Ոգեշնչումս մարդիկ են, տարերքս՝ ստեղծագործելը. Արթուր-Հարութ Քիլեջյան

13:39   18 փետրվարի, 2020

Նոր մասնագիտություն, նոր մարտահրավերներ, շրջադարձային և կարևոր որոշումներ, որոնք դառնում են ճակատագրական ու լուրջ փոփոխություններ բերում: Հայրենիք վերադառնալու, երազանքն իրականություն դարձնելու բեկումնային կետն այստեղ գտնելու, իր ոգեշնչման և  հաջողության  գաղտնիքի մասին պատմում է Kilejian's Beauty Lounge-ի հիմնադիր, «գեղեցկության ինժեներ» Արթուր-Հարութ Քիլեջյանը:  

Առաջին անգամ, երբ մկրատ վերցրի ձեռքս, 3 տարեկան էի

Մանկական առաջին հիշողությունս սա է, ու մանկության տարիների հետ կապված որևէ այլ դեպք այսչափ չի տպավորվել: Առաջին «հաճախորդս» մեր հարևանն էր, իհարկե, իր ցանկությամբ չէր նստել աթոռին (ծիծաղում է-խմբ): Այն ինչ ստացվեց վերջում, դժվար է ասել, որ լավ էր, բայց այդ պահին զգում էի, որ դա իմ տարերքն է: Զգում էի, որ ամբողջ կյանքում հենց դրանով եմ ուզում զբաղվել:

Մեծամտել չեմ սիրում, բայց իմ մեջ եղած տաղանդը վաղուց եմ զգացել: Սակայն ստիպված էի այն խեղդել, երբեք չբարձրաձայնել դրա մասին, մինչև ինձ համար շրջադարձային 27 տարեկանը:  Ճիշտ ժամանակին կայացրած ճիշտ որոշումը փոխեց կյանքիս ընթացքը: Դպրոց, հետո համալսարան, «հաջողված» աշխատանք իմ երազածից ծայրահեղ տարբերվող մասնագիտությամբ և կարիերա ստեղծելու ճանապարհին ամենաորոշիչ քայլն արեցի՝ հրաժարվեցի այդ ամենից: Այն, ինչ կատարվում է մեզ հետ, մեր որոշումների արդյունքն է:

Իսկ մինչ այդ վարսահարդար դառնալու մասին խոսելն արգելված թեմա էր

Միայն մայրս գիտեր, թե իրականում ինչով եմ ուզում զբաղվել: Երբ մի անգամ ասացի, որ շատ եմ ուզում վարսահարդարում սովորել, խնդրեց, որ մոռանամ և այլևս ոչ մի անգամ ու ոչ մի տեղ չբարձրաձայնեմ այդ մասին. վարսավիրությունը Հալեպի հասարակությունում անհարկի գործ և մասնագիտություն էր համարվում: Դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ զբաղվող տղամա՞րդ: Մեր հասարակությունում՝ կտրականապես ո՜չ:

Այնուամենայնիվ սովորել պետք էր

Ես ընդամենը 17 տարեկան էի, դպրոցն էի ավարտում: Այդ  տարիքում պետք է չափազանց ինքնուրույն լինես, որ թողնես ամեն բան, հեռանաս ընտանիքից և սկսես զբաղվել նրանով, ինչով դու ինքդ ես  ուզում: Դպրոցում գերազանց արդյունքներ ունեի, ինչը թույլ էր տալիս ցանկացած բարձրագույն հաստատությունում շարունակել ուսումս: Հորս օգնելու և ընտանեկան գործը շարունակելու համար ընտրեցի ինժեների մասնագիտությունը: Գերազանցությամբ սովորել և ավարտել եմ Հալեպի պետական համալսարանը: Շատ սիրեցի ինժեներիան, բայց իմ երազած գործով զբաղվելու կիրքը չէր մարել: Հաճախ, երբ մայրս գնում էր որևէ սրահ, և հետ վերադառնում ինչ-որ տարօրինակ սանրվածքով, սկսում էի իմ պատկերացմամբ ձևափոխել:

Համալսարանն ավարտելուց հետո երեք տարի աշխատեցի հորս գործարանում: Ինժեների մասնագիտությունը շատ եմ սիրել և սիրում, այն ևս ստեղծագործելու հնարավորություն էր տալիս:

Հետո սկսվեց պատերազմ՝ շատ բարդ շրջան հատկապես Սիրիայի համար: Պայմանների բացակայության պատճառով բազմաթիվ գործարաններ, այդ թվում և մերը,  փակվեցին:

Հայրենադարձությունից հետո փոխվեց ամեն ինչ

2015 թվականին կնոջս հետ վերադարձա հայրենիք: Հայաստան վերադառնալուց հետո որպես ինժեներ աշխատեցի ընդամենը մեկ ամիս: Հենց այդ մեկ ամսվա ընթացքում արդեն հասունացել էր վարսահարդար դառնալու որոշումս: Իմ վաղեմի երազանքի մասին անգամ կինս չգիտեր: Վախենում էի ասել, չգիտեի՝ ինչպես կարձագանքի: Ի զարմանս ինձ առաջին և ամենամեծ ոգևորումը հենց նրանից ստացա. հորդորեց անմիջապես սկսել սովորելը:

Բայց ես դեռ չգիտեի, թե ինչից պետք է սկսել

Նոր էինք վերադարձել Հայաստան, ոչ մի նման վայր չգիտեի, պատկերացում անգամ չունեի, թե որտեղ կարելի է դիմել: Համացանցում փնտրեցի և գտա վարսահարդարման ակադեմիա:  Ուսուցիչս  պետք է հանգստի մեկներ, իսկ ես 15 օր շարունակ անգործ մնալ չէի կարող: Մտքերով քայլում էի, ճանապարհիս Schwarzkopf-ի գրասենյակն էր. աշխատանք գտնելու ակնկալիքով ներս մտա: Հասկանալու համար իմ փորձն ու կարողությունները առաջադրանք տվեցին, արդյունքում տպավորվեցին և զարմացան, երբ իմացան, որ փորձ չունեմ: Անգամ խորհուրդ տվեցին ոչ ոքի չասել, որ նոր եմ սովորում, որովհետև հմտություններս ու կարողություններս թույլ են տալիս վստահորեն աշխատել ցանկացած գեղեցկության սրահում: Հենց իրենք էլ ուղղորդեցին «Իմիջ կոդ»:

Հաջողությանս բանալին «Իմիջ կոդ»-ում էր

Անգնահատելի ձեռքբերում էր միանգամից վստահության արժանանալը. քաղաքի լավագույն գեղեցկության սրահներից մեկն է, իսկ ես՝ սկսնակ վարսահարդար, ով 27 տարեկանում որոշել է միանգամայն նոր մասնագիտություն ձեռք բերել: Առաջին աշխատանքային օրս բավականին հագեցած էր, տնօրինությունն ու կոլեգաներս՝ տպավորված. ոգևորիչ էր: Այստեղ անցկացրած բուռն ու հագեցած 4 տարիների աշխատանքի շնորհիվ հասել եմ այն ամենին, ինչ հիմա ունեմ:

Սեփական սրահ ունենալը  երազանքիս ամբողջացումն էր

Մասնագիտության մասին երազել եմ, բայց  beauty lounge ունենալու մասին չեմ էլ մտածել: Բոլորն ասում էին, որ սեփական գործ հիմնելու ժամանակն է: Կոլեգաներս շատ էին ոգևորում, ասում էին, որ կողքիս են, ընտանիքս ևս արդեն «իմ կողմից էր»: Ծնողներս եկան Հայաստան, և տեսան, որ այստեղ ամեն բան այլ է, և հիմա հայրս հպարտանում է, որ կարողացել եմ ինքնուրույն հասնել այս ամենին: Պարզապես ուզում էի հաճելի միջավայր ստեղծել ու ստեղծագործել։

Իսկ բոլոր նրանք, ովքեր այցելում են Kilejian's, «լիցքավորում են» իրենց գեղեցկությունը և բարձր տրամադրությամբ շարունակում օրը:

Նպատակը` կանանց անհատականությունն ընդգծելն է, նրանց հոգատարությամբ ու գեղեցիկով շրջապատելը:

Միջավայրը` Beauty Lounge. Լավ երաժշտություն, շամպայն, գինի, կոկտեյլներ, սուրճ, պոզիտիվ ու հետաքրքիր զրույցներ, անհատական մոտեցումն ու պրոֆեսիոնալ նյութերով աշխատանքը մեզ համար առաջնային են:

Ամեն ինչ սկսվում է սիրուց

Սեր, կիրք, տարերք. սրանք են շարժիչ ուժը, ոչ թե մեխանիկական աշխատանքը: Ես ծնվել և մեծացել եմ այդ կիրքն իմ մեջ: Շատ եմ սիրում աշխատանքս, քանի որ այն գեղեցկացնում է մարդկանց, օգնում է հայելուն նայելիս տեսնել ընդգծված անհատականություն՝ էներգետիկա, ժպիտ ու հայացք: Իմ կարծիքով  գեղեցկությունն իրականում ինքնավստահության մեջ է:

Սիրում եմ Հայաստանը. այստեղ երկրորդ կյանք ստացա

Մինչ այստեղ գալը, գաղափար չունեի, թե ինչ երկիր է, ինչ բարքերով, ինչպիսի մարդկանցով: Փոքրուց գիտեինք միայն, որ Հայաստանում տնտեսական վատ վիճակ է, ապրել հնարավոր չէ, այդպես էին պատմում տատիկն ու պապիկը, ովքեր վերջին անգամ այստեղ եղել էին 90-ականներին: Բայց այստեղ հասկացա, թե ինչ է նշանակում ապրել սեփական հայրենիքում, ինչ է նշանակում օտար չլինել: Ես դուրս եմ գալիս պարզապես քայլելու և ինձ տանն եմ զգում, իսկ տունս աշխարհն է, Երևանը՝ իմ աշխարհի կենտրոնը:

Ուրիշ են մարդիկ, հատկապես երիտասարդությունը: Նրանք գիտեն, ինչպես սովորել, ինչպես ապրել, էներգիայով լի են, պոզիտիվ և ուրախ: Իմ ընկերներից շատերը, Սիրիայից գալուց հետո մեկնեցին արտասահման, և, եթե ես էլ տրվեի կարծրատիպերին, և մտածեի, որ այստեղ հաջողել հնարավոր չէ, հիմա գուցե, իրոք, հաջողած չլինեի:

Սիրիայում պատերազմ տեսնելուց հետո, Հայաստանում վերածնվեցի, երկրորդ կյանք ստացա, հասկացա՝ ինչ եմ ուզում իրականում, վերագտա խաղաղությունը կյանքում և իմ մեջ:

Երազանքներիս իրականացման երկիրը հենց Հայատանն է

Մարդկանց կերպարների հետ աշխատելու, նրանց գեղեցկությունն ընդգծելու և անընդհատ  ստեղծագործելու ցանկությունս երազանք էր՝ անհաս թվացող, ինձնից անընդհատ հեռացող: Բայց երազանքերն, իրոք, կատարվում են: Մարդիկ են իմ ոգեշնչումը, իսկ առանց ոգեշնչման չեմ պատկերացնում ստեղծագործական ոչ մի աշխատանք:



© NEWS.am STYLE