Հրանտ Թոխատյանը՝ նոր թատրոնի ու թատերական դպրոցի, շենքի խնդիրների եւ դստեր հետ նոր ներկայացման մեջ խաղալու մասին

16:21   14 փետրվարի, 2020

«Կանազի» մշակույթի պալատում սեպտեմբերից կգործի ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի նոր թատերական դպրոցը, իսկ մյուս տարի՝ նաեւ թատրոնի մեծ դահլիճը: Թատրոնի եւ թատերական դպրոցի կառուցման ներկայիս աշխատանքների, շենքի խնդիրների եւ մշակութային նոր կառույցի նպատակների մասին դերասանը պատմել է այսօր՝ փետրվարի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ.

«Տարիներ շարունակ խոսվում էր «Կանազի» մշակույթի տան մասին, որտեղ էլ պետք է հիմնվի նոր թատրոնն ու դպրոցը: Թվում է՝ թատրոնները շատ են մեր հանապետությունում, չնայած՝ ես կարծում եմ՝ թատրոնը երբեք շատ չի լինում: Սկսած դեռ 70-ական թ-երից թատրոնն իր ասելիքն ունեցել է, ու դրա վառ ապացույցն այն ներկայացումներն են, որոնք մենք երկար տարիներ խաղացել ենք՝ «Խաթաբալադայից» մինչեւ «Մեա Կուլպա 2»: Այդ ոճը ե´ւ դուր է գալիս հանդիսատեսին, ե´ւ մենք դեռ ասելիք ունենք, իսկ նման ներկայացումների համար պետք է  պատրաստել նոր դերասաններ՝ ուրիշ մտածելակերպով, որովհետեւ դրանք այլ մոտեցում են պահանջում»,-ասում է դերասանը՝ չկիսելով այն տեսակետը, թե թատրոնը կոմերցիոն բնույթ է կրում.

«Ես այդ տերմինի հետ համաձայն չեմ, որովհետեւ թատրոնը թատրոն է: Հենց դրա համար միտք ծագեց ունենալ մեր բեմը, քանի որ վարձով շարունակելը բավական դժվար է մի քանի պատճառներով՝ նախ ներկայացումների քանակը միշտ լինում է  ավելի քիչ, քան կցանկանայինք, որ լիներ, երկրորդ՝ ներկայացման ինքնարժեքն է բավական բարձրանում, քանի որ մենք վարձով ենք վերցնում որեւիցե թատրոն, եւ երրորդ՝ մենք չենք ունենում ժամանակային այն կտրվածքը, որում կարող ենք ստեղծել մեր ներկայացումները»,-անկեղծացավ դերասանը՝ շարունակելով.

«Որոշեցինք ունենալ մեր շենքը: Կարողացանք քաղաքապետարանի հետ գալ ընդհանուր հայտարարի. «Կանազի» մշակույթի պալատը, որը կիսաքանդ վիճակում էր, ներդրումային ծրագրի դիմաց տրամադրվեց մեզ, եւ մենք ներկայացրինք մեր ծրագիրը, որը 3 միլիոն դոլար պետք է կազմեր, բայց աշխատանքները սկսվելուց պարզվեց՝ շենքը բավական վատ վիճակում է, տանիքի հետ կապված խնդիրներ կային, բնականաբար գումարն ավելացավ՝ հասնելով մինչեւ 3,5 մլն դոլարի: Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, բայց  շենքի հետ կապված խոչընդոտների թեմայով նամակ գրեցինք, եղան հանդիպումներ ու կարծում եմ՝ կգանք վերջնական հայտարարի:»:

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ դպրոցում կկարողանան կրթվել, ինչպես դերասանական արվեստով, այնպես էլ թատրոնի տեխնիկական աշխատանքներով հետաքրքրված ուսանողները:

«Դերասանական արվեստը բացի տաղանդից նաեւ ինտելեկտն է, եւ մենք ցանկանում ենք, որ մեզ մոտ սովորեն բազմաշերտ գիտելիքներ ունեցող սաներ»,-ասում է դերասանը, որն այս շրջանում զբաղված է նաեւ նոր ներկայացումների աշխատանքներով:

«Սեպտեմբերից իմ նկարահանումների պատճառով չենք խաղացել մեր ներկայացումները, հիմա վերսկում ենք «Մեա Կուլպա 2»-ը: Նաեւ պատրաստում ենք միանգամից երեք ներկայացում: Առաջինը կլինի մանկական ներկայացում. ճիշտ է՝ դեռ բեմը լիարժեք վիճակում չէ, բայց կարող ենք թույլ տալ սկսել որոշ բեմադրություններ: Երկրորդ ներկայացման շրջանակում բեմ կբարձրանամ դստերս՝ Լիլիթի հետ, իսկ երրորդը կլինի մեր՝ արդեն սիրված ներկայացումների շարքին համահունչ նոր ներկայացում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE