, որը կազմակերպել էին ընտանիքի անդամները:

NEWS.am STYLE-ը շնորհավորել է դերսանուհու տարեդարձն ու հետաքրքրվել դրա մանրամասներով:

Ինչպես կարելի էր ենթադրել՝ Սիլվիին առաջինն այդ օրը շնորհավորել է ամուսինը, որն այս պահին Հնդկաստանում է.

«Մեր ժամանակով 23:30-ին շնորհավորեց, քանի որ Հնդկաստանում այդ ժամանակ արդեն կեսգիշեր էր: Հետո նաեւ մեր ժամով 24:00-ին զանգահարեց»,-պատմում է նա:

Դիմահարդարման պարագաներ, հագուստ, գումար՝ Սիլվին ծննդյան առթիվ շատ նվերներ է ստացել:

«Անգամ ծննդյանս տորթն էր նվեր. քույրիկս ու նրա ամուսինն էին անակնկալ արել: Ուրախ եմ, որ այս տարի ծննդյանս օրը Հայաստանում էի: Եթե անկեղծ՝ շատ էի ցանկանում երեւանյան ժամանցի վայրերից մեկում նշել ընկերներիս հետ, բայց ցավոք՝ օրեր առաջ իմ մտերիմ ընկերներից մեկն էր մահացել, եւ չցանկացա մեծ շուքով նշել ծնունդս: Տրամադրություն չկար…»:

Այնուամենայնիվ, մտերիմները փորձել են իրենց անակնկալով բարձրացնել դերասանուհու տրամադրությունը.

«Առավոտից տանը չէի, գնացել էի հարցազրույցի, որից հետո որոշեցի մի քանի խանութ մտնել, ինձ համար գնումներ կատարել: Երբ վերադարձա, տեսա, որ քույրիկներս տունը շատ գեղեցիկ ձեւավորել էին, սեղան գցել: Այդպես ծնունդս նշեցի հարեւաններիս հետ»:

Ի դեպ, Սիլվին երբեք չի սիրել բարձրաձայնել իր տարիքը՝ անգամ մանուկ հասակում: Այսօր էլ բացառություն չարեց, միայն նշեց.

«Իմ ծննդյան օրը շատ եմ սիրում, դա ինձ համար մեծ տոն է: Շատ սիրում եմ ցանկացած տարիք, սակայն կցանկանայի մի օր վերադառնալ 8-րդ դասարան»:

Դերասանուհին խոստովանեց, որ շատ նպատակներ է դրել իր առաջ.

«Աստծո օգնությամբ դրանք պետք է իրականացնեմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սիլվի Բարկովայի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE