Դիմակներ, հեքիաթային հերոսներ, ազգագրական երգ ու պար. Բուն Բարեկենդանին նվիրված տոնական շքերթը Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

16:04   23 փետրվարի, 2020

Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայաստանում տոնում են Բուն Բարեկենդանը՝ տոն, որը նախորդում է ամենաերկար պահքին:

Բարեկենդանի խորհուրդներից մեկն այն է, որ այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Սա մեր եկեղեցական ամենուրախ տոներից է, որի ընթացքում յուրահատուկ դիմակահադես, խաղեր ու հյուրասիրություն է կազմակերպվում:

Բուն Բարեկենդանի շքեղ եւ տոնական շքերթն այսօր մեկնարկեց Արարատյան Հայրապետական առաջնորդանիստ թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքում, որն ուղեկցվեց ուրախ շքերթով: Այս միջոցառումը Երեւանում անցկացվում է արդեն 7-րդ տարին՝ հայերին պարգեւելով օրվան համահունչ դրական էմոցիաներ ու հեքիաթային տրամադրություն:

Թատերական ներկայացումներ, երգ, պար, դիմակներ, տիկնիկներ՝ հենց այսպիսի տրամադրությամբ ու հանդերձանքով տոնի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ շարունակեցին ծիսակատարությունները:

Տոնակատարությանը մասնակցում էին, ինչպես երիտասարդներ, այնպես էլ մեծահասկաներ ու մանուկներ՝ մեծ մասը տոնական դիմակներով: Շքերթի մասնակիցները Մաշտոցի պողոտայից մինչեւ Ազատության հրապարակ երթը պարբերաբար ընդհատում էին շուրջպարով, Քաջ Նազարի եւ Ուստիանի կերպարների ուրախ կատակներով եւ մյուսներին իրենց ուրախությանը միանալու կոչերով: «Շնորհավո՜ր, Բարեկենդան» աշխույժ բացականչությամբ էլ անցավ ամբողջ ճանապարհը...

NEWS.am STYLE-ի լուսանկարիչը եւս եղել է տոնակատարության կիզակետում եւ ֆիքսել ամենաուրախ, խորհրդանշական ու հետաքրքիր դրվագները, որոնք կտեսնեք մեր ֆոտոռեպորտաժում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE