«Լավ տրամադրությամբ եմ վերադարձել». Լենա Ղազարյանի հանգիստն ԱՄՆ-ում եւ նորությունը (ֆոտո/վիդեո)

13:05   27 փետրվարի, 2020

Երգչուհի Լենա Ղազարյանը տեւական ժամանակ իր հանգիստն էր վայելում Միացյալ Նահանգներում: Այժմ նա վերադարձել է հայրենիք` իր հետ բերելով նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է ԱՄՆ-ում` իր «Ինձ գրկիր» երգի հիման վրա: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Լենան է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Արմեն Մնացականյանը: Գլխավոր հերոսին մարմնավորում է «Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի դերասան Հայկ Մուրադյանը:

NEWS.am STYLE-ը Լենայի հետ զրուցել է նոր աշխատանքի եւ հանգստի մասին:

«Երգը գրել եմ ամիսներ առաջ ու քանի որ ԱՄՆ-ում էի, որոշեցի հանգիստս համատեղել աշխատանքի հետ եւ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Տեսահոլովակի իմ կերպարների ոճով էլ ինքս եմ զբաղվել»,-նշում է երգչուհին` հավելելով, որ Միացյալ նահանգներից վերադարձել է բարձր տրամադրությամբ եւ լավ տպավորություններով:

«Արդեն մտածում եմ Եվրոպա ուղեւորության մասին: Ինչպես միշտ ընտրել եմ իմ ամենասիրելի երկրները` Ֆրանսիան եւ Իսպանիան»,-ժպիտով տեղեկացրեց նա:

Լենան ժամանակին սկսել էր հանդես գալ նաեւ որպես դիմահարդար, սակայն այժմ դադարեցրել է իր գործունեությունն այդ ոլորտում: Ասում է` ժամանակը չի ներում:

«Հիմա միայն ինքս ինձ եմ դիմահարդարում»:

X Factor նախագծի ֆինալիստն ու «Պրեմիերա»-ի հաղթողը նշում է, որ առաջիկայում այլ մրցույթների մասնակցություն չի սպասվում.

«Հիմա ավելի շատ կենտրոնացած եմ իմ աշխատանքի, նոր երգեր եւ տեսահոլովակներ թողարկելու վրա: Հետագայում, միգուցե, մասնակցեմ ամերիկյան նախագծերի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լենա Ղազարյանը



© NEWS.am STYLE