«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Հայկուհի Բաբախանյանն ԱՄՆ-ում ներկայացրել է իր նոր ձայնասկավառակը

15:05   21 փետրվարի, 2020

Այժմ ԱՄՆ-ում բնակվող ժողովրդական երգերի կատարող Հայկուհի Բաբախանյանը, որը հեռուստադիտողին հայտնի է՝ որպես «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող, երեկ՝ փետրվարի 20-ին, նշում էր ծննդյան 28-ամյակը: Բազմաթիվ շնորհավորանքներից եւ անակնկալներից զատ՝ երգչուհին օրերս ինքն է իրեն մատուցել սպասված նվեր՝ թողարկելով իր թվով երրորդ ձայնասկավառակը: Այն անվանվել է Սայաթ-Նովայի «Մե խոսկ ունիմ» ստեղծագործությամբ եւ երգչուհու խոսքով՝ ներկայացնում է ժողովրդական, աշուղական եւ կոմպոզիտորական երգերի հավաքածու:

Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում հայտնի ARTN հեռուստաալիքի սրահում՝ այնտեղ բնակվող Հայկուհու ընկերների, գործընկերների, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Շնորհանդեսի մանրամասներով երգչուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

«Նոր ձայնասկավառակը կոչվում է «Մե խոսկ ունիմ»: Ես ամեն անգամ փորձում եմ նոր բան ներկայացնել, նոր խոսք ասել, դրանով պայմանավորված էլ որոշեցի ձայնասկավառակի անվանումը: Այն պարունակում է 13 երգ: Այս բոլոր երգերը նոր են` քիչ հնչած եւ քիչ կատարված, միգուցե նաեւ մոռացված: Կան նաեւ կոմպոզիտորական երգեր, որոնք ես երբեւէ չեմ երգել եւ իմ կատարմամբ դրանք առաջին անգամ զետեղված են ձայնասկավառակում»,-ասում է նա ու հավելում,- «Մինչ այս ունեի երկու ձայնասկավառակ: Առաջինը` «Սիրո անուրջներ», երկրորդը` «Քեզանից մաս չունիմ»: Աշուղ Շերամի այս ստեղծագործությունն իմ այցեքարտն է դարձել եւ իմ բոլոր համերգներին ես այս երգը ներառում եմ, իսկ երրորդ ձայնասկավառակը կոչվեց Սայաթ-Նովայի գեղեցիկ ստեղծագործության անունով: Այս երգը սիրվեց, երբ այն կատարեցի Կրեմլում՝ Սայաթ-Նովային նվիրված համերգին: Շատ հաճախ ինձանից պահանջում էին, որ տարբեր տեղեր կատարեմ այն…»:

Հայկուհու խոսքով՝ ձայնասկավառակի աշխատանքները բավական երկար են ընթացել.

«Սկավառակի վրա աշխատել ենք 5-6 ամիս, բավական աշխատատար էր, բայց փառք Աստծո` վերջում ստացանք այն, ինչ ցանկանում էինք»:

Երգչուհին ոգեւորությամբ նշեց, որ մեծ ցանկություն ունի հաջորդ CD-ն ներկայացնել արդեն Երեւանում:

Հավելենք, որ այս շրջանում Հայկուհին հանդես է գալիս նաեւ՝ որպես հաղորդավարուհի: Նա վարում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հեռարձակվող «Հայ երգի երեկո Հայկուհի Բաբախանյանի հետ» ծրագիրը, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատնել է իր ընթերցողներին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Հայկուհի Բաբախանյանը



© NEWS.am STYLE