«Ուզում եմ լինել հայկական շոու բիզնեսում». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» փորձերի եւ ընտանիքի «բարի նախանձի» մասին (ֆոտո)

14:21   12 փետրվարի, 2020

«Բարեւ ձեզ», «Ո՞նց եք», «Լա՞վ», «Հպարտ եմ, որ հայ եմ», «շնորհակալություն». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն այսօր՝ փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես ցուցադրեց իր հայերենի իմացությունը: Երգչուհին Հայաստանում է «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելու նպատակով, որտեղ ներկայանալու է Chains on You երգով: Մինչ Աթենայի Հայաստան ժամանելը NEWS.am STYLE-ը հասցրել էր հարցազրույց ունենալ նրա հետ, եւ Աթենան նշել էր, որ թեեւ լավ չի տիրապետում հայերենին, այստեղ լինելու ընթացքում անպայման աշխատելու է լեզվի կատարելագործման շուրջ:

Ինչպես նախկինում, այսօր էլ Աթենան չցանկացավ շատ մանրամասներ բացահայտել իր մրցութային շոուի վերաբերյալ.

«Շոուն թող մնա անակնկալ. հուսով եմ՝ այն ձեզ, իսկապես, դուր կգա, քանի որ ջանք ու եռանդ չենք խնայել, որ այն շատ լավը լինի»:

Հունահայ երգչուհին Հունաստանում եւ Եվրոպայում արդեն հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների, այդ թվում՝ բրիտանական X Factor-ին: Նրա խոսքով՝ մրցութային փորձն իրեն կօգնի նաեւ «Եվրատեսիլի» բեմում:

«Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը կայանալու է փետրվարի 15-ին. հենց այդ ժամանակ էլ հայտարարվելու է հաղթողի անունը: Իսկ մինչ շոուն Աթենան շարունակում է փորձերը համատեղել հայրենիքը բացահայտելու հետ մեկտեղ:

«Շատ վայրերում եմ ցանմկանում լինել՝ Գեղարդում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, կենտրոնում, բայց հիմա դեռեւս զբաղված եմ եվրատեսիլյան փորձերով ու շատ բաներ կբացահայտեմ ավելի ուշ»,-ասում է նա՝ հավելելով, որ ընտանիքի անդամներն իրեն նախանձում են այս շրջանում.

«Նրանք երբեք չեն եղել այստեղ, բայց մեծ ցանկություն ունեն մի օր այցելելու Հայաստան»:

Ինչ վերաբերում է «Դեպի Եվրատեսիլ»-ից հետո իր ծրագրերին՝ երգչուհին նշում է.

«Մեծ ցանկություն ունեմ մնալու Հայաստանում՝ ստեղծագործել, երգեր գրել, ինչո՞ւ ոչ՝ նաեւ համագործակցել հայ երգիչների հետ: Կուզեի այստեղ աշխատել, լինել հայկական շոու բիզնեսում եւ երգել նաեւ հայերեն»:

Իսկ վերջում չմերժեց լրագրողների խնդրանքն ու ներկայացրեց իր մրցութային երգից փոքրիկ հատված:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE