Պամելա Անդերսոնի 74-ամյա ամուսինը երկուշաբաթյա ամուսնության ընթացքում մարել է նրա՝ հարյուր հազարավոր դոլարների պարտքերը

15:39   11 փետրվարի, 2020

Մանրամասներ են հայտնի դարձել դերասանուհի ու մոդել Պամելա Անդերսոնի եւ հոլիվուդյան 74-ամյա կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսի՝ փլուզված երկուշաբաթյա ամուսնության մասին, հայտնում է PageSix-ը։

Պրոդյուսերն իրեն «հիմար ծերուկ» է անվանում. 52-ամյա ֆոտոմոդելը ամուսնացել է շահադիտական նպատակներով։ Ջոնը սիրելի համար մեծ գումար է ծախսել՝ վճարելով նրա պարտքերը եւ ամբողջությամբ փոխելով զգեստապարահանը։

«Երբ նա ինձ գրեց, որ ցանկանում է ամուսնանալ, կատարվեց իմ երազանքը, թեեւ ես նշանված էի այլ կնոջ հետ։ Ես ամեն ինչ թողեցի հանուն Պեմի։ Նա գրեթե 200 հազար դոլար պարտք ուներ, որը ոչ մի կերպ չէր կարողանում մարել։ Այդ պատճառով ես վճարեցի այն, եւ դրա համար նա ինձ այս կերպ «շնորհակալություն հայտնեց»։ Չկա ավելի մեծ հիմար, քան հիմար ծերուկը»,- նշել է պրոդյուսերը։

Ի դեպ, օրերս հայտնի է դարձել, որ Փիթերսը սիրելիին լքել է՝ հաղորդագրություն ուղարկելով։ «Դա սիրո հիանալի ու զարմանալի տոն էր։ Բայց այս ամուսնությունը… վախեցրել է ինձ։ Ես գիտակցել եմ, որ 74 տարեկանում ինձ պարզ, հանգիստ կյանք է հարկավոր եւ ոչ թե ինտերնացիոնալ սեր»,- գրել էր կինոպրոդյուսերը՝ նշելով՝ որքան ծանր է ամուսինների համար տարբեր երկրներում ապրել։



© NEWS.am STYLE