Ամերիկահայ երգչուհի Սոնա Նալբանդյանը՝ ուսումը Երեւանում շարունակելու, հայերեն սահուն խոսելու եւ մարդկանց արձագանքի մասին

14:25   13 փետրվարի, 2020

Ամերիիկահայ երգչուհի Սոնա Նալբանդյանը, որը երաժշտասերների շրջանում հայտնի է դարձել Անդրեի հեղինակային Andrenaline նախագծի շնորհիվ, ուսումը շարունակելու նպատակով Լոս Անջելեսից տեղափոխվել է Երեւան: Սոնան այժմ սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ դասական վոկալ բաժնի առաջին կուրսում:

NEWS.am STYLE-ը ամերիկահայ գեղեցկուհու հետ զրուցել է Երեւանում սովորելու որոշման եւ հետագա ծրագրերի մասին:

Երգչուհին կոնսերվատորիայում ուսումը շարունակելու որոշումը կայացրել է ուսուցչուհու՝ Անուշ Գալստյանի խորհրդով.

«Մինչեւ որոշում կայացնելս, եկել էի կոնսերվատորիան ուսումնասիրելու եւ հասկացա, որ այն, ինչ այնտեղ էին առաջարկում, ոչ մի այլ կոնսերվատորիայում չէի գտնի: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ հայերը ոչ միայն կիրթ ազգ են, այլեւ այնքան խորը եւ թանկ պատմություն ունեն, որը զգացվում է մարդկանց կրթական մակարդակից: Որպես երաժիշտ՝ պետք է քո սեփական պատմությունն իմանաս, թե որտեղից ես եկել, որ հասկանաս՝ ուր ես ուզում գնալ»,-նշում է Սոնան, որն արդեն մոտ 6 ամիս է՝ Երեւանում է: Ասում է՝ դժվար չի եղել Լոս Անջելեսից հետո երեւանյան ռիթմին հարմարվելը:

«Ինձ վրա փոփոխությունն այնքան էլ չի ազդել, նունիսկ, կարող եմ ասել, որ ինձ օգնել է առաջ քայլել, որովհետեւ ժամանակը շատ թանկ բան է: Լոս Անջելեսում կյանքն ավելի արագ ռիթմ ունի, այնտեղ ապրելն ինձ սովորեցրել է՝ ինչպես դասավորել օրս՝ թե անձնականում, թե գործի մեջ, թե ուսման: Իսկ Հայաստանն ինձ սովորեցնում է գիտակցել, թե ինչն է, իսկապես, ինձ համար կարեւոր կյանքում եւ թույլ է տալիս, որ ներկա լինեմ հենց այդ պահին ու վայելեմ այն»:

Սոնան արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել Հայաստանում.


«Այստեղ հասցրել եմ հանդիպել շատ լավ եւ տաղանդավոր մարդկանց, բայց ավելի շատ շփվում եմ ընտանիքիս հետ»,-ասում է նա ու փաստում, որ այստեղ շատերն են զարմանում, երբ տեսնում են, որ ինքը սահուն կարողանում է խոսել հայերեն (Սոնայի հայրը հայ է, իսկ մայրը աֆրոամերիկուհի):

«Ինձ համար շատ զարմանալի է մարդկանց զարմանքը, մանավանդ այս դարում, երբ յուրաքանչյուրը երեւի երկու լեզվի սահուն տիրապետում է, եթե ոչ ավելի»:

Հարցին արդյոք Հայաստանում չի՞ ծրագրում մասնակցել տեղական մրցույթներին, Սոնան պատասխանում է.

«Եթե լինի լավ հնարավորություն, ես միշտ բաց կլինեմ ամեն ինչի համար»:

Բացի ուսումից՝ Սոնան զբվաղվում է նաեւ ընտանեկան բիզնեսով, սակայն այժմ երիտասարդ աղջկա կարեւորագույն նպատակը օպերային երգչուհու կարիերա ստեղծելն է, իսկ Հայաստանո՞ւմ է պատրաստվում շարունակել գործունեությունը, թե՞ Միացյալ Նահանգներում հարցին ի պատասպան նշեց.

«Այսօրվա դրությամբ ամեն ինչի պատրաստ եմ: Ես իմ հնարավորությունները թողնում եմ ապագային, ինչպես ստացվի, այնպես էլ կքայլեմ կյանքում. կապ չունի՝ ԱՄՆ-ում, Հայաստանում, թե աշխարհի այլ անկյունում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոնա Նալբանդյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE