Ո՞ր հայտնիներն են ներկայացել կտրուկ փոփոխությամբ, ո՞վ՝ առանց շպարի, եւ ո՞ւմ մայրիկն է զարմացրել երիտասարդ տեսքով. Instagram-ն՝ այս շաբաթ

18:04   29 փետրվարի, 2020

Ի՞նչ են հայտնիները տեղադրել իրենց ինստագրամյան էջերում, ի՞նչ նորություններով են կիսվել եւ ո՞վքեր են այս շաբաթ ներկայացել ոճափոխություններով: Եթե ձեզ հետաքրքրում են այս հարցերի պատասխանները, բայց ինչ-ինչ պատճառներով շաբաթվա ընթացքում չեք հասցրել հետեւել ձեր սիրելի հայտնիների համացանցային ակտիվությանը, առաջարկում ենք շարունակել ընթերցել մեր այս խորագիրը, որի նպատակը Instagram-ն ամփոփելն է:

Փորձը ցույց է տալիս, որ հանրությանը հատկապես հետաքրքրում են հայտնիների հրապարակումներն ընտանիքի անդամների հետ: Սոֆի Դեւոյան կրտսերն այդ առումով վերջերս բավական ակտիվ է սոցիալական ցանցի իր էջում: Նա նոր ֆոտոշարք է իրականացրել մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ, իսկ կադրերով պարբերաբար կիսվում է համացանցում:

Երգչուհի Մարտան էլ հաճախ ուրախացնում է իր երկրպագուներին՝ ներկայացնելով որդու՝ փոքրիկ Նեոյի հետ սելֆիները: Եվ, իսկապես, ինչպե՞ս կարող է Նեոն չբարձրացնել ձեր տրամադրությունը:

Իսկ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը հետեւորդներին զարմացրել է իր գեղեցիկ եւ երիտասարդ մայրիկի հետ սելֆիով:

Ալինա Մարտիրոսյանն ու ամուսինը՝ Կարեն Արայանը, այս շաբաթ ջերմ լուսանկարներ էին հրապարակում՝ ցրտաշունչ ձմռան ֆոնին:

Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը՝ Մանո Գրիգորյանը, օրերս ներկա է եղել երգչուհի-դերասանուհի Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքին: Մանոն լուսանկար է հրպարակել մայրանալ պատրաստվող Աննայի հետ՝ այն մակագրելով՝ «Չկա ավելի գեղեցիկ մեկը, քան հղի կինը»:

Երգչուհի Էմմին, որը երկար ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, հետեւորդներին ներկայացել է բնական տեսքով: Իր հրապարակած կադրում Էմմին դիմահարդարում չի կրում:

Շաբաթը զերծ չի մնացել ոճային փոփոխություններից. դերասանուհի Սոֆյա Պողոսյանն իրեն փորձել է սեւահերի կերպարում, իսկ թխահեր Ադրիանա Գալստյանն էլ շիկահերի դերում է ներկայացել:

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն մազերի գույնը չի փոխել, բայց փոխել է դրանց չափսն ու ներկայացել ավելի կարճ սանրվածքով:

Դե, մեկնաբանեք՝ ում որ կերպարն է ավելի սազո՞ւմ:



© NEWS.am STYLE