«Ցանկանում ենք, որ մեր փոքրիկը մեծանա այստեղ». Նարե Գրիգորյանը` որդու, նրա հետաքրքիր անվան եւ ամուսնու` Երեւանում ապրելու որոշման մասին

14:04   28 փետրվարի, 2020

Երգչուհի Նարե Գրիգորյանն ու նրա ամուսինը` իրավաբան Արամ Շամիլյանը, օրերս նշել են ամուսնության 2-ամյակը: Ամուսնական կյանքը Նարեի խոսքով` ոչ իր, ոչ ամուսնու զգացմունքներում ոչինչ չի փոխել: Միակ բանը, որ փոխվել է իրենց կյանքում եւ էլ ավելի երջանիկ դարձրել առօրյան, իրենց փոքրիկի` 5 ամսեկան Ժիրայր-Ալեքսի ծնունդն է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին առանձնակի ջերմությամբ է խոսել որդու եւ մայրության շնորհիվ ունեցած նոր զգացողությունների մասին:

«Ես միշտ ասել եմ, որ պսակադրվելուց ու ցանկացած թուղթ ստորագրելուց շատ ավելի կարեւոր է սիրել, հարգել ու վստահել այն մարդուն, որի հետ կապում ես կյանքդ: Մեր կյանքում ոչ ամուսնության գրանցումը, ոչ էլ պսակադրությունը չփոխեցին ոչինչ: Դրանք, պարզապես, լավ առիթ էին, որ հարազատներով հանդիպեինք եւ ուրախանայինք (ժպտում է): Մենք առաջին օրվա պես սիրում ենք միմյանց, հարգում ու վստահում»,-ասում է Նարեն` հավելելով, որ օր օրի ավելի ներդաշնակ են դառնում իրենց հարաբերությունները:

«Վերանորոգել ենք մեր բնակարանն` այն ավելի հարմարավետ դարձնելով երկուսիս համար, ավելի ճիշտ` հիմա մեր ընտանիքը համալրվել է, արդեն չորսս ենք` մեզ միացել են նաեւ մեր որդին եւ փոքրիկ շնիկը` Լոլիտան»:

Մայրությունն, ամեն դեպքում, որոշակի փոփոխություններ մտցրել է, ինչպես Նարեի առօրյայում, այնպես էլ ներքինում.

«Ավելի պատասխանատու եւ ուշադիր եմ դարձել: Թե ինձ, թե Արամի համար հիմա ամենակարեւորը մեր բալիկին մեծացնելն է, կրթելն ու ճիշտ դաստիարակելը, սովորեցնել այն ամենը, ինչը մեզ են սովորեցրել մեր ծնողները: Շատ կարեւոր է երեխային հենց սկզբից դաստիարակելը: Երբ ինձ ասում են, որ երեխան դեռ շատ փոքր է եւ գիտակից չէ, շատ բաներ չի հասկանում, ես հակադարձում եմ. երբ որդիս դեռ չէր ծնվել, ես շատ էի լսում դասական երաժշտություն, ու հիմա նա եւս հաճույքով լսում է այդ երաժշտությունը»:

Ծնողները հետաքրքիր անուն են ընտրել իրենց փոքրիկի համար` Ժիրայր-Ալեքս: Երգչուհին պատմեց նաեւ, թե ինչպես է տեղի ունեցել որդու անվանակոչումը.

«Այնպես ստացվեց, որ մեր բալիկը ծնվեց իր պապիկի` Արամի հայրիկի ծննդյան օրը եւ դարձավ մեր կողմից ամենասպասված նվերը պապիկին (ժպտում է): Նրան հենց պապիկի պատվին անվանեցինք Ժիրայր, իսկ երկրորդ` Ալեքս անունը ես եւ Արամը միասին որոշեցինք, քանի որ այն ունի միջազգային հնչողություն, որը բոլորը կարող են արտաբերել»:

Նարեի խոսքով` որդին ավելի շատ ընդհանրություններ ժառանգել է Արամից.

«Զարմանալի է, բայց ինձ ընդհանրապես նման չէ, փոխարենը շատ նման է Արամին եւ Ժիրայր պապիկին: Աչքերը կապույտ են, կարծում եմ` այդ գույնը կպահպանվի, որովհետեւ հորս աչքերն էլ են կապույտ ու, առհասարակ, Գրիգորյանների մեջ շատ են կապուտաչյա կանայք եւ տղամարդիկ: Շատ ժպտերես է, դրանով ինձ է նման: Մայրս պատմում է, որ այդ տարիքում ես եւս ամբողջ օրը ժպտացել եմ եւ մարդամոտ եմ եղել: Արտաքնապես ինձ շատ նման չէ, բայց հուսով եմ` մեծանալով գոնե որոշ բնավորության գծեր ինձանից կժառանգի»,-ասում է ու հավելում,-«Նրան, ընդհանուր առմամբ, կարելի է հանգիստ երեխա համարել. զուսպ է, հանգիստ, բայց հենց, որ կաթի ժամն ուշացնում եմ, վերջ... Պահանջում է, որ ամեն ինչ ժամանակին լինի: Մենք նրա լեզուն արդեն հասկանում ենք, աշխատում ենք ամեն ինչ այնպես անել, որ վերջում լավ լինի»:

Բնականաբար, երգչուհի մայրիկն այսօր իր կատարումների մեծ մասը նվիրում է որդուն.

«Նրա համար կատարում եմ իմ իմացած բոլոր օրորոցային երգերը, որոնք էլ չգիտեի, սկսեցի սովորել: Նկատել եմ նաեւ, որ շատ է սիրում Էդգար Էլբակյան կրտսերի հեղինակած «Լուսին» երգը, որը շատ եմ կատարել, երբ դեռ հղի էի: Մեծ հիացմունքով է լսում ամեն անգամ»:

Նարեն արդեն վերադարձել է աշխատանքի. ասում է` երկար չի կարողանում մնալ դադարի մեջ.

«Երեխան դեռ երկու ամսական էր, երբ արդեն անցա աշխատանքի: Բուռն աշխատանքային գործունեությունից հետո երկար դադարն ինձ, ուղղակի, սթրեսի կբերեր: Շատ արագ ընտելացա մայրիկ լինելու «պաշտոնին» եւ արագ հաղթահարեցի հետծննդաբերական շրջանի բոլոր խնդիրները: Նաեւ Արամի շնորհիվ դա ինձ հեշտ տրվեց: Եթե նրա այդ մեծ աջակցությունը չլիներ, ես ոչինչ միայնակ չէի կարողանա անել»:

Ինչպես յուրաքանչյուր ծնող` Նարեն էլ շատ երազանքներ ունի կապված երեխայի ապագայի հետ.

«Երազում եմ, որ մեր բալիկը երջանիկ, ուրախ եւ անհոգ մանկություն ունենա, արժանի հայ լինի իր հայրենիքի համար, պիտանի` աշխարհի համար, լինի բարի ու կամեցող: Սա, կարծում եմ, այն է, ինչը յուրաքանչյուր ծնող երազում է իր երեխայի համար»:

Ի դեպ, չնայած երգչուհու ամուսինը` Արամը, երկար տարիներ ապրել ու աշխատել է ԱՄՆ-ում, արդեն 4 տարի է, ինչ բնակվում է Երեւանում, եւ ինչպես Նարեն է պատմում` այստեղ են պատրաստվում իրենց համատեղ կյանքն անցկացնել.

«Ամուսինս 2016 թ-ից է տեղափոխվել Հայաստան. որոշեց, որ պետք է շարունակի ապրել այստեղ, չնայած կյանքի մեծ մասը` շուրջ 25 տարի, ապրել է ԱՄՆ-ում: Հիմա ոչ նա, ոչ էլ ես չենք ցանկանում տեղափոխվել այլ երկիր, այստեղ մեզ լավ ենք զգում: Մեր ամեն ինչն այստեղ է` տունը, ընտանիքը, ընկերները, սիրելի աշխատանքը... Եթե, նույնիսկ, մեկնենք ԱՄՆ, ապա միայն օդափոխվելու, մի փոքր հանգստանալու համար: Մենք անչափ սիրում ենք Երեւանը, ցանկանում ենք, որ մեր փոքրիկը մեծանա այստեղ, այստեղ ստանա իր կրթությունն ու շարունակի մեր կիսատ թողած գործերը...»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Նարե Գրիգորյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE