Գրիգոր Կյոկչյանի եւ Սուսաննա Պետրոսյանի համերգը Bourbon St.-ում (ֆոտո)

22:26   2 օգոստոսի, 2013

Անցյալ շաբաթ գործունեությունը վերսկսեց Երեւանում հայտնի Bourbon St. փաբը: Ինչպես երեւում է՝ հաստատության ղեկավարությունը որոշել է կենդանի երաժշտության սիրահարներին հաճույք պատճառել որակյալ համերգներով: Դրա վկայությունն է օգոստոսի 1-ին հայկական վոկալ շոուների մասնակիցներ Գրիգոր Կյոկչյանի եւ Սուսաննա Պետրոսյանի համերգը: Երեկոյան Live-ն անցկացվեց Just Dance Project խմբի երաժիշտների ղեկավարությամբ: Համերգի ընթացքում հնչեցին հայտնի կատարողների երգեր:

Ընդմիջման ժամանակ NEWS.am STYLE-ի թղթակցին հաջողվեց Գրիգորին եւ Սուսաննային մի քանի հարց ուղղել:

Նախ ցանկանում եմ շնորհավորել ձեզ հիանալի ելույթի համար: Bourbon St.-ում ելույթ ունենալու գաղափարն ինչպե՞ս ծնվեց:

Գրիգոր եւ Սուսաննա - Մենք Just Dance Project բենդից ամեն շաբաթ կենդանի համերգով հանդես գալու հրավեր ստացանք: Գաղափարը մեզ դուր եկավ, առավել եւս, որ մեր երաժշտական ճաշակը համընկնում է, եւ մեզ դուր է գալիս միասին ելույթ ունենալ:

Ներկայում ինչո՞վ եք զբաղվում: Կոնկրետ նախագծեր կա՞ն, որոնց ուղղությամբ աշխատում եք:

Գրիգոր - Ես շարունակում եմ աշխատել Հայաստանի Երգի պետական թատրոնում: Հիմա աշխատում եմ նաեւ իմ առաջին երգի ուղղությամբ: Շուտով կներկայացնեմ նաեւ այդ երգի տեսահոլովակը: Իսկ թե ինչպես է այն կոչվում, թող գաղտնիք մնա… առայժմ:

Սուսաննա - Վերջերս ես իմ նոր երգի բառերն եմ գրել: Իհարկե, դեռեւս չեմ վերնագրել, բայց շուտով սկսելու եմ երգի ձայնագրությունը, եւ տեսահոլովակ նկարահանելու ծրագրեր կան:

Վոկալ ռեալիթի-շոուներն ամբողջ աշխարհում դիտումների ռեկորդ են սահմանում ինչպես հեռուստեսությամբ, այնպես էլ համացանցում: Սակայն շատ քիչ աստղեր են շոուից հետո հայտնի դառնում: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը:

Գրիգոր - Դժվարանում եմ պատասխանել: Բայց մեկ բան հստակ գիտեմ. այդպես է ամբողջ աշխարհում: Նույն Սայմոն Քոուելը շոուի մասնակիցների հետ կարճաժամկետ պայմանագրեր է կնքում, իսկ պայմանագրի ավարտից հետո երգիչները հաճախ «անհետանում են»: Չնայած ես ուրախ եմ, որ մինչեւ հիմա պրոդյուսերներից առաջարկներ եմ ստանում եւ հնարավորություն ունեմ զբաղվել սիրելի գործով:

Զրուցեց Գրիգոր Ավետիսյանը

Լուսանկարները՝ Շուշանիկ Հակոբյանի



© NEWS.am STYLE