««Եվրատեսիլ»-ի երկրպագուները սիրում են ինքնավստահ կանանց. Աթենան նրանց կգրավի». Wiwibloggs-ի հայտնի բլոգերի կարծիքը

15:05   18 փետրվարի, 2020

«Դեպի Եվրատեսիլ»-ն օրեր առաջ ավարտվեց՝ ազդարարելով «Եվրատեսիլ 2020»-ի հայ պատվիրակի անունը, սակայն շոուի եւ հաղթողի շուրջ քննարկումները մի քանի օր է, ինչ շարունակվում են: Ոմանց Աթենան հիացրել է թե երգով, թե արտաքին տվյալներով, ոմանք էլ շարունակում են սատարել իրենց նախընտրած մասնակիցներին:

Մինչ քննարկումները շարունակվում են՝ NEWS.am STYLE-ը զրուցել է եվրատեսիլյան ամենաճանաչված գիտակի՝ Wiwibloggs-ից հայտնի բլոգեր Ուիլյամ Լի Ադամսի հետ, որը երկար տարիներ է՝ «Եվրատեսիլ»-ի կիզակետում է եւ հասցրել է հասկանալ եւ կանխատեսել մրցույթի հաղթողներից շատերին:

Ուիլյամի հետ զրուցել ենք Հայաստանի ընտրության եւ մեր պատվիրակ Աթենա Մանուկյանի հնարավորությունների մասին:

Բլոգերը խոստովանեց, որ երբ իմացել է, որ հունահայ հայտնի երգչուհին մասնակցելու է հայաստանյան նախընտրական փուլին, անհամբեր սպասել է նրա ելույթին:

«Առաջին անգամ 2015 թ-ին եմ լսել Աթենայի XO սինգլը, եւ միանգամից սիրահարվել եմ: Այդ տարի, երբ առաջին անգամ հանդիպեցինք, նա ինձ պատմեց, թե որքան է հպարտանում իր հայկական արմատներով եւ որքան է սիրում Երեւանը: Նա արդեն փոփ արքայադուստր է, իսկ «Եվրատեսիլ»-ը, կարծում եմ, նրան կդարձնի փոփ թագուհի: Ես նրա աճը նկատեցի, երբ նա մասնակցեց բրիտանական X Factor-ին, բայց «Դեպի Եվրատեսիլ»-ում, նույնիսկ, ավելի մեծ փոփոխություն զգացի»,-ասում է բրիտանացի բլոգերը՝ հավելելով, որ երբ լսել է մասնակիցների ելույթները, արդեն պարզ է դարձել, որ Chains On You-ն լավագույն շանսերն ունի «Եվրատեսիլ»-ի համար.

«Ես հավանել էի երգը, բայց համոզված չէի, թե ինչպես հայ հանդիսատեսը կարձգանքեր դրան: Դատելով Wiwibloggs-ի YouTube-ի ալիքի եւ Instagram-ի մեկնաբանություններից՝ թվում էր, թե Աթենային ամենամոտ մրցակիցը կլիներ TOKIONINE-ը: Իսկ արդեն շոուի ժամանակ Աթենայի ինքնավստահությունն ու ելույթը համոզեցին ինձ, որ հենց նա է լինելու հաղթողը: Կարծում եմ՝ TOKIONINE-ն ուներ հետաքրքիր բեմադրություն, բայց ինձ մոտ հենց Աթենայի կրկներգը հեշտությամբ հիշվեց: Նրա երգը պարզապես երաժշտություն չէ, այն ունի զգացմունք եւ հատուկ միջավայր»:

Շատերն արդեն հասցրել են նկատել, որ Հայաստանն այս տարի յուրահատուկ երգ է ընտրել «Եվրատեսիլ»-ում ներկայանալու համար, որը նման չէ մինչ այդ մրցույթում հնչած երգերին: Ուիլյամը եւս համամիտ է այս մեկնաբանություններին:

«Միանշանակ կարող եմ ասել, որ նմանատիպ երգ չի լինելու այս տարվա «Եվրատեսիլ»-ին: Հիփ-հոփը մի փոքր ռիսկային ժանր է, եւ այն առավել հատուկ է Միացյալ Նահանգներին, քան Եվրոպային: Բայց եթե դիտարկենք համաշխարհային հիթ շքերթները՝ կտեսնենք, որ հիփ-հոփ կատարողները, ինչպիսիք են Megan Thee Stallion-ը եւ Cardi B-ն, գրեթե միշտ ամենաբարձր հորիզոնականներն են զբաղեցնում: Կարծում եմ՝ Աթենան «Եվրատեսիլ» է բերում գլոբալ մի թրենդ, որը շուտով ավելի լայն տարածում կստանա Եվրոպայում: Միգուցե, նա ճիշտ ժամանակին է սա անում»,-ասում է նա:

Բլոգերի հետ խոսեցինք նաեւ Աթենայի ելույթից եւ ընտրած հագուստից: Ինչպիսի՞ն է նա սպասում տեսնել Հայաստանի ներկայացուցչին արդեն եվրատեսիլյան բեմում:

«Իվետա Մուկուչյանն արպացուցեց, որ հայուհիները միեւնույն ժամանակ ե´ւ սեքսուալ են, ե´ւ ճաշակով: Կարծում եմ՝ Աթենայի դեպքում էլ է այդպես: Նա բավական կրակոտ է: Նկատել եմ, որ «Եվրատեսիլ»-ի երկրպագուներին դուր են գալիս ուժեղ եւ ինքնավստահ կանայք: Աթենան հաստատ նրանց կգրավի: Կարծում եմ՝ Հանրային հեռուստատեսության թիմը պետք է Աթենային ավելի գլամուրային դարձնի, նա արժանի է, որ իր վրա ադամանդներ փայլեն: Իսկ եթե հագուստը կարճ լինի, պետք է այնպես անեն, որ տեսախցիկը խուսափի ոչ ճիշտ ռակուրսներից»:

Վերջին երկու տարիներին Հայաստանին չհաջողվեց հաղթահարել կիսեզրափակիչ փուլն ու ելույթ ունենալ եզրափակիչում, սակայն Ուիլյամը համոզված է՝ Սեւակ Խանաղյանն ու Սրբուկն իրենց վոկալային տվյալներով շատ ավելի հզոր էին, քան եզրափակիչ անցած որոշ մասնակիցներ:

«Ամեն դեպքում, «Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է: Պատճառը երեւի այն էր, որ նրանց ելույթներն այնքան էլ հիշվող չէին մյուս երգերի համեմատ: Այդ պատճառով էլ ռիսկի դիմելն ու նոր բան անելը միշտ էլ ողջունելի է: Աթենայի երգի մեջ խոսվող ադամանդներն ու շղթաները լավ միտք կարող են տալ ձեր բեմադրության հեղինակին ստեղծագործելու համար: Հուսով եմ՝ այս տարվա ադամանդն հրաշալիորեն կփայլի Հայաստանի համար»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Instagram-ից եւ Առաջին ալիքի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE