Սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյան. «Անպտղությունը Հայաստանի երիտասարդ զույգերի գլխավոր խնդիրներից է»

16:49   1 օգոստոսի, 2013

Անպտղությունը Հայաստանի երիտասարդ ամուսնական զույգերի գլխավոր խնդիրներից է: Անպտղության եւ դրա հետեւանքների մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանն ու գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը:

Մասնագետների խոսքով, Երեւանում մեկ օրվա ընթացքում անպտղության խնդրով բժշկի է դիմում միջինը 2-ից 3 ամուսնական զույգ: Անպտղության հիմնական պատճառներն են սեռական օրգանների բորբոքումները, ժառանգական հիվանդությունները, այլ զուգընկերներից սեռական ճանապարհով փոխանցված հիվանդությունները, տղամարդու սերմի որակը եւ կանանց հորմոնալ խանգարումները:

Փորձագետները երիտասարդ զույգերին կոչ արեցին բեղմնավորման երկարատեւ անհաջող փորձերի դեպքում անպայման դիմել մասնագետի օգնությանը: Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի, 18-28 տարեկան աղջիկները բեղմնավորումից առաջ պետք է դիմեն մասնագետին, հատկապես եթե պատանեկան տարիքում հորմոնալ խախտումներ եւ դաշտանային ցիկլի խնդիրներ են ունեցել:

Զաքարյանն իր հերթին նշեց, որ տղամարդու անպտղության մեծ տոկոսի դեմ կարելի է պայքարել մանուկ տարիքից: Նրա խոսքով, ծնողները պետք է ժամանակին կանխեն պատանիների մոտ խոզուկի զարգացումը: Միաժամանակ, առաջին իսկ նախանշանների դեպքում դիմեն բժշկի:

NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Մարատ Զաքարյանը թվարկեց մի քանի վնասակար սովորույթներ, որոնց հետեւանքով անպտղություն է առաջանում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ. «Անպտղությունը հարյուրամյակի մեծագույն խնդիրն է: Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սննդակարգի խանգարումները նույնպես կարեւոր պատճառներ են, ինչի հետեւանքով ամուսնական զույգերի բեղմնավորման խնդիր է առաջանում: Այդ վնասակար սովորույթների հետեւանքները կանխելու հարցում կարող է օգնել միայն առողջ կենսակերպը»,- նշեց Զաքարյանը:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE