Ինչպե՞ս Լիլի Մորտոն դարձավ մատուցողուհի, իսկ Մարիամ Ալեքսանյանը կերավ կենդանի որդեր. «Միքս շոու»-ի պրոդյուսերի հետաքրքիր բացահայտումները (ֆոտո)

15:03   19 փետրվարի, 2020

«Միքս շոուն» հայկական YouTube-ի տիրույթում ժամանցային նոր ծրագիր է, որի ընթացքում հաղորդավարներ Անահիտ Կիրակոսյանն ու Զառա Մանուչարյանն արդեն հասցրել են հյուրընկալել հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնիների ու նրանց «գլխին բերել» բազմաթիվ փորձություններ:

Հաղորդումը բաղկացած է մի քանի էջերից: Առաջին հատվածում հաղորդավարները հայտնի հյուրի հետ խաղում են «Ռիսկ եւ անկեղծություն» խաղը, այնուհետեւ նրան առաջարկում բլից հարցեր, հետո նրանց համար ունենում անակնկալ՝ գաղտնի հյուրի տեսքով, իսկ վերջում որեւէ հայտնի երգչի հետ շտապում հայկական ռեստորաններից մեկը՝ անակնկալ ելույթ մատուցելով ամուսնացող զույգերից մեկին, որն ընտրվում է պատահականության սկզբունքով:

Հաղորդման դեռեւս կարճ գոյության ընթացքում լսարանը հասցրել է տեսնել, թե ինչպես է Ավետ Բարսեղյանը կյանքում առաջին անգամ ուտում պանիր, իսկ Մարիամ Ալեքսանյանը՝ որդեր, Ռաֆայել Երանոսյանի՝ Հայկ Մարությանին ուղղված ուղերձը եւ, թե ինչպես է Լիլի Մորտոն մեկ օր դառնում մատուցողուհի:

Ինչպե՞ս են անցնում նկարահանումները հայտնիների հետ եւ արդյոք հե՞շտ է նրանց ենթարկել նման անկեղծության եւ փորձությունների: Հետաքրքիր հարցերի պատասխանները ստանալու նպատակով զրուցել ենք  «Միքս շոուի» պրոդյուսեր Ջուլիա Մկրտչյանի հետ, որը նաեւ NEWS.am STYLE-ին բացառիկ լուսանկարներ է տրամադրել հաղորդման բեքսթեյջից եւ առաջիկա թողարկումներից:

Ջուլիայի խոսքով՝ հայտնիներին անկեղծացնելու գործում մեծ դեր ունեն հաղորդավարները՝ Անահիտը եւ Զառան:

«Հաղորդավարների ընտրության հարցի շուրջ երկար եմ մտածել, եւ վերջնական որոշումս կանգ է առել Անահիտի և Զառայի վրա. կարծում եմ՝ երկուսի մոտ էլ լավ է ստացվում ե´ւ ժամանց ապահովել, ե´ւ բովանդակային զրույց ունենալ հյուրերի հետ: Սկզբում մտավախություն  կար, որ դժվար կլինի արտիստին խաղերի, ժամանցի միջավայրից տեղափոխել հաղորդման մյուս հարթակ ու անկեղծ զրույց ստանալ, բայց հաջողեցինք: Մթնոլորտի,  թիմի պատրաստվածության շնորհիվ մեր հյուրերն էլ «Ռիսկ եւ անկեղծություն» հատվածին շատ լուրջ են մոտենում. բոլորն էլ անկեղծորեն պատասխանում են այն հարցերին, որոնք երբեւէ ծագել են լսարանի, հանդիսատեսի, երկրպագուների մոտ»:

Ջուլիայի խոսքով՝ հաղորդման ձեւաչափն այնպիսին է, որ ոչինչ կադրից դուրս չի մնում. այնպես որ՝ հեռուստադիտողը տեսնում է հյուրերի իրական ռեակցիան եւ պատասխանները այս կամ այն հարցին՝ առանց որեւէ խմբագրման.

«Մոնտաժային այնպիսի լուծումներ են ընտրված, որ լսարանի համար եւս տեսանելի լինի նկարահանման ողջ ընթացքը: Ստանդարտից դուրս մատուցումը, կարծում եմ, դարձել է մեր հաղորդման այցեքարտերից մեկը: Բարեբախտաբար, մինչ այժմ չենք ունեցել հյուր, ով հրաժարվի իրեն բաժին հասած ռիսկային քայլից կամ անկեղծ հարցերից»,-ասում է նա ու կատակով հավելում,- «Հաղորդման կանոնները խիստ չեն. եթե չեք սիրում ուտել օրինակ՝ սունկ կամ պանիր, կարող ենք դրանց փոխարեն առաջարկել կենդանի որդեր կամ շերեփուկներ»:

Ի դեպ, կենդանի որդերի մասին… վերջերս հաղորդման շրջանակում դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն իսկական շոկի ենթարկեց ոչ միայն իր երկրպագուներին, այլեւ հաղորդավարներին՝ գառան մսի փոխարեն նախընտրելով համտեսել կենդանի որդեր.

«Բացարձակ չէինք սպասում, որ գառան մսի եւ կենդանի որդերի ընտրության հարցում կհաղթեն որդերը (ծիծաղում է): Բոլորիս զարմացրեց նրա համարձակությունը. դա երեւում է նաեւ հաղորդավարների դեմքի արտահայտությունից: Որդերն անվտանգ էին, ընդ որում՝ ինչպես Մարիամը կադրում ասաց՝ շատ համեղ, այն աստիճան, որ մեկի փոխարեն երկուսը կերավ»:

Իսկ ահա հաղորդավար եւ երգահան Ավետ Բարսեղյանը, որն իր իսկ խոսքով՝ պանիր չէր փորձել, Անահիտի եւ Զառայի «ճնշումների» ներքո ստիպված է եղել եթերում դիմել նման քայլի.

«Զարմանալի է, բայց Ավետն ավելի դժվարությամբ կերավ պանիրը, քան Մարիամը՝ որդերը»,-ժպիտով նկատում է Ջուլիան՝ անդրադառնալով նաեւ Լիլի Մորտոյի՝ որպես մատուցողուհի ներկայանալու փորձությանը.

«Լիլիին մատուցողուհու կարգավիճակում տեսնելն իսկապես աժիոտաժ էր առաջացրել սրճարանում: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ինչպես մեր մյուս հյուրերն, այնպես էլ Լիլին, շատ պատրաստակամորեն կատարեց իր հանձնարարականն, ինչից գոհ մնացին ե´ւ այցելուները, ե´ւ նկարահանող խումբը»:

Հաղորդումը հագեցած է ինչպես զվարճալի, այնպես էլ հուզիչ պահերով, որոնց Ջուլիան եւս անդրադարձավ.

«Հաղորդման ընթացքում երկու հատված ունենք, երբ իրական էմոցիաներ ու հույզեր ենք ստանում. դրանք «Գաղտնի հյուր» եւ «Երազանքի օր» պատուհաններն են: Երբ տեսնում ես, թե ինչպես է արտիստը հուզվում՝ հանդիպելով իր մտերիմին, ում երկար տարիներ չէր տեսել ու նրան հանդիպում է շատ անակնկալ՝ տեսախցիկների առաջ, ինքդ էլ կիսում ես այդ զգացմունքները: Նկարահանումներ ենք ունեցել, երբ մեր անձնակազմն էլ հուզվել է հյուրերի հետ, նույնը նաեւ՝ «Երազանքի օր» բաժնում: Յուրաքանչյուր հարսանեկան խնջույքի գնալիս նույն զգացումներն ենք ունենում»:

Ի դեպ, պրոդյուսերը վստահեցնում է՝ իրենց հաղորդման հերոս դարձած զույգերն ընտրվում են բացառապես պատահականության սկզբունքով.

«Նախնական պայմանավորվածություն եմ ունենում միայն երգչի հետ: Ուրախալի է այն փաստը, որ բոլոր արտիստներն այս հարցում շատ պատրաստակամ են եւ անմիջապես ու անշահախնդիր համաձայնում են մասնակցել նկարահանմանն ու ուրախացնել մի նորապսակ զույգի: Այս բաժինը՝ «Երազանքի օր»-ը,  մեծ լսարան է հավաքել.  օրվա ընթացքում հարյուրավոր նամակներ ենք ստանում: Ընտրությունը կատարվում է այսպես. ֆեյսբուքյան ու ինստագրամյան մեր էջերին նորապսակների մտերիմները, հարազատները գրում են, թե երբ եւ որտեղ է լինելու հարսանյաց արարողությունը: Պարտադիր պայման է, որ նորապսակները չիմանան կազմակերպվող անակնկալի մասին: Մեզ դիմողներին վերջնական չենք ասում՝ կգնանք հարսանյաց խնջույքին, թե ոչ, որպեսզի բացարձակապես բոլորի համար մեր մուտքը լինի անակնկալ: Ընդգծեմ, որ չենք սահամափակվում միայն մայրաքաղաքի տարածքում. արդեն ունեցել ենք նկարահանումներ նաեւ Արտաշատում, Մասիսում: Առաջիկայում կընդլայնենք արտիստների ներգրավվածությունը. շուտով այս բաժնում կունենանք հայտիներ նաեւ արտերկրից»,-պատմում է նա:

Պրոդյուսերի խոսքով՝ հաղորդման առաջիկա թողարկումները եւս հագեցած են լինելու հայտնի հյուրերով եւ զանազան փորձություններով: Նա ներկայացրեց դրանց մասին առաջին մանրամասները.

«Առաջիկայում մեր հյուրերը կլինեն դերասաններ՝ Անդրանիկ Հարությունյանը, Ելենա Բորիսնեկոն, Ստեփան Ղամբարյանը, Սիլվի Բարկովան… Անդոյին առաջարկել ենք աշխատել որպես «պարկովշիկ», Ստեփանին՝ կադրում սափրվել, Ելենային՝ տղամարդ գտնելու հայտարարություն տալ, Սիլվին էլ տեցախցիկների առաջ մաքրեց շպարը…»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE