11:45 4 օգոստոսի, 2013Ամերիկյան սկանդալային Bloodhound Gang խմբի անդամների վրա նեխած ձվեր եւ լոլիկ են նետել: Հիշեցնենք, որ Օդեսայում համերգի ժամանակ խմբի բաս կիթառահարը Ռուսաստանի դրոշը մտցրել էր տաբատի մեջ, հետույքը սրբել դրանով, իսկ հետո նետել հանդիսատեսի ուղղությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ, խմբին արգելել են ելույթ ունենալ KUBANA փառատոնին:
Ամերիկացիներին ճանապարհելու մասին իր Twitter-ում գրել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը:
«Պատմեցին, թե Կուբանի երիտասարդությունն ինչպես է «արժանիորեն» ճանապարհել ամերիկացիներին: Նրանց վրա ձվեր են նետել: Հյուրանոցից ստիպված են եղել ամոթահար փախչել հետնամուտքից, բայց այնտեղ էլ են նրանց դիմավորել: Օդանավակայանում՝ նույնպես»,- գրել է Տկաչովը:
Ռուսական ոստիկանությունն իր հերթին Bloodhound Gang խմբի 42-ամյա բասիստ Ջարեդ Հասսելհոֆին հարցաքննել է «ռուսական դրոշը պղծելու» փաստի առիթով: Նյութերը փոխանցվել են դատախազություն՝ որոշում կայացնելու համար:
Մինչ այդ, «Единая Россия» կուսակցության պատգամավորները ցանկանում են ամերիկյան խմբի երաժիշտներին քրեական պատասխանատվության ենթարկել՝ «ռուսական դրոշն անարգելու համար»:
Անապայի օդանավակայանում Bloodhound Gang-ի երաժիշտների վրա հարձակվել են արդեն կազակները: Այս մասին տեղեկացնում է «Комсомольская правда» պարբերականը:
Երբ խմբի անդամները սպասասրահում են եղել, նրանց են մոտեցել հինգ կազակներ: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Հարձակվողները փորձել են երաժիշտներին ԱՄՆ դրոշով խեղդել: Կողմերին բաժանել է ոստիկանությունը:
Ըստ РИА «Новости» գործակալության, Կուբանի կազակների բանակը (ԿԿԲ) դեռեւս պաշտոնապես չի հաստատում, որ Անապայի օդանավակայանում Bloodhound Gang խմբի վրա հարձակվել են հենց կազակները:
«Հաստատել, որ նրանք հենց կազակներ են եղել, առայժմ չենք կարող: Նրանք եղել են ոչ թե կազակների համազգեստով, այլ «կազակ» գրությամբ շապիկներով»,- ասել են ԿԿԲ-ում, իսկ միջադեպն անվանել «ժողովրդական զայրույթի պոռթկում»: