«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունն ԱՄՆ-ում հեռուստավարկանիշի նոր հակառեկորդ է սահմանել

18:08   12 փետրվարի, 2020

«Օսկար» կինոմրցանակաբաշխության հանձնման հեռուստատեսային հեռարձակումը գերազանցել է դիտումների քանակի հակառեկորդը. այս տարի այն դիտել է 23,6 մլն մարդ, ինչը 20 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Nielsen հետազոտական ընկերության տվյալները։

Դիտումների քանակը սկսել էր նվազել դեռ 2014թ.-ին, երբ լավագույն ֆիլմ էր ճանաչվել «Ստրկության 12 տարի» ժապավենը։ Այս միտումը շարունակվել է չորս տարի, մինչ 2019թ.-ին մրցանակբաշխության լսարանը մեծացավ՝ հասնելով 29,6 մլն մարդու։

Картинки по запросу

Փորձագետներն «Օսկար» մրցանակաբաշխության արարողության նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրության նվազման միանգամից մի քանի հնարավոր պատճառ են նշում։ Դրանցից մեկն ակադեմիայի կողմից հավակնորդների, ապա նաեւ դափնեկիրների ընտրությունն է, որոնք ծանոթ կամ մոտ չեն լայն հանրությանը։ 2018թ.-ին «Time» ամսագիրը հարցում է անկացրել եւ պարզել, որ պատասխանողների գրեթե երկու երրորդը լավագույն դեպքում դիտում են մրցանակի հավակնող ութից տաս ֆիլմերից երկուսը։

Երկու շաբաթ առաջ հակառեկորդ է սահմանել նաեւ «Գրեմմի»-ւ հեռուստատեսային հեռարձակումը, որը 12 տարիների ընթացքում ցույց է տվել վատագույն արդյունքը եւ կորցրել հանդիսատեսի 5 տոկոսը։



© NEWS.am STYLE