«Գրեմմիի» մրցանակակիր դիրիժոր Ջոն Նելսոնն ու դաշնակահար Անդրեաս Ֆյորլիխը կնվագեն Բեթհովենի 250-ամյակին նվիրված ՀԱՖՆ-ի համերգին

17:25   20 փետրվարի, 2020

Այս տարի ամբողջ աշխարհը տոնում է դասական կոմպոզիտորական արվեստի հանճարներից ու սիմֆոնիկ երաժշտության հիմնասյուներից մեկի՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյա հոբելյանը: Այս կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020-ի համերգաշրջանը կբացի բեթհովենյան շնչով: ՀԱՖՆ-ի փետրվարի 21-ին կայանալիք համերգին կհնչի Բեթհովենի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ թիվ 5 սիմֆոնիան: Այն կղեկավարի «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը:

Համերգային ծրագրում բացի Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայից կհնչի Նիլսենի «Դիմակահանդես» նախերգանքը եւ Մոցարտի Դաշնամուրի թիվ 17 կոնցերտը: Որպես մենակատար հանդես կգա Անդրեաս Ֆրյոլիխը:

Ջոն Նելսոնը Հայաստանում հասցրել է լինել նաեւ 11 տարի առաջ: Այսօր՝ փետրվարի 20-ին կայացած ասուլիսին դիրիժորը շեշտեց, որ ուրախ է կրկին գտնվել Երեւանում.

«Համերգային ծրագիրը շատ գեղեցիկ է լինելու: Համերգը փակելու ենք Բեթհովենի 5-րդ սիմֆոնիայով: Պետք է նշեմ, որ շատ հպարտ եմ այս նվագախմբով, քանի որ այս սիմֆոնիան շատ բարդ է, եւ կարեւոր է կարողանալ այն ճիշտ մատուցել»,-ասաց  դիրիժորը եւ հավելեց,-«Բեթհովենը շատ բարդ ու ագրեսիվ մարդ է եղել, հասարակության հետ անհաշտ: Այս ամենը կնկատեք նրա սիմֆոնիայում: Ուրախ եմ, որ նվագախումբն անդրադարձել է այս ստեղծագործությունը: Առհաարակ, այսօր ես ավելի զարգացած նվագախումբ եմ տեսնում, որն ավելի բարձր մակարդակի է հասել: Ինձ համար պատիվ է աշխատել, ինչպես Էդուարդ Թոփչյանի, այնպես էլ Անդրեաս Ֆրյոլիխի հետ»:

Գերմանացի դաշնակահարն էլ իր հերթին նշեց, որ միշտ սիրով է համագործակցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ.

«Ես ապրում եմ այն քաղաքում, որտեղ Բեթհովենն է ծնվել, եւ ինձ համար ոչ միայն այս, այլեւ ամեն տարին է Բեթհովենի հոբելյանով նշանավորվում: Ես մեծացել եմ նրա երաժշտության ներքո եւ կարծում եմ՝ այդ երաժշտությունը բոլորին ավելի լավն է դարձնում: Բեթհովոնը կոտրում է երաժշտության մասին բոլոր կարծրատիպերը»:

2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

Նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային եւ վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաեւ հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ:

Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը եւ Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

«Մենք հաճախ ենք խոսում, որ մենք եվրոպական արժեքներ կրող երկիր ենք, բայց շատ հաճախ խորքային ձեւակերպումներ չենք ստանում: Կարծում եմ՝ սա փայլուն առիթ է, որպեսզի մեր երաժշտասեր հասարակությունը եւս մեկ անգամ ընդգծի, որ մենք ոչ միայն ունենք ազգային արժեքներ, այլեւ միջազգային արժեքներն ենք դարձնում ազգային եւ ձուլում մեր մշակույթին այնպես, որ որեւէ տարբերացույց գնահատման տեսակետւց չենք դնում դրանց միջեւ»,-իր խոսքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հավելենք, որ փառատոնի շրջանակում Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ եւ կիրականացվեն այլ միջոցառումներ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE