Van Music Awards-ի հետաքրքիր դրվագները, մրցանակակիրներն ու ըստ Ժակի՝ ամենաանսովոր պահը (ֆոտո)

23:24   28 փետրվարի, 2020

Այսօր՝ փետրվարի 28-ին, կայացավ Van Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում 11 անվանակարգում մրցանակների արժանացան հայկական տարբեր  բենդեր:

Մրցանակաբաշխությունն առանձնացավ ֆոլկ եւ էթնո ոճերի միքսերի գերակայությամբ:

NEWS.am STYLE-ը ներկա է գտնվել ռադիոընկերության ամենամյա մրցանակաբաշխությանն ու պարզել դրա մանրամասներն ու այս տարվա առանձնահատկությունները:

««Ռադիո Վան»-ն արդեն երկու տասնամյակ անընդմեջ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որը նախկինում հայտնի էր «Ոսկե քնար» անվանումով, բայց արդեն տասը տարի է` այն անցկացնում ենք, պարզապես, Van Music Awards անվան ներքո»,-նշեց ռադիոկայանի հայտնի հաղորդավար Ժակ Պապիկյանը՝ հավելելով, որ այս տարի ունեցել են ձեւաչափի փոփոխություն. նախորդ տարի ռադիոկայանը ներկայացրել էր իր նորաբաց ստուդիան, որտեղ հայ արտիստներին հնարավորություն է տրվում կենդանի կատարումներով հանդես գալ եւ ներկայացնել իրենց ձայնագրությունները: Մրցանակաբաշխության բոլոր հաղթողներն ընտրվել են հենց այդ կենդանի կատարումների հիման վրա:

«Հայաստանում մրցանակ տալու ու ստանալու խնդիր կա, բայց մենք 20 տարի շարունակ կարողացել ենք իրականացնել այս մրցանակաբաշխությունն ու պահպանել գործընկերային հարաբերությունները: Սկզբում որոշել էինք, որ հաղթողներին պետք է ընտրենք ըստ հանրային քվեարկության, հետո հասկացանք, որ միայն հանրային քվեարկության վրա հիմնվելը բարդ կլինի: Այդպիսով, կազմվեց «Ռադիո Վան»-ի ստեղծագործական կազմը: Սա միակ ճանապարհն է արդարության: Փորձը ցույց է տալիս, որ հանրային քվեարկության արդյունքում ոչ թե հաղթում է լավագույնը, այլ այն կատարողը, որի «շտաբն» ավելի լավ է աշխատում: 11 անվանակարգերից միայն մեկն է ընտրվել հանրային քվեարկությամբ՝ People's Number One Choice անվան ներքո»,-պարզաբանեց հաղորդավարը:

Անդրադառնալով ընտրված բենդերին՝ նա նշեց.

«Մենք որոշեցինք մեր աջակցությունն ուղղել այն բենդերին, որոնք տարբերվում են իրենց ձեռագրով, որոնք ուզում ու ձգտում են կենդանի հնչողությամբ ելույթ ունենալ: Մրցանակաբաշխությունն իր ողջ բնույթով այլընտրանքային է: Այդ խմբերի հետ միասին  դժվար ճանապարհ ենք անցել: Դժվար էր այն առումով, որ թեկուզ մեկ ձայնագրության վրա մեծ թիմ էր աշխատում»:

Ժակի խոսքով՝ այս տարվա մրցանակաբաշխությունն իր համար անսովոր էր՝ երկար տարիների գործընկերուհու՝ Լուսինե Բադալյանի բացակայության պատճառով.

«20 տարի միասին ենք վարել այս մրցանակաբաշխությունը: Առաջին տարին է, որ նա չի վարելու, եւ մենք ձեւաչափը փոխել ենք, ընդգրկել ենք stand up ֆորմատի ելույթներ»:

Ձեզ ենք ներկայացնում Van Music Awards-ի բոլոր անվանակարգերի հաղթողներին եւ երեկոյի ամենահետաքրքիր դրվագները:

Arni Rock, Haik Solar եւ Սոնե Սիլվեր- People's Number One Choice (Հանրային ընտրություն)

Գարիկ եւ Սոնա- Hit Makers Number One (Համար 1 հիթ ստեղծողներ)

Nemra- Radio Friends Number one (Ռադիոկայանի համար 1 ընկերները)

Իլոնա- Cover Performer Number One (Համար 1 Cover կատարող)

Vishup Ensemble & Tmbata- Music Producer Number One (Համար 1 երաժշտական պրոդյուսեր)

Aratta Band - Fusion band Number One (Համար 1 ֆյուժն բենդ)

Sonet Quintet - Urban Song Artists Number One (Քաղաքային ժանրի համար 1 կատարողներ)

FairWind - Rock Band Number One (Համար 1 ռոք խումբ)

Katil Band - Breakthrough number one (Համար 1 հայտնություն)

Սյուզաննա Մելքոնյան - Woman's Performance Number One (Կնոջ համար 1 կատարում)

Arpi & Hayway Band - Band Number One (Համար 1 բենդ)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի





© NEWS.am STYLE