Մարտին Սկորսեզեն Rolex-ի նոր գովազդային արշավում պատմել է իր հայ մենթոր Հայկ Մանուկյանի մասին

14:59   11 փետրվարի, 2020

Rolex ժամացույցների շվեյցարական ապրանքանիշը նոր գովազդային արշավ է թողարկել, որը նվիրված է կինոռեժիսորներին եւ պատմություններ ներկայացնելուն։ Ապրանքանիշն այս տարի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության հովանավորներից մեկն է եղել, այդ պատճառով դրա գովազդային հոլովակները կարելի էր դիտել ուղիղ հեռարձակման ընթացքում։

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատմել է՝ ով է իր վրա ազդել մասգիտության ընտրության հարցում։ «Նրա անունը Հայկ Մանուկյան էր՝ Նյու Յորքի համալսարանի դասախոս։ Այդ տղամարդը մոտ մեկ ժամ այնպիսի կրքով ու էներգիայով էր խոսում կինոյի ու նրա մասին՝ ինչպես արտահայտվել վիզուալ կերպարների միջոցով ու պատմություններ ներկայացնել նկարներով, ինչպես նաեւ կինոյի պատմության զարգացման մասին։ Ես երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկն այդքան բուռն խոսեր եռանդուն քարոզչի նման։ Ինչ-որ իմաստով ես պաշտամունքի մաս դարձա ու ասացի. «Դա այն տեղն է, ուր ես ցանկանում եմ գնալ։ Ես ցանկանում եմ սովորել նրա մոտ»»,- պատմել է Սկորսեզեն։

Նրա խոսքով՝ Մանուկյանն իրեն մատուցել է մեծագույն նվերը։ Շատ ավելին, քան տեխնիկական գիտելիքները, քանի որ իրեն ոգեշնչել է ձեռք բերել սեփական գիտելիքներն ու հավատն իր նկատմամբ։



© NEWS.am STYLE