Սկանդալ Ռուսաստանում. ամերիկյան խմբի կիթառահարը ռուսական դրոշով հետույքն է սրբել

22:31   3 օգոստոսի, 2013

Ամերիկյան Bloodhound Gung ռոք խմբի երաժիշտ Ջերեդ Հասսելհոֆն Օդեսայում համերգի ժամանակ ռուսական եռագույնը մտցրել է արձակված տաբատի մեջ: Այս մասին տեղեկացնում է Dni.ru կայքը:

Երաժիշտը նախ հետնաբեմից հանել է Ուկրաինայի դրոշը, որը հանդիսատեսն ընդունել է ծափահարություններով եւ ուրախ բացականչություններով:

Դրանից հետո նա վերցրել է ռուսական դրոշը, մտցրել ոտքերի արանքը եւ ուկրաինական հանդիսատեսի ուրախ գոչյունների ներքո հետեւի կողմից հանել:

«Միայն թե Պուտինին չասեք»,- հայտարարել է բաս կիթառահարը: Միջամտել է խմբի մենակատար Ջիմի Պոպը: «Ամեն դեպքում հարկավոր է խոստովանել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից ավելի վատ է: ԱՄՆ-ն իրեն մարմնավաճառի նման է պահում»,- կատակել է երգիչը:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ի պատասխան Անապայում անցկացվող KUBANA փառատոնին Bloodhound Gang խմբի՝ օգոստոսի 2-ին նախանշված համերգը չեղյալ է հայտարարվել:

Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին իր Twitter-ում գրել է, որ նման որոշում է ընդունվել Կրասնոդարի երկրամասի ղեկավարության հետ իր զրույցից հետո:

«Bloodhound Gang ռոք խումբը ճամպրուկներն է հավաքում: Այդ ապուշները Կուբանում ելույթ չեն ունենա»,- գրել է Մեդինսկին:

Միաժամանակ, KUBANA փառատոնի ընթացքում ծրագրված համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Bloodhound Gang-ի անդամները ներողություն են խնդրել Ռուսաստանի դրոշի հետ կապված միջադեպի համար: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:

Հասսելհոֆի խոսքով, Օդեսայում համերգի ժամանակ ռուսական դրոշը բեմին պատահմամբ է հայտնվել: Ելույթի ավարտին երաժիշտը մտադիր էր այն նվիրել հանդիսատեսին, իսկ սկանդալային միջադեպը, ըստ Հասսելհոֆի, ծագել է մի պատճառով. խմբում գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, «այն ամենը, ինչը գնում է բեմից, անցնում է բասիստի տաբատի միջով»:



© NEWS.am STYLE