Ստեղնաշարային գործիքների վարպետը. Էդգար Հայրապետյանի երաժշտական ուղին ու հաջողությունը

13:25   6 մարտի, 2020

Նա այն երաժիշտն է, որը նվագում է հայկական շոու բիզնեսի, գրեթե, բոլոր ներկայացուցիչների համերգային շոուներին, նա գործիքավորում է երգեր, մասնակցում հայ արտիստների շրջագայություններին եւ շարունակում իր փորձով կիսվել ավելի երիտասարդ սերունդի հետ: Խոսքը ստեղնաշարային գործիքների վարպետ Էդգար Հայրապետյանի մասին է, որի հետ NEWS.am STYLE-ը զրուցել է անցած ուղու եւ առաջիկա նորությունների մասին:

Էդգար, ե՞րբ ու ինչպե՞ս սկսվեց Ձեր սերը ստեղնաշարային գործիքների նկատմամբ:

Մանուկ հասակից: Ծնվել եմ երաժիշտի ընտանիքում, հայրիկիս գործընկերները միշտ մեր տուն էին գալիս ու նաեւ նվագում տարբեր երաժշտական գործիքներով: Ես բնատուր երաժշտական լսողությամբ միանում էի իրենց եւ արդեն տասներեք տարեկան հասակում ինձ վստահեցին, որպեսզի իրենց հետ գնամ ու նվագեմ կոմերցիոն միջոցառումներին: Իմ երաժշտական ուղին սկսել է ինքնաբուխ եւ աշխատանքի շնորհիվ զարգացել տարիների ընթացքում:

Տարբեր երաժշտական ոճերում, տարբեր արտիստների հետ եք համագործակցում. ո՞ր ոճն է, այնուամենայնիվ, Ձեզ ավելի հոգեհարազատ:

Տիրապետում եմ երաժշտական տարբեր ոճերի, համագործակցում եմ հայաստանյան, գրեթե, բոլոր հայտնի ու սիրված երգիչների հետ:

Ինձ ավելի հարազատ է հայկական փոփ երաժշտությունը, բայց իհարկե, սիրում եմ նաեւ մյուս բոլոր ոճերը` նվագում եւ համաշխարհային հիթեր եւ ազգային:

Այսօր ամենապահանջված երաժիշտներից եք եւ Հայաստանում, եւ արտերկրում ապրողների շրջանակներում, դուք նվագում եք Երեւանում տեղի ունեցող, գրեթե, բոլոր կենդանի համերգներին. երբ ետ եք նայում Ձեր անցած ուղուն, ի՞նչ եք կարծում՝ ո՞ր հատկանիշի շնորհիվ եք կարողացել հասնել այդպիսի հաջողության:

Ի ուրախություն ինձ` նախատեսված մեծ մենահամերգների ժամանակ իմ էլեկտրոնային ստեղնաշարային գործիքը միշտ բեմում ունենում է իր պատվավոր տեղը: Շնորհակալ եմ ազգությամբ հայ այն արտիստներին, ովքեր իրենց երաժշտական պատմության մեջ կարեւորագույն համերգները վստահել են նաեւ ինձ: Աշխատել եմ ՀՀ վաստակավոր արտիստների հետ: Կարծում եմ` այն, ինչ պահանջում են երգիչները, ես կարողանում եմ կատարել, դրանով պայմանավորված շատերն են ցանկություն հայտնում ինձ հետ աշխատելու:

Երգիչներից ո՞ւմ հետ եք առանձնահատուկ ոգեւորությամբ աշխատում:

Նրանք բոլորն էլ իմ ընկերներն են, որոնց հետ ճանապարհ ունեմ անցած այն բազմամարդ, հազարավոր հանդիսատես ունեցող դահլիճներում, որտեղ նրանք հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում: Ես սրտանց ուրախանում եմ իրենց համար: Յուրաքանչյուր երգչի մեջ կա մի առանձնացող, տարբերվող բնավորության գիծ, որով ոգեւորվում ես ու հաճույքով աշխատում:

Արտիստների համար երգեր եք գործիքավորել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում այդ մրցույթի համար երգեր գործիքավորելիս: Հետեւո՞ւմ եք միջազգային փորձին:

Այո, հետեւում եմ միջազգային փորձին ու կարեւորում ինձ դիմած անձի բնատուր երաժշտական տվյալները, բեմական լինելու շարմը :

Կա՞ մի արտիստ, որի հետ դեռ առիթ չի եղել աշխատելու, բայց հավանում եք նրա ոճն ու կցանկանայիք համատեղ մի նախագածի շուրջ աշխատել:

Այս ոլորտը, որում մենք աշխատում ենք, սիրում է երիտասարդ դեմքեր ու անուններ: Այն, որ մեր սերնդակիցների հետ բազմաթիվ երաժշտական նածագծերի եմ մասնակցում, ինչ խոսք`հաճելի է , բայց ավելի երիտասարդների հետ աշատելն էլ իր հետաքրքիր կողմերն ունի: Այնուամենայնիվ, չէի ցանկանա նրանցից որեէ մեկին առանձնացնել:

Ձեր փորձով կիսվելու առիթներ հաճա՞խ են լինում սկսնակ երաժիշտների հետ:

Հաճախ եմ կիսվում սկսնակ երաժիշտների հետ: Դա գործնականում նաեւ անխուսափելի է, որովհետեւ տարբեր առիթների ու նախագծերի ժամանակ` կախված ծրագրից ու կազմակերպչական աշխատանքներից, դու հայտնվում ես նոր մարդկանց կողքին, որոնք տաղանդավոր են եւ կրթված:

Ի՞նչն եք առաջնային հաշվի առնում արտիստների հետ համագործակցության առաջարկներն ընդունելիս: Ձեզ համար կարեւո՞ր է նրանց ճանաչված լինելը, երաժշտական ոճը...

Պետք է արտիստը լինի բնատուր տաղանդավոր եւ ճաշակով, աշխատասեր, ինչի շնորհիվ էլ ստեղծվում է լավ համագործակցություն: Ճանաչված լինելը պարտադիր պայման չէ :

Առաջիկայում ի՞նչ նորություններ ունեք: Ո՞ր համերգներին եք ելույթ ունենալու:

2020թ-ը շատ բեղուն է. փետրվարի 20- ին մեկնել էինք Դուբայ, իսկ ապրիլի 12 -ին համերգ կունենանք Շվեդիայում, 19-ին` Ստամբուլում, մայիսի 25- ին, հունիսի 3-ին` ՌԴ-ի տարբեր քաղաքներում ունենք համերգային շրջագայություն Արմենչիկի ու Հարութ Փամբուկչյանի հետ : Հունիսին13-ին Փարիզում կմասնակցեմ մրցանակաբաշխության, որին կմասնակցեն բոլոր հայ հայտնիները: Այնուհետեւ հունիսի 27-ին Կանադա կմեկնեմ: Եվս մեկ համերգ նախատեսված է օգոստոս ամսին` Սուպեր Սաքոյի հետ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE