Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովները «Եվրատեսիլ»-ում ցանկանում են պատմել հայաստանյան հեղափոխության մասին

21:26   15 փետրվարի, 2020

Ռուսական «Ձայնը» նախագծից հայտնի հայր եւ որդի Նիկոլայ եւ Սերգեյ Հարությունովները եւս այս տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ֆինալիստներից են: Մի քանի ժամ անց պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում». մինչ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերի մեկնարկը NEWS.am STYLE-ը հասցրել է զրուցել Սերգեյ Հարությունովի հետ՝ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու որոշման եւ Ha, Take a Step երգի մասին, որով էլ հայր եւ որդի փորձելու են պայքարել Ռոտերդամում կայանալիք մրցույթի ուղեգրի համար:

Սերգեյ, շատերը զարմացան այս տարվա «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցների մեջ տեսնելով նաեւ Ձեր եւ Ձեր հայրիկի՝ Նիկոլայ Հարությունովի անունները: Վաղո՞ւց ունեիք մտադրություն մասնակցելու «Եվրատեսիլին»:

Ինձ եւ հայրիկիս մոտ «Դեպի Եվրատեսիլին» մասնակցելու ցանկությունն առաջացավ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո: Հասկացանք, որ մեր հայրենիքը մեզ ավելի մոտ է դարձել եւ պետք է մասնակցենք այստեղ տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններին եւ միջոցառումներին: Մենք մեր աջակցությունը կարող ենք հայտնել երգի տեսքով, դրա համար էլ գրեցինք մի երգ, որը նվիրված է հայ ազգին, որը մեկ ու կես տարի առաջ արեց այդ քայլն ու շարունակում է անել: Երգը կոչվում է Ha, Take a Step՝ քայլ արա:

Երգը հատուկ «Դեպի Եվրատեսիլի» համա՞ր է գրվել:

Երգը գրվել է հատուկ մրցույթի համար, հայրիկս երաժշտությունն է գրել, ես՝ տեքստը, ու փորձել եմ այն հարմարեցնել եվրատեսիլյան ֆորմատին: «Եվրատեսիլն», ինչպես գիտեք, իր ձեւաչափն ունի, ու կարծում եմ՝ մրցույթին մասնակցող երգիչը պետք է հարմարվի այդ ձեւաչափին: Կարեն Կավալերյանը, որը եվրատեսիլյան շատ երգերի հեղինակ է, հայրիկիս երկար տարիների մտերիմ ընկերն է, եւ նրա խորհուրդները մեզ եւս շատ են օգնել: Մեզ համար շատ կարեւոր է լինել ֆորմատի մեջ, քանի որ եթե մենք մասնակցենք մրցույթին, պետք է այնպես անենք, որ շատ լավ ներկայանանք ու հայտնվենք լավագույն եռյակում, եւ ինչո՞ւ ոչ՝ հաղթենք ու «Եվրատեսիլը» մյուս տարի բերենք Հայաստան:

Եթե չեմ սխալվում, հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ստեղծագործական առումով հաճախ եք տարաձայնություններ ունենում հայրիկի հետ: Հիմա՝ մասնակցության շրջանում, այդ տարաձայնությունները հարթվե՞լ են:

(Ծիծաղում է): Այո, այդ տարաձայնությունները տեղի էին ունենում այն ժամանակ, երբ դեռ փոքր էի, ու լավ չէի երգում: Հայրիկիս երգելս դուր չէր գալիս, եւ ինչպես իսկական լավ հայրիկ՝ նա ինձ ասում էր, որ պետք չէ շարունակեմ երգել, որովհետեւ ինձ մոտ չի ստացվում: Ես դրա համար նրան շնորհակալ եմ: Ես շատ էի ցանկանում երգել այնպես, ինչպես ինքը, ու եկավ ժամանակ, երբ ինձ ինչ-որ չափով դա հաջողվեց (ժպտում է): Երբ արդեն ձայնս ավելի կայուն դարձավ, հայրս ասաց՝ «Վերջ, այ հիմա կարող ես երգել»: Ինձ համար դա շատ կարեւոր էր, ու ես հիմա շատ ուրախ եմ, որ կարող եմ իր հետ լինել միեւնույն բեմում: Կարծում եմ՝ հրաշալի է, որ «Դեպի Եվրատեսիլի» բեմում հայր եւ որդի միասին ենք ելույթ ունենալու: Միմյանց աջակցում ենք եւ էլ ոչ մի տարաձայնություն չունենք (ծիծաղում է):

Ո՞րն է լինելու ձեր հաղորդագրությունը Եվրոպային:

Մեր հաղորդագրությունն է՝ քայլ արա Եվրոպա: Ամբողջ Եվրոպան պետք է իմանա, որ Հայաստանում հրաշալի իրադարձություններ են տեղի ունենում, որ մարդիկ առանց արյունահեղությունների արել են իրենց ընտրությունը: Աշխարհում հաճախ այդպես չի լինում…

Իսկ մյուս մասնակիցների երգերը լսե՞լ եք: Ո՞ւմ եք համարում լուրջ մրցակից:

Արդեն շատ լավ ծանոթ ենք մյուս մասնակիցների հետ, հրաշալի եւ պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնք ներկայացնում են լավ երգեր: Նրանց հետ աշխատելը հաճելի է: Կարծում եմ՝ ֆավորիտը պետք է լինի այն մասնակիցը, որը մրցույթի ժամանակ իր հայրենիքի մասին մաքսիմալ շատ բան կարող է պատմել: Թող հենց նման մասնակից հաղթի ու այդպես էլ անի՝ պատմի, թե ինչ հզոր երկիր է մեր Հայաստանը:

Քիչ ժամանակ է մնացել: Փորձերն ինչպե՞ս են անցնում:

Շատ հագեցած, ինչը հաճելի է, թիմը շատ պրոֆեսիոնալ է, բայց ցավոք՝ եղավ նաեւ մի դժբախտ պատահար: Մի քանի օր առաջ փորձերի ժամանակ հայրիկս անհաջող վայր է ընկել, որից հետո ստիպված էի առանց նրա փորձեր անել: Իսկ դա շատ դժվար է, քանի որ երգը միասին ենք երգում ու ներկայացնում՝ որպես հայր եւ որդի, եւ մեր էներգետիկան հենց դրանում է: Բայց հուսով եմ՝ մինչեւ ուղիղ եթեր կլավանա, եւ միասին ելույթ կունենանք, ամեն դեպքում՝ դա դեռ հարցական է:

Իսկ ելույթի հետ կապված անակնկալներ լինելո՞ւ են:

Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մեզ համար շատ կարեւոր է երգի տեքստը, հաղորդագրությունը: Բեմում էկրանի վրա կցուցադրվի նաեւ մեր ասելիքը, մեր մեջքի ետեւում իսկական հայիրենասիրություն կլինի լեդերին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սերգեյ Հարությունովի Instagram-ի էջից, Voice1tv-ի Twitter-ից



© NEWS.am STYLE