«Վախենում եմ կորցնել այն, ինչ ունեմ». Անժելա Բարխուդարյանը` «Իմն ես» երգի նոր տարբերակի եւ ներկայիս հոգեվիճակի մասին

15:05   26 փետրվարի, 2020

Երգչուհի Անժելա Բարխուդարյանը երկու տարի անց ներկայացրել է իր «Իմն ես» երգի նոր տարբերակը, որն ի տարբերություն առաջինի՝ դանդաղ եւ լիրիկական ոճում է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անժելան պատմել է երգի նոր շնչի եւ իր հոգեվիճակի մասին:

«Իմն ես» երգի առաջին տարբերակն ավելի աշխույժ է, գործիքվորումը կատարել է Արման Սարգսյանը, իսկ նոր տարբերակի գործիքավորման հեղինակը Գեւորգ Հովհաննիսյանն է: Տեսահոլովակում օգտագործվել են առաջին տարբերակի կադրերը, որի ռեժիսորը Նարեկ Կթոյանն է, իսկ նոր տարբերակի ռեժիսոր Տիգրան Ավետիսյանն այդ կադրերը համադրել է Անժելայի նոր հոգեվիճակի հետ:

«Սկզբում երգի հենց այս տարբերակն է եղել, բայց  գործիքավորողի հետ որոշեցինք նախ ավելի աշխույժ կերպով ներկայացնել այն: Ամեն դեպքում, ինձ մոտ մի ինչ-որ անավարտ բան էր մնացել, որովհետեւ ինձ ավելի հոգեհարազատ էր դանդաղ տարբերակը: Մտածեցի` որոշ ժամանակ անց ներկայացնել նաեւ այդ ձեւաչափով, ու փաստորեն երկու տարի անց արեցինք դա: Այս տարբերակը, երեւի, ավելի մոտ է մեր ազգին, շատ դրական արձագանքներ եմ ստանում, չնայած՝ առաջին տարբերակն էլ ր բավական սիրվել»,-խոստովանում է երգչուհին:

Անժելային տեսահոլովակի վերջնական տարբերակը շատ է ոգեւորել: Նա հենց ինքն էլ մտածել է, որ լավ կլիներ, եթե օգտագործվեին առաջին տարբերակի տեսահոլովակից կադրեր, որպեսզի ունկնդիրն ավելի հեշտ կողմներոշվեր, թե որ երգի remake-ն է այն:

Երգչուհին նաեւ խոստովանեց, որ դանդաղ տարբերակով երգն իր համար նոր հոգեվիճակ ունի.

«Ինձ մի օր հարցրին՝ ինչի՞ց ես վախենում, որի մասին երգում ես: Այդ պահին չպատասխանեցի, բայց հետո խորացա այդ հարցի շուրջ  ու հասկացա, որ, ասես, վախենում եմ կորցնելուց: Առհասաակ, մարդ պետք է գնահատի այն, ինչ ունի:

Վախենում եմ կորցնել այն, ինչ ունեմ, որովհետեւ դա ամենաթանկն է ինձ համար: Խոսքն  ընտանիքիս, ընկերներիս մասին է... Իսկ այս  երգը ոչ միայն տղայի եւ աղջկա միջեւ սիրո, այլեւ ընտանիքի, երեխայի... սիրո տարբեր դրսեւորումների մասին է»:

Ինչ վերաբերում է առաջիկա մյուս նորություններին՝ երգչուհին նշեց, որ այս պահին աշխատում է նոր երգերի շուրջ, որոնցից մեկը շատ շուտով կներկայացնի հանրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE