«Առաջին անգամ, երբ տեսա նրան, չէի ճանաչում, հիմա արդեն ճանաչում եմ». Անուշկա Մարգարյանը՝ աղի բլիթ ուտելու եւ հավերժ սիրելու մասին

15:25   8 փետրվարի, 2020

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ NEWS.am STYLE-ը սիրառատ բլից հարց ու պատասխան է ունեցել այժմ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում նկարահանվող Անուշկա Մարգարյանի հետ: Ներկայացնում ենք դերասանուհու հետ անկեղծ զրույցը՝ սիրտ կոտրելու ու սեփական սիրտը կոտրելու եւ հավերժ սիրելու մասին…

Սերը նման է…

Երեւի՝ մաքուր ջրի. սառեցնես, սառույց կդառնա, տաքացնես, կտաքանա: Եթե ուժեղ լինի, չես կարող դեմն առնել: Պարզ ու մաքուր է, եթե դրան ոչինչ չի խառնվում:

Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել:

Առաջին անգամ դպրոցում եմ սիրահարվել, բայց դա մանկական սիրահարվածություն էր: Վերջին դեպքն ավելի լավ եմ հիշում (ժպտում է):

Երբեւէ կոտրե՞լ ես որեւէ մեկի սիրտը:

Մտածված չեմ արել, բայց երբ սերն անպատասխան է լինում, այդպես ստացվում է: Ցավոք՝ եղել է նման դեպք ու ոչ մեկ անգամ...

Երբեւէ քո սիրտը կոտրե՞լ են:

Իմ սիրտը չի կոտրվում՝ պողպատից է (ծիծաղում է): Կարծում եմ՝ չկա մի մարդ, որի սիրտը կոտրված չլինի:

Սիրո մեջ աններելի է

Սիրո մեջ աններելի ոչինչ չի կարող լինել, եթե, իհարկե, դա սեր է, այլ ոչ՝ առեւտուր: «Դու ինձ, ես՝ քեզ» մեխանիզմը շատերն են շփոթում սիրո հետ…

Սիրո դրսեւորման ամենագեղեցիկ ձեւը

Ամենագեղեցիկ ձեւը հարաբերությունների մեջ միշտ աշխատելն է: Երբ միայն չես պահանջում, իսկ ինքդ հանգիստ նստում տեղդ…

Սիրո մասին ամենահուզիչ ֆիլմը…P.S. I Love You:

Այսօր սիրո՞ւմ ես:

Ե´վ երեկ, ե´ւ այսօր, ե´ւ վաղը՝ ես միշտ եմ սիրում (ժպտում է):

Եթե սեր չլիներ

Չէր լինի կյանք:

Աղի բլիթ ուտո՞ւմ ես:

Աղի բլիթ արդեն երկու տարի է, ինչ ուտում եմ: Չեմ հավատում, ուղղակի հետաքրքրության համար եմ ուտում: Չեմ հավատում, որովհետեւ երազումս երկու տարի շարունակ նույն մարդուն եմ տեսել: Առաջին անգամ, երբ տեսա նրան, չէի ճանաչում, հիմա արդեն ճանաչում եմ (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անուշկա Մարգարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE