Ինչպե՞ս մերկ տղամարդու մասին պատմությունը հայտնվեց Netflix-ի եթերում. հոլիվուդյան սցենարիստ Թորկել Քնութսոնի վարպետության դասը Երեւանում

15:05   5 փետրվարի, 2020

Հայտնի շվեդ սցենարիստ եւ ռեժիսոր Թորկել Քնութսոնը, որն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել Netfilx-ի հայտնի Naked/«Մերկը» ֆիլմի շնորհիվ, այս օրերին Երեւանում է: Երեկ՝ փետրվարի 4-ին, սցենարիստը վարպետության դաս է անցկացրել հայ կինոգործիչների եւ կինոսերների համար: Հանդիպումը տեղի է ունեցել «Քամինեն» շվեդական մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Լուիզա Կոնստա Տեր-Սարգսյանի եւ «ԷՕՆ»-ի ջանքերով:

Վարպետության դասին ներկա է եղել նաեւ NEWS.am STYLE-ը եւ լսել հոլիվույան սցենարիստի խորհուրդները՝ ֆիլմեր ստեղծելու, ռեժիսորի հետ աշխատանքի եւ սցենար գրելու ճիշտ հմտությունների մասին:

Թորկել Քնութսոնը երկար տարիներ է ֆիլմարտադրության ոլորտում: Նա հասցրել է աշխատել այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՝ MTV, Fashion TV, Fitnessguru.se, Telia, Svensk Basket, Absolute Volka։

Նրա առաջին խորհուրդը կինոգործիչներին այն էր, որ երբեք բջջային հեռախոսն իրենցից հեռու չդնեն: Հանդիպման ընթացքում էլ ցենարիստն ինքը իր բջջայինից չբաժանվեց.

«Տեսնո՞ւմ եք՝ ձեռքումս բջջայինս է: Այն միշտ, ցանկացած առիթի ինձ մոտ եմ պահում, քանի որ երբեք չես իմանա, թե երբ ես ստանալու այդ բաղձալի զանգը: Դա կարող է լինել զանգ որեւէ պրոդյուսերի կամ ֆիլմ արտադրողի կողմից: Մոտավորապես 18 տարի առաջ էր, երբ ես Մակեդոնիայում էի, եւ զանգ ստացա հայտնի պրոդյուսերի կողմից, որը նշեց, որ կցանկանար իրավունք ստանալ նկարահանելու շվեդական «Մերկը/Naked ֆիլմի ամերիկյան տարբերակը: Դա իմ ֆիլմն էր, որը ես նկարահանել եմ 20 տարի առաջ: Ես, իհարկե, համաձայնվեցի եւ ինձ առաջարկեցին պայմանագիր ստորագրել»:

2017 թ-ին էկրաններ բարձրացած Naked ֆիլմը մի տղամարդու մասին է, որը պատրաստվում է ամուսնանալ, սակայն հարսանիքից 3 ժամ առաջ նա արթնանում է հյուրանոցում ու հայտնաբերում, որ ամբողջովին մերկ է: Այդպիսով էլ սկավում են նրա զվարճալի արկածները:

«Այս ֆիլմի համար ամեն ինչ հատուկ կառուցվել էր: Ներկել էին խոտը, անգամ վերնորոգել էին եկեղեցին: Ամեն ինչ խենթացնող էր: 16 միլիոն դոլար է ծախսվել ֆիլմի նկարահանման համար, եւ ես իրոք շատ հպարտ եմ արդյունքով, չնայած այդ գումարով երեւի Շվեդիայում մի քանի ֆիլմ կնկարեի ( ծիծաղում է)»:

Սցենարիստը նաեւ խոստովանում է, որ ցանկացած ֆիլմ ստեղծվում է միայն պատմության հեղինակի ջանքերով:

«Ո՞վ պետք է ստեղծի ձեր ֆիլմը: Հիշեք, որ միայն դուք: Եթե հույսներդ դնեք մեկ-երկու մարդու վրա, երբեք չեք կարողանա իրականացնել ձեր ուզածը: Եթե ես՝ ինքս, անընդհատ չհիշեցնեի իմ ֆիլմի մասին, չմասնակցեի նկարահանման ընթացքին, «Մերկը»/Naked երբեք էլ չէր հայտնվի հոլիվուդյան եթերում»:

Նա նաեւ խորհուրդ է տալիս հետեւել տարբեր կարծիքների. միայն այդպես է հնարավոր ստեղծել հետաքրքիր նախագիծ.

«Երբ որեւէ գաղափար եք ունենում, կիսվեք ցանկացածի հետ: Իհարկե, լավ կլինի խուսափել հենց ընտանիքի անդամների կարծիքներից, որովհետեւ նրանք սովորաբար միշտ լավն են նշում: Աշխատեք լսել տարբեր մարդկանց կարծիքներ, քննադատություններ, որովհետեւ դրանք են օգնում, որ կատարեք շտկումներ եւ կատարելագործեք ձեր սցենարը: Սա նաեւ վերաբերում է ռեժիսորներին, դերասաններին եւ պրոդյուսերներին»,-ասում է ու հավելում,-«Ես ֆիլմերում չեմ սիրում գաղտնիքներ: Երեւի հիմա շատերը մտածեցին, որ առանց գաղտնիքի ֆիլմը լավը չի լինի, բայց ես միանգամայն համոզված եմ, որ ֆիլմերը, որոնք չունեն գաղտնիքներ, ավելի հետաքրքիր են: Կարեւորը դրանք ներկայացնեն իրական կյանքը»:

Այս տարի սեպտեմբերին էկրաններ կբարձրանա սցենարիստի երկրորդ հոլիվուդյան աշխատանքը՝ Get Lucky-ն («Բռնիր հաջողությունդ»), որը պատմում է ամուսինների մասին, որոնք ցանկանում են երեխա ունենալ: Նրանք իրենց երազանքն իրագործելու համար ստիպված են լինում դիմել բժշկական միջամտության:  Դրամատիկ սցենար ունեցող պատմությունը, սակայն, կատակերգական երանգ է ստանում՝ ամուսինների հետ տեղի ունեցող զավեշտալի միջադեպի պատճառով:

Ըստ սցենարիստի՝ որպեսզի պատմությունը կարողանա գրավել մարդկանց, պետք է լինես համոզիչ, իսկ որպեսզի համոզիչ լինես, պետք է այդ պատմության մեջ դնես քո սեփական կյանքից եւ ապրումներից որոշ մասնիկներ: Նա խոստովանում է՝ իր պատմություններում հենց այդպես էլ անում է: Ճիշտ է՝ դրանք ոչ ամբողջությամբ են իր մասին, բայց իր կյանքի որոշ փուլերից կան ազդեցություններ:

«Հիշում եմ՝ մի անգամ 21-ամյա մի ուսանող ինձ ասաց, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել մի հարբեցողի մասին: Ես հարցրի՝ իսկ դու ինքդ երբեւէ ալկոհոլով տարվե՞լ ես: Նա պատասխանեց, որ ոչ: Հաջորդ հարցս հետեւյալն էր՝ իսկ ընտանիքումդ որեւիցե մե՞կը, կրկին պատասխանեց՝ ոչ: Պարզվեց՝ նույնիսկ ծանոթների մեջ չունի հարբեցողներ: Ես խորհուրդ տվեցի նրան գրել այն մասին, ինչն իր կյանքին ավելի մոտ է, որպեսզի լինի համոզիչ եւ անկեղծ: Պարտադիր չէ, որ քո պատմությունը լինի շոկային: Պարզապես փորձեք լինել ազնիվ: Հնարավոր է՝ ինչ-որ մեկին դուր չգա իմ պատմությունը, նա ատի դա, բայց ինձ համար դա էլ է լավ: Կարեւորը, որ դիտողը որեւէ զգացմունք արտահայտի քո պատմության վերաբերյալ»,-ասում է նա: Իսկ սցենար գրելիս խորհուրդ է տալիս նախ եւ առաջ մտածել դրա ավարտի մասին.

«Առաջնային գրեք պատմության վերջը: Երբ արդեն գիտեք՝ ինչպես եք ցանկանում ավարտել սցենարը, ավելի հեշտ եւ հասկանալի է հյուսվում ընթացքը: Իհարկե, պատմությունը պետք է ունենա սկիզբ, կոնֆլիկտ եւ ավարտ: Շատ կարեւոր է նաեւ համագործակցել ռեժիսորների հետ: Հաճախ ռեժիսորները չեն լսում սցենարիստին, բայց դա ճիշտ չէ: Եթե դու չհասկանաս՝ ինչ է ցանկացել փոխանցել սցենարիստը, հեռուստադիտողը եւս ճիշտ չի հասկանա պատմությունը»:

Վերջում հոլիվուդյան սցենարիստը պատրաստակամություն հայտնեց ցանկացած պահի խորհուրդներով օգնել հայ կինոգործիչներին:

«Միշտ ձեզ համար հասանելի կլինեմ Facebook-ում»,-խոստացավ նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE