Հորից որդուն անցած «ոսկե ժառանգություն». Արշավիր Դավթյանի հաջողության գրավականն ու նրա զարդերի գրանցած հաղթանակները միջազգային հարթակում

12:05   4 մարտի, 2020

Սկսած 1974 թ-ից Դավթյան ազգանունը դարձել է ամենապահանջվածներից մեկը ոսկերչության ոլորտում:

Ամեն ինչ սկսվեց ընտանիքի հորից՝ Յուրա Դավթյանից, որի աշխատանքը «ամենազնիվ մետաղի» հետ դարձավ նաեւ նրա որդիների, մասնավորապես՝ Արշավիր Դավթյանի ամենասիրելի զբաղմունքը. Արաշավիրը դեռեւս դպրոցական տարիքից է ցուցաբերել ոսկերչության հանդեպ հետաքրքրություն եւ մեծ սեր: Այդ սերն այնքան մեծ էր, որ արտահայտվում էր, նույնիսկ, դպրոցական շարադրություններում: Մի անգամ` երրորդ դասարանում նա հերթական շարադրությունը գրել է այն մասին, որ երազում է նմանվել իր հորը` դառնալով լավ ու հմուտ ոսկերիչ…

Դպրոցական տարիների երազանքը չմնաց, պարզապես, երեւակայություն: Հայրը նկատելով որդու մեծ սերը ոսկերչության նկատմամբ՝ սկսում է կիսվել նրա հետ իր հմտություններով՝ տարիների ընթացքում իր փորձը փոխանցելով նրան:

Արդեն 30 տարի է, ինչ Արշավիր Դավթյանը շարունակելով հոր գործը` ոսկերչության ոլորտում է: Նա շարունակում է զարկ տալ հոր արհեստին եւ «Դավթյան» ազգանունը բարձր պահել իր դիրքերում:

Արշավիր Դավթյանի ստեղծած բրենդը տարիներ շարունակ պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս: Իր պատրաստած զարդերով Արշավիրը մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների՝ Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Չինաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում՝ վերադառնալով առաջին տեղի մրցանակներով, բարձր որակի հավաստագրերով, սերտիֆիկատներով եւ ոսկե մեդալներով, որոնցով էլ այսօր «զարդարված է» նրա գրասենյակը:

NEWS.am STYLE-ն օրերս եղել է Արշավիրի գրասենյակում, մոտիկից ծանոթացել ներկայացված զարդերին եւ փորձել հասկանալ նրա՝ ոլորտում առաջատարներից լինելու գաղտնիքները:

Նրա ստեղծած զարդերը բազմազան են՝ կախազարդեր, մատանիներ, ականջօղեր, թեւնոցներ, մեդալներ, մանկական զարդեր, հուշանվերներ եւ ավելին… Արշավիր Դավթյանի հաջողության գաղտնիքներից մեկը հենց դա է՝ հաճախորդին ամեն հարցում գոհացնելու սկզբունքը` պատրաստելով նրանց ցանկացած զարդը:

Դավթյան եղբայրները պատմում են, որ իրենց մոտ հաճախորդի ցանկությունը միշտ «չգրված» օրենք է: Սիրով լսում են յուրաքանչյուրի ցանկությունը, հաճախ կիսվում նաեւ խորհուրդներով եւ վերջում ստանում այն, ինչը գոհացնում է բոլորին:

Հաջողության գրավական է նաեւ համառությունն ու անդադար կատարելության ձգտումը: Եղբայրները հիշեցին իրենց մանկությունից մի դրվագ, երբ Արշավիրն իր պատրաստած առաջին զարդերից մեկը ցույց էր տվել հորը. նա, իհարկե, որդուն խրախուսել է, բայց նաեւ՝ մատնանշել աշխատանքի թերի կողմերը՝ պահանջելով նրանից կրկին պատրաստել այդ զարդը:

«Որքան էլ, որ դժվար լիներ, քանի որ կրկնակի աշխատանք պետք էր կատարել փոփոխության դեպքում, նա դա առանց զլանալու կատարում էր ու դա անում էր այնքան ժամանակ, մինչեւ արդյունքը լիներ գերազանց»,-հիշում են եղբայրները:

Բարձր որակի հումք եւ բարձրակարգ ձեռքի աշխատանք՝ սրանք եւս Արշավիրի համար սկզբունքային հատկանիշներ են.

«Եղել են զարդեր, որոնց վրա նա մոտ կես տարի աշխատել է, ինչի շնորհիվ ցուցահանդեսի ժամանակ առաջին տեղն է զբաղեցրել: Մենք չենք խուսափում գործից՝ որքան բարդ, այնքան՝ ավելի հետաքրքիր»:

Բրենդը 80-ից ավել միջազգային ցուցահանդեսների է մասնակցել: Հիմնականում հրավերները եղել են տվյալ երկրների ցուցահանդեսների կազմակերպիչների կողմից: Այդ շարքում քիչ չեն նաեւ մանկական զարդերի թեմատիկ ցուցադրությունները, որոնցից եւս վերադարձել են պարգեւներով եւ բարձր գնահատականներով:

Արշավիր Դավթյանի պատրաստած զարդերը պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Զարդերի առաքումն իրականացվում է, ինչպես Հայաստանի տարբեր մարզերում, այնպես էլ երկրից դուրս:

Ի դեպ, «Davtyan» բրենդի երկրպագուների ցանկում քիչ չեն նաեւ զբոսաշրջիկները, որոնք հաճախ նորանոր հաճախորդներ են բերում իրենց հետ: Հաճախորդներից շատերը նշում են, որ Արշավիրի պատրաստած զարդերը տարբերվում են ոչ միայն որակով, այլեւ ձեռագրով: Դա նկատում են նաեւ Արաշավիրի եղբայրները.

«Եղել են դեպքեր, երբ փողոցում քայլելիս չենք ճանաչել զարդը կրողին, բայց հստակ ճանաչել ենք Արշավիրի պատրաստած զարդը»,-պատմում են նրանք:

Արշավիրին ոգեշնչում են հայկական զարդանախշերը, որոնք գերակշռում են նրա զարդերի դիզայնում: Հաճախ այդ զարդանախշերը լինում են հաճախորդի ընտրությամբ, բայց ավելի շատ են դեպքերը, երբ Արշավիրն ինքն է մտածում նախշեր, որոնք պետք է զարդարեն իր ստեղծած աշխատանքը: Բացի ոսկուց՝ նրա գործերում կտեսնեք նաեւ թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, որոնք հաճախ պատվիրվում են արտերկրից, իսկ շեշտը դրվում է ձեռքի աշխատանքի վրա, ինչն աշխարհում ավելի բարձր է գնահատվում, եւ բարձր է գնահատվել նաեւ միջազգային այն ցուցահանդեսներում, որոնց ներկայացվել են Արշավիրի պատրաստած զարդերը:

Ինչպե՞ս է Դավթյանին հաջողվում տարիներ շարունակ դիմակայել մրցակցությանն ու պահպանել դիրքերը: Հարցի պատասխանը պարզեցինք նրա եղբայրներից.

«Մենք սիրում ենք մեր գործը, բայց ոչ այնպես, ինչպես ընդունված է այսօր շատ դեպքերում, երբ, ուղղակի, մտածում են՝ կարելի է զբաղվել ոսկերչությամբ: Այս ամեն ինչը փոքրուց մեր արյան մեջ է, այս արհեստը մեր ընտանիքում այլ հարթության վրա է դրված. սիրում ենք մեր գործն ու փորձում լինել դրա մեջ լավագույնը, ինչպես մեր հայրն է մեզ սովորեցրել: Միջակությունը տեղ չունի մեր գործում. եթե ինչ-որ մասնագիտություն ես ընտրում, պետք է ձգտես դրա մեջ լինել լավագույնը, կամ դադարես զբաղվել դրանով եւ փոխես մասնագիտությունդ»:

Ինչ վերաբերում է առաջիկա ցուցահանդեսներին՝ ապա ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք պարբերաբար ստանում են միջազգային տարբեր հեղինակավոր ցուցահանդեսներում ներկայանալու նոր առաջարկներ, որոնցից յուրաքանչյուրի համար տարվելու է մանրակրկիտ եւ առանձնահատուկ աշխատանք:

Զարդերը ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 091650565 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նարինե Սահակյան



© NEWS.am STYLE