«Ինձ դավաճանել էին այնպիսի մարդիկ, որոնց վստահում էի». Հասմիկ Շիրոյանը՝ Էմոցիոնալ շոկի եւ ԱՄՆ-ում նոր կյանք սկսելու մասին (ֆոտո)

14:25   17 փետրվարի, 2020

Երգչուհի Հասմիկ Շիրոյանը, որը հայ հանդիսատեսին հայտնի է ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերին մասնակցությունից, տեւական ժամանակ է՝ բնակվում է Լոս Անջելեսում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ուկրաինաբնակ երգչուհին խոստովանել է, որ ԱՄՆ տեղափոխվել է էմոցիոնալ ընկճված վիճակում, սակայն այնտեղ վերագտել է իրեն երաժշտության մեջ եւ արդեն հասցրել գրանցել համագործակցություններ այնպիսի հեղինակների եւ պրոդյուսերների հետ, որոնք հայտնի են Քրիստինա Ագիլերայի եւ Քրիս Բրաունի հետ իրենց աշխատանքներով: Իր «նոր կյանքի» մանրամասները Հասմիկը բացահայտել է մեր նոր հարցազրույցում:

Հասմիկ, ինստագրամյան հրապարակումներիցդ պարզ է դառնում, որ տեւական ժամանակ է՝ ԱՄՆ-ում ես. ինչո՞վ ես այդտեղ զբաղված:

Ինձ դուր է գալիս այստեղի մթնոլորտը, ազատությունն ինձ ոգեշնչում է եւ կարծես՝ ավելի եմ բացվել այստեղ բնակվելուս ժամանակահատվածում: Այստեղ հիմնականում երաժշտությամբ եմ զբաղվում, արդեն 3-րդ սինգլս եմ թողարկում ԱՄՆ-ում, այն կոչվում է Yes: Երգն ինձ համար շատ յուրահատուկ է: Այն տեսահոլովակով ներկայացրել եմ փետրվարի 14-ին՝ սիրահարների օրը: Չնայած վաղուց եմ երաժշտական ոլորտում՝ սա իմ առաջին տեսահոլովակն է: Իսկ երգը շատ բան է պատմում իմ անձնականի մասին, իմ ապրումների ե ներկայիս հարաբերությունների մասին: Այն հեղինակել ենք ես, երգչուհի եւ երգահան Կուպեր Ֆիլիպը եւ Քրիստա Յանգսը, որը աշխատել է նաեւ Քրիստինա Ագիլերայի, կորեական BTS խմբի եւ շատ այլ արտիստների հետ: Համագործակցել եմ նաեւ երաժշտական պրոդյուսեր PK-ի հետ, որն արել է Քրիս Բրաունի Fine China երգի պրոդյուսինգը: Տեսահոլովակը նկարահանել են շատ տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ օպերատորներ եւ լուսանկարիչներ: Ուրախ եմ, որ կարող եմ երկրպագուներիս ներկայանալ նոր տեսակով, ցույց տալ ինձ այլ կողմով՝ ավելի մտերմիկ տեսանկյունից:

Նշեցիր հայտնի պրոդյուսերների եւ հեղինակների հետ համագործակցությունների մասին. առհասարակ, ԱՄՆ-ն շա՞տ հնարավորություններ է բացել քո առաջ:

Օ, այո: Այստեղ ամեն քայլափոխին կողքովդ մի որեւէ հայտնի պրոդյուսեր կամ արտիստ է անցնում: Եվ, այո, այս երկրում ամեն ինչ հնարավոր է. մի օր կարող ես, ուղղակի, հայտնի արթնանալ: Դե, բնական է՝ մինչեւ այդ «մեկ օրը» մեծ աշխատանք պետք է տանես՝ ավելի շատ, քան այլ երկներում: Բայց ինձ մոտ դա միայն ազարտ է արթնացնում: Այստեղ այն երաժշտությունն է, որը ես սիրում եմ, ես այս երկիրը ոչ միայն լայն հնարավորությունների համար եմ սիրում, այլեւ ազատության եւ այն բանի համար, որ ինձ իմ ափսեում եմ զգում:

«Դեպի Եվրատեսիլ»-ից հետո, կարծես, այլ մրցույթների չես մասնակցել: Այլեւս ցանկություն չունե՞ս ուժերդ փորձել միջազգային հարթակներում:

Այո, ճիշտ է՝ նախագծից հետո այլ մրցույթների չեմ մասնակցել: Պատճառն այն է, որ մի պահ եկավ, որ հասկացա՝ շատ-շատ էներգիա եմ ծախսում մրցույթներում: Իսկ արվեստի էությունը ինչ-որ մեկին ինչ-որ բաներ ապացուցելու մեջ չէ, հատկապես՝ «Եվրատեսիլ»-ում: Այն գեղեցիկ շոու է, բայց հեռու է արվեստից ու ազատությունից: Ինձ մինչ օրս երկրպագուներս հարցնում են, թե ինչու ուժերս չեմ փորձում երրորդ անգամ: Պատասխանը շատ պարզ է՝ սկսել եմ ստեղծագործել, ու ուզում եմ, որ արվեստն ինձ տանի դեպի հեռուստատեսություն, ոչ թե հակառակը:

ԱՄՆ-ում մշտական բնակությա՞ն ես մեկնել, թե՞ վերադառնալու ես Կիեւ:

Դեռեւս ամբոջովին ընկղմված եմ երաժշտության մեջ, իսկ Լոս Անջելեսն ինձ ոգեշնչում է: Այնպես որ՝ մոտ ապագայում դեռ այստեղ կլինեմ:

Էլ ինչո՞վ ես զբաղվում հիմա, բացի երգարվետից:

Այնպես ստացվեց, որ երբ ծանոթացա 838 Media Group-ի իմ թիմակիցների հետ, նրանք միանգամից ինձ հրավիրեցին մասնակցելու դիզայներներից մեկի նկարահանումներին, որից հետո իմ լուսանկարը երկու անգամ հայտնվեց Sanctuary Fashion Magazine ամսագրի էջերում: Նկարահանվել եմ նաեւ Ellegant Magazine-ի համար, շուտով այլ ամսագրի հետ էլ պետք է աշխատեմ: Ինձ հրավիրեցին մասնակցելու Sanctuary Fashion Week-ին, որտեղ ես առաջին անգամ քայլեցի պոդիումի վրա: Հիմա մոդելինգը եւս տեղ ունի իմ կյանքում: Իսկ ազատ ժամանակ սիրում եմ սպորտով զբաղվել, ճանապարհորդել, այցելել համերգներ եւ փառատոններ:

Դժվարությունների հանդիպե՞լ ես այդտեղ:

Իհարկե, էլ ո՞ւր առանց դժվարությունների: Դրանք մեզ ամբողջ կյանքում ուղեկցում են, որտեղ էլ, որ լինենք: Հենց այդպես ես սովորում պարել անձրեւի տակ… Ինձ հեշտությամբ չեն տրվել այն երգերն ու տեսահոլովակը, որոնք թողարկել եմ ԱՄՆ-ում: Սկզբում այնպիսի տպավորություն էր, ասես կյանքս 0-ից պետք է սկսեմ, չնայած՝ երեւի հենց դա էլ ուզում էի… Երբ այստեղ եկա, շատ նեղսրտած էի՝ էմոցիոնալ շոկ էի ապրել, ինձ դավաճանել էին այնպիսի մարդիկ, որոնց ես վստահում էի, ընկերական եւ անձնական հարաբերություններում էլ կային խնդիրներ, իսկ ես շատ քիչ եմ կիսվում… Հիմա այս ստեղծագործական միջավայրն ու երաժշտությունը, որոնք կան Լոս Անջելեսում, ինձ բուժում են, եւ դրանց միջոցով ես աշխարհին պատմում եմ իմ զգացմունքների մասին:

Վերջին շրջանում բավական տպավորիչ եւ համարձակ ֆոտոշարքերում ես հանդես գալիս, որոնցից հատկապես կառանձնացնեմ այն մեկը, որում վայրի գեղեցկուհու կերպարում ես: Ու՞մ մտահաղացմամբ եք իրագործել այդ նախագիծը:

Ահ, դա իսկապես շատ հետաքրքիր ֆոտոնախագիծ էր: Այդ լուսանկարում ես կրում եմ պալմայի չորացած փայտե կաշի, պարաններ եւ նմանատիպ այլ աքսեսուարներ, որոնք երեւի կրում էին քարանձավներում ապրող մարդիկ: Խավիեր Ալթոնը, որը շատ տաղանդավոր դիզայներ է, որոշեց նմանատիպ փորձարկում իրականացնել ընկերուհուս եւ ինձ հետ: Շատ հետաքրքիր անցավ, այ դա արվեստը է (ժպտում է):

Հասմիկ, Երեւան գալու մտադրություն ունե՞ս:

Այո, պաշտում եմ Երեւանը եւ արդեն հասցրել եմ կարոտել հարազատներիս եւ ընկերներիս: Շուտով անպայման կգամ:

Իսկ այստեղի շոու-բիզնեսի համար նորություններ լինելո՞ւ են:

Կարծում եմ՝ հայկական շոու-բիզնեսի մեջ մտնում են աշխարհի բոլոր հայերը: Ուր էլ, որ լինեմ, միեւնույն է կկազմեմ հայկական շոու-բիզնեսի մի մասնիկը: Այդ է պատճառը, որ շատ եմ սիրում իմ երկրպագուներին, որոնք ուկրաինական The Voice-ից մինչեւ «Դեպի Եվրատեսիլ» միշտ հետեւում եւ աջակցում էին ինձ: Նրանք լավագույնն են (ժպտում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Շիրոյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE