«Մի օր ասացի՝ այսպես չի լինի, ախր ես քեզ սիրում եմ». Տյոմի ու Էմմայի սիրո գեղեցիկ պատմությունն ու դրա արդյունքում «ծնված» խենթ զույգը (ֆոտո)

14:25   8 փետրվարի, 2020

X Factor եւ «Նոր ալիք» մրցույթներից հայտնի երգիչ Տյոմն ու նրա հարսնացուն՝ երգչուհի Էմմա Հովհաննիսյանը, ծանոթացել են երեք տարի առաջ, սակայն նրանց ընկերությունը սիրո է վերածվել վերջին մեկ ու կես տարվա ընթացքում:

Այսօր՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրվա առթիվ, NEWS.am STYLE-ը ներկայացնում է երիտասարդ զույգի սիրո սկիզբն ու տրամաբանական շարունակությունը:

«Մեր ծանոթությունը կայացել է գործի բերումով, սկզբում ընկերներ էինք՝ հետո սկսվեց ամեն ինչ»,-պատմում է Տյոմը՝ վերհիշելով այն հատկանիշները, որոնցով Էմման գրավել է իր սիրտը.

«Ես սիրում եմ, երբ աղջիկն ունենում է հումորի լավ զգացում, խելացի է լինում եւ տաղանդավոր: Էմման օժտված է այդ բոլոր հատկանիշներով, ինչի շնորհիվ էլ հասկացա, որ նա հենց այն միակն է, որի հետ ցանկանում եմ կապել կյանքս»:

Էմման էլ իր հերթին անկեղծացավ նշելով, որ Տյոմին հետեւում եւ երկրպագում էր դեռեւս X Factor-ի ժամանակից. «Բայց երբեք չէի մտածի, որ ինքը կլինի իմ կյանքի ուղեկիցը: Շատերն էին ինձ հարցնում՝ արդյոք տեսնո՞ւմ եմ մեզ միասին, չնայած դեռ չէինք էլ ճանաչում միմյանց (ծիծաղում է): Դե, ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, ասում էի՝ այո: Եթե հաշվի առնենք հենց X Factor-ում նրան տեսնելու պահը, կարելի է ասել, որ այո, նա գրավեց ինձ հենց առաջին հայացքից՝ իր տաղանդով եւ կենսուրախությամբ»:

Էմմայից հետաքրքրվեցինք նաեւ, թե որոնք է համարում Տյոմի բնավորության առավելություններն ու թերությունները:

«Տյոմի առավելությունն իր պոզիտիվ տեսակն է, թերությունն էլ՝ որ շատ շուտ եւ չափից դուրս շատ է նվիրվում մարդկանց, հետո՝ փոշմանում ու հիասթափվում»:

Իսկ ահա Տյոմի համար Էմմայի նվիրված տեսակը մտնում է նրա առավելությունների մեջ: Փորձելով մտաբերել, թե որն է սիրելիի թերությունը՝ երգիչը դժվարությամբ նշեց.

«Երեւի՝ մոլերում անվերջ շոփինգ անելը (ծիծաղում է)»:

Տյոմը նաեւ վերհիշեց, թե ինչպես էին իր եւ Էմմայի ընկերները վաղուց նկատել ու պնդում, որ նրանք սիրում են միմյանց, մինչդեռ «խենթ ու խելառ» զույգը, ինչպես նրանց ընկերներն ու մտերիմներն են որակում, չէր խոստովանում սերը՝ պնդելով, թե իրենք պարզապես ընկերներ են:

«Ես գիտակցում էի, որ Էմմայի սիրտն արդեն «գրավված է», բայց ինքս ամեն օր փորձում էի խոսել զգացմունքներիս մասին, ու հետ էի կանգնում որոշումիցս, ասում էի՝ չէ, հաստատ նա ինձ որպես ընկեր է ընդունում: Մտածում էի, որ մեր հարաբերությունները կխզվեին զգացմունքներս արտահայտելուց հետո, բայց մի օր զզվեցի այդ վիճակից ու Էմմային տուն ճանապարհելուց ասացի՝ այսպես չի լինի, Էմմա, ախր ես քեզ սիրում եմ: Այդպես երկար-բարակ խոսակցություն ունեցանք ու հասկացանք, որ երկուսս էլ մեզ երկար ժամանակ ուղղակի համոզում էինք, թե ընկերներ ենք: Ու սկսվեց մեր սիրո գեղեցիկ ու հետաքրքիր ճանապարհը»:

Տյոմը նշում է՝ թեպետ ինքն ու Էմման շատ են միմյանց վստահում, բայց ինչպես ցանկացած հարաբերություններում, նրանց մոտ էլ կա խանդի որոշակի չափաբաժին:

«Դժվար է այսպիսի մասնագիտություն ունենալ եւ չխանդել: Իհարկե, նման դեպքերը շատ քիչ են լինում, բայց լինում են ու շատ շուտ էլ անցնում (ժպտում է): Առհասարակ, մենք շատ քիչ ենք վիճում, մատների վրա կարելի է հաշվել այդպիսի դեպքեր, բայց դրանք միշտ էլ բարեհաջող ավարտ են ունենում»:

Զույգը դժվարացավ նշել, թե երբ են պլանավորում հարսանիքը, բայց խոստացավ՝ երբ գա օրը, բոլորը կիմանան:

Ինչ վերաբերում է սիրո տոներին՝ Սուրբ Սարգսին եւ Սուրբ Վալենտինին, երգիչը նշում է.

«Մեզ համար ամեն օրն էլ տոն է, եւ սա պարզապես չեմ ասում: Իսկ Սուրբ Սարգսի տոնը նշելու ենք աշխատանքային՝ համերգային պայմաններում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Տյոմի անձնական արխիվից



© NEWS.am STYLE