Հայաստան է «ժամանել» ամերիկյան լեգենդար GAP բրենդը

19:45   2 նոյեմբերի, 2012

Հայաստան է «ժամանել» ամերիկյան լեգենդար GAP բրենդը։ Ապրանքանիշի առաջին երեւանյան վաճառասրահը բացվել է «Dalma Garden Mall»-ում, որեղ ներկայացված է այս սեզոնի համար նախատեսված վերջին հավաքածուն։ «GAP-ը առաջին անգամ է պաշտոնապես ներկայանում Հայաստանում։ Վաճառասրահում կա երեք բաժին՝ կանանց, տղամարդկանց եւ մանուկների։ Հատկապես լայն տեսականի է ներկայացված մանկական բաժնում, եւ հսկայական է ընտրությունը ջինսերի պարագայում։ Ընդհանրապես այս բրենդը աշխարհում սպառողներին հայտնի է իր ձեւային եւ գունային լայն տեսականիով»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց GAP-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացնող «Retail Group Armenia» ընկերության մարկետինգի մենեջեր Արմինե Թադեւոսյանը։

Նշենք, որ ապրանքանիշը հայտնի էր դեռ ԽՍՀՄ-ում ապրող մեր ծնողներին։ Այն ժամանակ սահմաններն Արեւմուտքի հետ փակ էին «երկաթի վարագույրով», բայց երիտասարդությունը ցանկանում էր լսել ռոք ու հագնել ջինսեր՝ «Levi’s» «GAP»…:

GAP-ը գործունեությունը սկսել է հեղափոխական 1969թ-ին, նույն տարում, երբ մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա, երբ աշխարհը «ցնցվեց» Woodstock ռոք- փառատոնով, ու այս ամենը ճանաչվեց, որպես ազատականության ու սեքս-հեղափոխության սկիզբ։

GAP-ը սկզբից Սան Ֆրանցիսկոյում գործող խանութ էր, որտեղ վաճառվում էին երաժշտական ձայնագրություններ եւ «Levi Strauss»-ի արտադրանքը։ Սեփական արտադրությունը սկսել է աստիճանաբար։ Բրենդը արտադրում է առօրյա հագուստ, այսինքն՝ զգեստապահարանի հիմնական հագուստ, օրինակ՝ շապիկներ, ջինսեր, վեղարով (капюшон) երկարաթեւ շապիկներ եւ այլն։

Տեղեկացնենք, որ բրենդը շուկայում միջին գնային մակարդակի հագուստ է ներկայացնում։



© NEWS.am STYLE