Երեւանում առաջին անգամ կայանալիք «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի մանրամասները

15:20   3 մարտի, 2020

Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն աշխարհին հայտնի երկու հանճարեղ արվեստագետների աշխատանքները:

Կցուցադրվի Սալվադոր Դալիի եւ Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, խեցեղեն… բոլոր նմուշները «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս եւ հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից են:

Ցուցահանդեսն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Իսկ Հայաստանում մշակութային այս իրողությունն առաջին անգամ հնարավոր դարձավ Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ:

Այսօր՝ մարտի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊ տնօրեն, նախագծի ղեկավար Արման Ծատուրյանը, «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինը մանրամասներ ներկայացրին սպասվող ցուցահանդեսի մասին:

«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի գլխավոր տնօրենը նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպաման գործում մեծ դեր է  ունեցել իր հանդիպումը վաղեմի ընկերներից մեկի հետ.

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների եւ ընկերության թեմաներով հարցեր, եւ նա ինձ առաջարկեց՝ ի՞նչ, եթե Հայաստանում էլ անցկացվի «Դալի եւ Պիկասո» խորագիրը կրող հայտնի ցուցահանդեսը: Ինձ, իհարկե, միտքը շատ դուր եկավ եւ հետաքրքրվեցի, թե ինչպես կարող ենք դա կազմակերպել: Նա զանգահարեց իր ընկերոջը՝ Ալեքսանդր Շադրինին, որն ընդամենը մեկ օր անց ժամանեց Հայաստան: Բանակցություններից եւ ուսումնասիրություններից հետո ձմռանը որոշեցինք, որ ցուցահանդեսը պետք է կայանա: Երբ Ալեքսանդրը կրկին եկավ Երեւան, նա ասաց, որ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Երեւանի լավագույն վայրում, իսկ լավագույնը Հայաստանի ազգային պատկերասրահն է: Այնուհետեւ հանդիպեցինք նաեւ ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանին: Մեր նախագծի արդյունքն արդեն կտեսնեք մարտի 7-ին»:

Ալեքսանդր Շադրինն էլ խոստովանեց, որ ի սկզբանե Հայաստանում ցուցահանդես բերելու ծրագրեր չի ունեցել.

«Իսկապես, Հայաստան այցելություն չէի նախատեսել, բայց այլ բան է, երբ ընկերներն են նման առաջարկ անում: Ես կարծում եմ,  որ ցուցահանդեսը պահանջված է ոչ միայն ընդգրկված աշխատանքներով, այլեւ ամբողջ կոնցեպցիայով: Դալին եւ Պիկաոն իրենց հայրենիքի մեծ երկրպագուներն էին»:

Անդրադառնալով ցուցահանդեսի կառուցվածքին ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ ներկայացված ստեղծագործությունների ճնշող մեծամասնությունը գրաֆիկական աշխատանքներ են լինելու: Ինչ վերաբերում է ցուցահանդեսի ժամանակացույցին՝ նա հավելեց.

«Առայժմ երկու ամսվա ցուցադրություն ենք նախատեսում, սակայն եթե տեսնենք, որ ցուցահանդեսը հաջողություն է գրանցում Երեւանում, միգուցե, այդ ժամկետը երկարաձգենք»:

Ի դեպ, հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, մեծությամբ 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE