Մայրիկներին հուզող թեմաներ, մասնագետների խորհուրդներ… նոր հարթակ հայկական Instagram-ում

16:41   13 փետրվարի, 2020

2020-թվականի սկզբից Ինստագրամում «Հայ բլոգեր մայրիկներ» անունով էջ ստեղծվեց, որի նպատակն էր մի հարթակում համախմբել խելացի, գրագետ, իրենց գիտելիքն ուրիշների հետ կիսելու ցանկություն ունեցող բլոգեր մայրիկների, պարզապես մայրիկների եւ մայրանալ պատրաստվող կանանց։

Հունվարի 20-ից մեկնարկեց այս խմբի առաջին նախաձեռնությունը՝ 10 օր շարունակ 10 բանիմաց բլոգեր մայրիկներ, որոնք հետեւորդների կայուն բանակ ունեն, օնլայն հեռարձակմամբ ներկայացրին մայրիկներին հուզող թեմաներ՝ կրծքով կերակրման առավելություններից, հավելյալ սննդին ճիշտ անցումից մինչեւ ֆիզարձակուրդ եւ ֆիզիկական ակտիվություն։

«Նախաձեռնության հենց սկզբից պարզ դարձավ, որ սա լինելու է հաջողված նախագիծ. այդ էին վկայում տասնյակ հարյուրավոր դիտումները, հարցերը բանախոսությունների ընթացքում և դրանցից հետո։ Այդ իսկ պատճառով որոշվեց, որ այս հարթակը պետք է ունենա շարունակական ծրագրեր։ Ուստի սույն թվականի փետրվարի 10-ին բլոգեր մայրիկները կազմակերպեցին բրանչ, որի ընթացքում քննարկեցին իրենց անցած ելույթներն ու արձագանքները, ներկայացվեցին նոր նախագծերը, եւ որոշվեց հետագա քայլերի ընթացքն ու ժամանակահատվածը։

Ըստ այս նախաձեռնության հիմնադրի՝ մոտ ժամանակահատվածում կլինեն հանդիպում- սեմինարներ մայրիկների հետ, որոնց ընթացքում մայրիկներն իրենց բալիկների հետ միասին կպատրաստեն համեղ, սննդարար եւ առողջ ուտեստներ, մեկ այլ հանդիպման ժամանակ նրանք կսովորեն ինքնուրույն պատրաստել զարգացնող խաղալիքներ։ Միեւնույն ժամանակ կվերսկսվեն օնլայն միացումները, որոնց ընթացքում հանդես կգան ոչ միայն բլոգեր մայրիկներ, այլեւ հոգեբաններ, լոգոպեդներ, մանկավարժներ եւ այլն։ Նաեւ շուտով էջը կհամալրվի հետաքրքիր հոդվածներով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ավելի գլոբալ նախագծեր կան, որոնք դեռ նախապատրաստական փուլում են,եւ դրանց մասին կհայտնեն ավելի ուշ։



© NEWS.am STYLE