«Թեման հայերի համար շատ արդիական է». «Հարս չկա»՝ դերասանական նոր կազմով նոր սիթքոմ «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական թիմից

16:02   18 փետրվարի, 2020

Մարտի 9-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կմերկնարկի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի նոր սիթքոմը, որը կոչվում է «Հարս չկա»: Այն պատմում է ԱՄՆ-ում ծնված եւ մեծացած հայ երիտասարդի մասին, որը որոշում է գալ Հայաստան եւ հենց հայրենիքում փնտրել իր հարսնացուին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը նշեց, որ սիթքոմի նկարահանումները սկսվելու են մի քանի օրից: Առաջին եթերաշրջանն ամբողջությամբ նկարահանվելու է Հայաստանում, սակայն Մենչի խոսքոով՝ հնարավոր է հետագայում նկարահանումներ լինեն նաեւ Միացյալ Նահանգներում:

Անդրադատնալով սիթքոմի սյուժեին՝ պրոդյուսերը նշեց.   

«Գաղափարը նոր չէ. շատ անգամ տարբեր ձեւաչափերով այն ներկայացվել է տարբեր երկրներում: Որոշեցինք մենք էլ իրագործել այն, որովհետեւ թեման հայերիս համար շատ արդիական է»:

Սիթքոմի գլխավոր կերպարին՝ ԱՄՆ-ից ժամանած հայ երիտասարդին, մարմնավորում է սերիալային հայտնի դերասան Բեն Ավետիսյանը, որին հեռուստադիտողը հասցրել է տեսնել «Հանուն սիրո», «Երանի», «Երեւի», «Էլենի օրագիրը» եւ այլ հեռուստասերիալներում: Արմեն Պետրոսյանն առաջին անգամ է իր նախագծում ներառում Բենին, այն էլ՝ գլխավոր դերում: Հարցին՝ ինչպես է ընտրել գլխավոր հերոսի դերակատարին՝ Մենչը պատասխանեց.

«Միշտ ցանկացել եմ նրան որեւէ նախագծում նկարահանել, սակայն միշտ չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ ստացվեց, եւ վստահ եմ, որ Բենը կարդարացնի մեր սպասումները»:

Նոր նախագծում հեռուստադիտողը կտեսնի նաեւ այլ հայտնի դերասանների, որոնց կերպարներն Արմեն Պետրոսյանը դեռեւս չի շտապում բացահայտել:

«Կերպարներին այս պահին չեմ բացահայտի, քանի որ ընթերցողներին այդպես շփոթության մեջ կգցեմ, բայց ասեմ, որ հավաքվել է շատ պրոֆեսիոնալ ու սիրված դերասաններից բաղկացած թիմ՝ Անի Խաչիկյան, Գրիգոր Դանիելյան, Գոռ Հակոբյան, Աղաս Մանուկյան, Լեւոն Հարությունյան, Էլեն Ասատրյան, Ժոռ Հովհաննիսյան, Օնո Մանուկյան, Ելենա Բորիսենկո, Տիգրան Գյուլումյան եւ այլք»:

Ինչ վերաբերում է նախագծի ստեղծագործական անձնակազմին՝ Արմենը կրկին նախընտրել է համագործակցել «Ֆուլ Հաուս»-ի եւ իր մյուս հաջողված սիքթոմների թիմի հետ:

«Նկարահանող անձնակազմը նույնն է, ում հետ ես արդեն շատ երկար տարիներ է, ինչ աշխատում եմ: Ռեժիսորը Կարեն Ամյանն է, որի հետ մենք նկարահանել ենք «Ֆուլ Հաուս»-ի բոլոր եթերաշրջանները, «Դեպի երազանք»-ը, «Ֆուլ Yere1»-ը: Նույնը կարող եմ ասել նաեւ սցենարական խմբի մասին՝ Վահան Մովսեսյան, Արտուշ Գեւորգյան եւ Խորեն Թեւանյան, որոնց հետ եւս երկար ճանապարհ ենք անցել»:

Այս պահին Մենչը դեռեւս ԱՄՆ-ում է, բայց պատրաստվում է գալ Հայաստան՝ նկարահանումներին մասնակցելու նպատակով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների Facebook-ի էջերից



© NEWS.am STYLE