«Քաջ Նազար» ներկայացումով կտրվի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի պրեմիերաների սկիզբը

14:05   21 փետրվարի, 2020

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում են մի շարք պրեմիերաներ եւ շրջագայություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Թատրոնի նորություններին այսօր` փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել են գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը եւ տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Այսպիսով` առաջիկա ամենամեծ պրեմիերան լինելու է Հ. Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա գրված համանուն պիեսը, որի բեմադրիչն ագությամբ ռուս Անդրեյ Զապոռոժսկին է: Ներկայացան պրեմիերան նախատեսված է փետրվարի 28-ին:

Կարեն Ներսիսյանի խոսքով` ներկայացման փորձերը հրաշալի են անցնում.

«Սկզբում կարծում էինք, թե այն մանկական ստեղծագործություն է, բայց փորձերի ժամանակ կարծիքը փոխեցինք` այն ավելին է, քան պարզապես հեքիաթ: Թումանյանն ինձ համար սեր է: «Քաջ Նազար» բեմադրելու միտքը ծագել է Թումանյանի հոբելյանական տարում: Մեր պիեսը օրիգինալ է` գրված Թումանյանի ստեղծագործության հիման վրա»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը` հավելելով, որ ներկայացման գլխավոր դերում հանդես է գալու երիտասարդ դերասան Վազգեն Հովհաննիսյանը:

Թատրոնում սպասվում են նաեւ գարնանային պրեմիերաներ` Լեոնիդ Զորինի «Վարշավյան մեղեդի», Չեխովի «Բալի այգին» եւ Դոստեւսկու «Խեղճ մարդիկ» ստեղծագործությունների հիման վրա:

«Իհարկե, հրաշալի է, երբ թատրոնն ունի հովանավորներ եւ աջակիցներ, բայց մեր բոլոր բեմադրություններն արվում են թատրոնի հաշվին»,-անդրադառնալով ֆինանսավորման մասին հարցերին՝ նշեց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Նա նաեւ խոսեց առաջիկա շրջագայությունների մասին.

«Թատրոնը կարեւորում է, ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ ներսում կատարվելիք շրջագայությունները: Մենք, բնականաբար, ծրագրում ենք ընդլայնել մեր գործունեությունը, լինել եւ Գյումրիում, եւ Սյունիքի շրջանում: Այս ամենի համար արդեն բանակցություններ են ընթանում, քանի որ ցանկացած թատրոնի համար առաջնային կարեւոր է հենց իր հայրենքի հանդիսատեսի ընդունելությունն ու հետաքրքրությունը, այդ է պատճառը, որ ես կարեւորում եմ թատրոնի գործունեության ընդլայնումը նաեւ Երեւանից դուրս:

Ինչ վերաբերում է արտասահմանյան ուղեւորություններին` ունենք հրավեր Սարանսկի փառատոնի կողմից, որին կմասնակցենք «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումով, կլինենք նաեւ Մինսկում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE