Ինչո՞ւ TOKIONINE ու ի՞նչ հաղորդագրություն ունի Եվրոպային. Դավիթ Բադալյանը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցության մասին

19:25   7 փետրվարի, 2020

NEWS.am STYLE-ը շարունակում է զրուցել «Դեպի Եվրատեսիլ»-ի այս տարվա մասնակիցների հետ: Այսպիսով՝ փետրվարի 15-ին կայանալիք եզրափակիչի ժամանակ հեռուստադիտողը կտեսնի եւ կլսի նաեւ երգիչ եւ երաժիշտ Դավիթ Բադալյանին, որն անցած տարի մրցութում ուղեկցում էր Սրբուկին՝ հանդիսանելով նրա երգի համահեղինակն ու բեք վոկալիստներից մեկը:

Դավիթը «Դեպի Եվրատեսիլին» կմասնակցի TOKIONINE անվան ներքո եւ Save Me երգով, որի շուրջ էլ ծավալվել է մեր զրույցը:

Դավիթ, նախ կցանկանայի իմանալ՝ ինչո՞ւ TOKIONINE:

Ճիշտն ասած՝ երկար տարիներ է, ինչ անընդհատ անուններ էի փոխում, ցանկանում էի մի բեմական անուն ընտրել, որով կարող էի հանդես գալ նաեւ միջազգային բեմերում: Մի օր էլ որոշեցի համադրել իմ սիրած քաղաքի ու թվի անունները: Համաշխարհային պրակտիկայում շատ են հանդիպում մարդիկ, ովքեր շատ տարօրինակ անուններ են ընտրում, ու դա աշխատում է հենց իրենց օգտին, եւ ես էլ որոշեցի, որ բեմական անունս պետք է լինի Tokionine:

Հաճախ համագործակցել ես մեր եվրատեսիլյան թիմի հետ, իսկ ինչպե՞ս այս տարի որոշեցիր հենց ինքդ մասնակցել մրցույթին:

Անցած տարի Սրբուկի երգի համահեղինակն էի, եւ որպես բեք վոկալիստ էլ նրա հետ մեկնեցի մրցույթին: Արդեն 7 տարի կլիներ, որ չէի երգում ու ոչ մի բեմ չէի բարձրացել, եւ այդ բեմն ինձ շատ ոգեւորեց, երկրորդ շունչ տվեց: Քանի որ համեմատաբար այլ ոճի երաժշտություն եմ երգում, Հայասատնում այդ առումով կարելի է ասել՝ իմ կարիերան չէր ստացվում: Եվ երբ գնացի այնտեղ ու տեսա այդ ամեն ինչը, հասկացա, որ կա հարթակ, որտեղ կարող եմ ինքնաարտահայտվել: Ճիշտն ասած՝ այս տարի էլ հիմնականում այլ արտիստների համար էի երգեր գրում, բայց մի երեկո դեմո տարբերակով մի երգ հավաքեցի, որն ինձ շատ դուր եկավ, եւ մտածեցի՝ ինձանից լավ այդ երգը ոչ ոք չի երգի: Կանչեցի ընկերոջս՝ գործիքավորող George Brainshaker-ին, հետագայում մեզ միացան նաեւ մեր նախագծի մենեջերը՝ Վլադիմիր Բաղմանյանն ու խոսքերի համահեղինակ Սյուզաննա Խանզադյանը: Ընդհանուր թիմով սկսեցինք աշխատել: Այնպես ստացվեց, որ ուրիշի համար էի երգ գրում, բայց որոշեցի ինքս այն կատարել:

Ես անցած տարի այնտեղ տեսա աշխատանքի այն մակարդակը, որին միշտ սիրահարված էի: «Եվրատեսիլը» ինքնաարտահայտվելու համար շատ լավ հարթակ է, որտեղ երաժիշտները կարող են իրենց ասելիքն ունենալ:

Երգդ կոչվում է Save Me: Ինչպե՞ս ինքդ կմեկնաբանես դրա մեսիջը:

Երգը սիրո մասին է, թե ինչպես այն կարող է փրկել քեզ քո վատ կողմերից ու քո ավելի լավ տարբերակը դարձնել: Երգն այն մասին է, որ անգամ, երբ անդունդի եզրին ենք, յուրաքանչյուրս էլ ունենք մեկին, որը գալիս ու փրկում է մեզ հենց այն պահին, երբ մենք ամենից շատն ունենք այդ սիրո կարիքը:

Արդեն հասանելի են նաեւ մյուս մասնակիցների երգերը: Լուրջ մրցակիցներ տեսնո՞ւմ ես քո երգի համար:

Բոլոր մասնակիցներն էլ մեծ աշխատանք են արել, բոլորին էլ սիրում եմ, բոլորի հետ արդեն ծանոթ եմ: Իսկ այն տաղանդավոր արտիստներին, որոնք մասնակցել, սակայն այս տարի չեն անցել, մաղթում եմ, որ չհուսահատվեն եւ շարունակեն ստեղծագործել:  Այս տարվա մասնակիցների երգերից շատ եմ հավանել Agop-ի երգը: Շատ հետաքրքիր երգ է ստացվել նաեւ Վլադիմիր Արզումանյանինը, մեեդային կատարում է, որը ես շատ սիրում եմ:

Ի՞նչ նախապատրաստական փուլում ես գտնվում:

Մեզ մոտ բուռն աշխատանքային պրոցես է, թիմում հավաքվել են շատ տաղանդավոր մարդիկ, որոնց հետ վաղուց ընկերություն եմ անում եւ համագործակցում: Մենք կիսում ենք նույն հայացքները: Բոլորս էլ շատ նպատակասլաց ենք եւ տրամադրված ենք հաղթանակի: Թե ինչ կլինի բեմում, առայժմ չեմ բացահայտի, որպեսզի անակնկալ լինի, բայց կարող եմ ասել, որ երգն ու բեմադրությունը շատ փոխկապակցված կլինեն:

Ովքե՞ր են աշխատում քո բեմականացման շուրջ եւ ի՞նչ է սպասվում բեմի վրա:

Բացի Ջորջից, Վլադիմիրից եւ Սյուզաննայից՝ համագործակցում եմ նաեւ Լուսինե Թարախչյանի հետ, որը հեղինակել է իմ բեմական հագուստը: Նրա հետ աշխատել ենք նաու «Դեպի Մանկական Եվրատեսիլի» շրջանակում եւ միշտ շատ լավ արդյունք ենք ունեցել: Մնացած թիմի անդամներին արդեն կտեսնեք բեմի վրա:

Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ հենց քո երգի օգտին պետք է քվեարկել:

Արդեն երկար տարիներ աշխատելով որպես երաժշտական պրոդյուսեր եւ երգահան՝ միշտ հետեւողական եմ, թե ինչ թրենդեր կան աշխարհում եւ հենց «Եվրատեսիլ»-ում: Կարելի է ասել՝ միշտ ինձ փորձում եմ պահել զարկերակի վրա: Այս անգամ էլ երգը գրելուց փորձել եմ այնպես անել, որ այն մաքսիմալ մոտ լինի եվրոպացի ունկնդիրներին: Երգի մեջ կան ֆուտուրիստական դետալներ, կան պարային ռիթմեր, դիսկո… ամեն ինչ փորձել ենք մի տեղ հավաքել, կարծում եմ՝ ունկնդիրն էլ արդեն զգացած կլինի: Այս երգը շնորհիվ թրենդային լինելու, հետաքրքիր տեքստի եւ բեմադրության՝ կարծում եմ՝ մեզ կարող է բերել լավ հորիզոնականներ: Եթե ես, իսկապես, կարծեի, որ մեկ այլ երգ կարող է մեզ բերել բարձր հորիզոնականներ, հանգիստ կբարձրաձայնեի դրա մասին: Այս պահին գտնում եմ, որ իմ երգը ամենալավ հավակնորդն է: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որոնք թե´ թիմում, թե´ թիմից դուրս ինձ օգնում են, շնորհակալ եմ բոլոր լավ կարծիքների համար: Ես դա եւս համարում եմ մեծ հաթանակ: Այդ աջակցության շնորհիվ՝ ինձ ավելի վստահ եմ զգում եւ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Դավիթ Բադալյանը



© NEWS.am STYLE