«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի հնդկական տարբերակը

17:12   5 օգոստոսի, 2013

Բոլիվուդը նկարահանել է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի սեփական տարբերակը: Հնդիկ ռեժիսորները որոշել են սովետական ֆիլմը հավերժացնել նաեւ սեփական մշակույթում՝ վերանկարահանելով Էլդար Ռյազանովի լեգենդար կոմեդիան: Սյուժեն սովետական կինոյի լեգենդի պատճենն է, բայց ավելացել են հնդկական ավանդական պարեր եւ երգեր:

«Ես սիրում եմ Ամանորը» վերնագրով ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ոչ թե Լենինգրադում, այլ Նյու Յորքում: Իսկ օտար հարսնացուի բնակարանում հայտնված հերոսը հնդկական տարբերակում ոչ թե բժիշկ է, այլ Ուոլ Սթրիթից բանկիր:

Բնականաբար, պահպանվել են շոգեբաղնիքում ընկերների հետ հարբելը, առավոտյան օտար բնակարանում արթնանալը, Իպոլիտի վերադարձը, նրա լուսանկարը պատուհանից ցուցադրաբար նետելը եւ, իհարկե, սերը:

Սա հնդկական կինեմատոգրաֆիայի առաջին նման փորձը չէ: Նման ժապավեններ են նկարահանվել նաեւ «Կատաղած շներ», «Թռիչք կկվի բնի վրայով», «Բրյուս Ամենակարողը» եւ այլ ֆիլմերի հիման վրա:



© NEWS.am STYLE