«Երբ տիրապետում ես քո գործին, դա արդեն հաճույք է». Արման Ջալալյան

12:38   27 փետրվարի, 2020

NEWS.am STYLE-ի զրուցակիցը հայտնի երաժիշտ, թմբկահար Արման Ջալալյանն է. նա պատմում է թմբուկի հանդեպ իր սիրո, խումբ ստեղծելու երազանքի եւ ներկայիս զբաղվածության մասին:

Արման, երաժշտությամբ սկսել եք զբաղվել դեռ վաղ տարիքից, ու ինչպես բազմիցս նշել եք՝ հատկապես ջազ երաժշտություն եք միշտ սիրել: Ինչո՞ւ այս ժանրը Ձեզ այդպես գրավեց:

Երաժիշտներն ունեն իրենց լեզուն, ջազն էլ այդ լեզուներից մեկն է, որն ազատ արտահայտվելու հնարավորություն է տալիս: Մեր տանը միշտ ջազ երաժշտություն է հնչել: Ծնողներս արվեստագետներ են, աշխատել են այդ բնագավառում․ մայրս մուլտիպլիկատոր է, հայրս` օպերատոր:

Երբ դիտարկում ենք մեր շրջապատը եւ երաժշտությամբ զբաղվող երեխաներին, նկատելի է, որ քչերն են թմբուկն ընտրում: Ինչպե՞ս որոշեցիք հենց այդ գործիքին տիրապետել:

Մորեղբայրս եղել է թմբկահար, եւ իրենից ոգեշնչվելով էլ սկսել եմ սովորել, ուսումնասիրել այդ երաժշտական գործիքն ու նվագել: Նա տանը նվագում ու պարապում էր, ես էլ նրանից էի ոգեշնչվում: Երբ փոքր ես, ամեն ինչ շատ արագ ես ընկալում:

Բազմաթիվ կոլեկտիվների հետ եք աշխատել եւ աշխատում: Ինչպե՞ս եք ընդհանուր լեզու գտնում տարբեր ոճերում հանդես եկող երաժիշտների հետ:

Քանի որ ես ժանրային առումով տարբեր ոճի երաժշտություն եմ նվագում, ինձ մոտ հեշտ եւ հաճույքով է ստացվում այդ գործընթացը: Իրականում պրոֆեսիոնալ եւ փորձառու երաժիշտի համար հեշտ է տարբեր կոլեկտիվներում աշխատելը, կարեւորը քո սիրած աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցում լինի, իսկ երբ սիրում ես քո գործը՝ ցանկացած գործ, ամեն ինչ անում ես այնպես, ինչպես պահանջվում է: Երբ տիրապետում ես քո գործիքին, դա արդեն հաճույք է եւ ոչ մի դժվարություն չի ծագում հանդես գալ տարբեր ոճերում:

Համագործակցել եք ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հայտնի երաժիշտների հետ. ովքե՞ր են ավելի բծախնդիր աշխատանքի մեջ՝ հայե՞րը, թե՞ արտասահմանցիները:

Չկա նման կողմնորոշում կամ որակում, թե ովքեր են ավելի բծախնդիր, կախված է երաժիշտի պրոֆեսիոնալիզմից եւ որակից:

Ո՞րն է եղել ամենաբարդ համագործակցությունը եւ ի՞նչ առումով էր բարդ: 

Չեմ կարող հստակ հիշել... Միգուցե ծավալի առումով մեծ է եղել ծրագիրը, բայց բարդություններ չեմ մտաբերում:

Ցանկացած համագործակցության առաջա՞րկ եք ընդունում, թե՞ ամեն դեպքում երգչի, խմբի անցած ճանապարհը, մատուցած երաժշտությունը Ձեզ համար կարեւոր է: 

Ավելի շատ ուշադրություն եմ դարձնում, որ երաժիշտները լինեն որակով եւ պրոֆեսիոնալ: Այդպիսի կոլեկտիվների հետ եմ հիմնականում աշխատում:

Եթե չեմ սխալվում, Ձեր երազանքներից մեկը սեփական բենդը ստեղծելն է: Ինչպիսի՞ երաժիշտների կցանկանայիք հավաքել այդ խմբում:

Ջազ երաժիշտների։ Ես շատ եմ գնահատում ճկուն երաժիշտներին, քանի որ ջազը ռեակցիաների, էներգետիկայի, միմյանց լսելու եւ լրացնելու վրա է հիմնված: Կարեւոր է միաժամանակ արձագանքես երաժշտությանը:

Շատ հայ երաժիշտներ երազում են հայտնվել «Եվրատեսիլի» բեմում: Ձեզ դա հաջողվել է։ Բացի այդ՝ մրցույթում հանդես եք եկել նաեւ որպես ժյուրիի անդամ: Այնուամենայնիվ, բեմում նվագե՞լն էր նախընտրելի, թե՞ մասնակիցների ելույթները դատելը:

Քանի որ երաժիշտ եմ, ոչ թե դատավոր, ես նախընտրում եմ բեմը, իսկ «Եվրատեսիլին» մասնակցելով ես լավ փորձ ձեռք բերեցի:

Նոր երաժիշտները հաճա՞խ են Ձեզ դիմում խորհուրդ ստանալու համար, եւ ո՞րն է Ձեր ամենակարեւոր խորհուրդը լինում:

Շատ են եղել դեպքեր, երբ երիտասարդ երաժիշտները դիմել են խորհուրդի համար, հատկապես թմբկահարները, ես էլ սիրով կիսվում եմ գործիքին տիրապետելու հմտություններով: Ամենամեծ խորհուրդն այն է, որ ամեն օր պետք է աշխատեն իրենց վրա եւ լավ երաժտություն լսեն, տարբեր երաժշտական ժանրեր ուսումնասիրեն: Կարծում եմ` երաժիշտը պետք է ամեն ոճում կարողանա նվագել, պետք է բաց լինի, որ ավելի զարգացնի իր երաժշտական ունակությունները: Տաղանդը պետք է զարգացնել` օր ու գիշեր կյանքդ նվիրելով երաժշտությանը:

Այժմ ԱՄՆ-ում եք, այդտեղ ինչո՞վ եք զբաղված:

ԱՄՆ-ում «Չեսս պարկ» պանդոկից աշխատանքի հրավեր եմ ստացել, որտեղ անցկացնում եմ ջազ երեկոներ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Արման Ջալալյանը



© NEWS.am STYLE