Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից

17:05   25 փետրվարի, 2020

Ճանաչված կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված երեկո է անցկացվել Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում, որի ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախումբը հնչեցրել է ամերիկացի կոմպոզիտորի երաժշտական ժառանգության յուրահատուկ նմուշները:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ ներկայացվել են գերշվինյան ելեւէջներ՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:

«Հայաստանի պետական ջազ նվագախումբը մշտապես փորձում է ներկայացնել թեմատիկ ու ինքնատիպ համերգներ: Այս անգամ երեւանյան ունկնդրին ենք ներկայացրել երեկո՝ նվիրված Ջորջ Գերշվինին: Նա ջազի հիմնադիրներից է, հարուստ ժառանգություն է թողել, ոգեշնչել բազում համաշխարհային երաժիշտների: Համերգը նվիրված է Գերշվինի հարուստ ստեղծագործական ժառանգությանը: Մեկուկես ժամում դժվար էր ամեն ինչ ներկայացնել, բայց փորձել ենք կատարել կոմպոզիտորի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը»,-նշում է Արմեն Հյուսնունցը:

Նվագախմբի հետ երեկոյի ընթացքում հանդես են եկել նաեւ երիտասարդ մենակատարներ: Ներկայացվել են գերշվինյան գործերի հետաքրքիր, անսպասելի գործիքավորումներ, որոնք իրականացվել են ժամանակակից երաժիշտների կողմից:

Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի եւ թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձեւերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։ 

Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։



© NEWS.am STYLE