Շեպելեւը հեռանում է «Առաջին ալիքից». «На самом деле» հաղորդումը կփակվի՞

10:18   19 փետրվարի, 2020

Դմիտրի Շեպելեւը՝ Ժաննա Ֆրիսկեի նախկին քաղաքացիական ամուսինը, պաշտոնապես հաստատել է, որ հեռանում է «Առաջին ալիքից»։ Հաղորդավարը, որը Կոնստանտին Էրնստի ղեկավարությամբ աշխատել է ավելի քան 10 տարի, հայտարարել է, որ դուրս է եկել աշխատանքից, եւ հանդիսատեսը նրան այլեւս չի տեսնի «На самом деле» («Իրականում») հաղորդման եթերում։ Ընդ որում, Շեպելեւն ընդգծել է, որ հեռացել է սեփական ցանկությամբ եւ ոչ թե հեռուստաալիքի գլխավոր տնօրենի հետ կոնֆլիկտի հետեւանքով։

«Այսօր մենք որոշում ենք կայացրել, որ բաժանվելու ճանապարհներ ենք գտել։ ես այլեւս չեմ աշխատում «Առաջին ալիք»-ում։ Սա բարդ որոշում է, որն ընդունվել է փոխադարձ համաձայնությամբ։ Դրան չեն նախորդել ոչ կոնֆլիկտներ, ոչ փոխադարձ պահանջներ»,- Instagram-ում գրել է հաղորդավարը։

Շեպելեւն «Առաջին ալիքն» «իր ընտանիքն» է համարել եւ շնորհակալություն հայտնել «հիանալի ճանապարհորդության համար»։ Հեռուստաալիքից հաղորդավարի հեռանալու մասին տեղեկությունները հայտնվել են դեռ հունվարին։ Սակայն այդ ժամանակ Դմիտրին կտրականապես հերքել է իր հեռացման մասին տեղեկությունը։ Ասում են, որ Շեպելեւին աշխատանքից ազատել են Էրնստի հետ կոնֆլիկտի պատճառով, որը շատ դժգոհ էր, որ հաղորդավարը սոցիալական ցանցում բացասական է արտահայտվել «На самом деле» հաղորդման մասին եւ վարկաբեկել այն։

Հիմա բոլորը փորձում են գուշակել, թե ինչով կզբաղվի Շեպելեւը հեռանալուց հետո: Ըստ վարկածներից մեկի՝ սկանդալային շոուն կփակեն, ըստ մյուսի՝ նոր հաղորդավարը կլինի «Ձայնը» նախագծի աստղ Դմիտրի Նագիեւը։



© NEWS.am STYLE