Պիկասոյի եւ Դալիի հերթական «հանդիպումը»` այս անգամ Երեւանում (ֆոտո)

21:34   6 մարտի, 2020

Երեւանում այսօր` մարտի 6-ին, մեկ հարկի տակ «հանդիպեցին» երկու հանճարեղ իսպանացի` 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներ Պաբլո Պիկասոն եւ Սալվադոր Դալին: Ժամանակի ամենապահանջված արվեստագետներին միավորել էր «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը, որի շրջանակում մարտի 7-ից մինչեւ ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կարող եք գտնել նկարիչների ամենահայտնի գործերը: Դրանք Երեւան է բերել «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս եւ հայտնի հավաքորդ Ալեքսանդր Շադրինը, որը տվյալ ցուցահանդեսով արդեն հասցրել է շրջել աշխարհի մի շարք երկրներում: Ցուցահանեսը, որի շրջանակում ներկայացվում է Դալիի եւ Պիկասոյի մոտ 260 աշխատանք, Երեւանում հնարավոր է դարձել «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի ջանքերի շնորհիվ:

Տվյալ հավաքածուն Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, եւ այն մեծությամբ 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ:

Հավաքածուում ներառված գործերի մեջ գերակշխռում են գրաֆիկական պատկերները, ներկայացված են նաեւ քանդակներ եւ խեցեղեն:

Պաբլո Պիկասոն եւ Սալվադոր Դալին կենդանության օրոք համատեղ ցուցահանդես չեն ներկայացրել, սակայն միմյանց բավական լավ են ճանաչել: Իսպանացի արվեստագետների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1926 թ-ին` Փարիզում: Այդ ծանոթությունն է դարձել Դալիի` սյուրռեալիստական ճանապարհի սկիզբը։ Ավելի քան 20 տարվա տարիքային տարբերությունը չի խանգարել արվեստագետների մտերմությանը: Պիկասոն` որպես ավագ ընկեր, ոգեշնչել եւ օգնել է Դալիին կայացման գործընթացում:

Դալին 1947 թ-ին ներկայացրել է Պիկասոյի դիմանկարը, որը նրա հայտնի գործերի շարքում է: Երկու իսպանացիներին միավորել է նաեւ սերը հայրենիքի նկատմամբ, որն արտատպվել է նրանց աշխատանքներում: Սա, թերեւս, արվեստագետներին կապող քիչ ընդհանրություններից է: Այս մասին փաստեց նաեւ ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Իմ կարծիքով Պաբլո Պիկասոն եւ Սալվադոր Դալին իրարամերժ կերպարներ են, ինձ թվում է` նրանց միավորել է հանճարն ու իսպանացի լինելը: Իրականում նրանք թե´ որպես մարդիկ, թե´ որպես արվեստագետներ տարբեր են: Դալին բուռն ֆանտազիաներով էր, իհարկե Պիկասոն էլ չէր զիջում, բայց կարծում եմ` նա ավելի իրատեսական էր»,-իր խոսքում նշեց նա ու հավելեց,-«Նմանատիպ միջոցառումները յուրահատուկ տրամադրություն են հաղորդում ամբողջ հանրապետությանը: Այս ցուցահանդեսն արդյունք է արվեստի հանդեպ մեծ սիրո, ընկերական փոխհարաբերությունների եւ պրոֆեսիոնալիզմի»:

Հայաստանի ազգային պատկերասրահը վաղվանից սկսած` մոտ երկու ամիս իր դռները կբացի հայտնի արվեստագետների ստեղծագործությունների սիրահարների առաջ: Նախագծի կազմակերպիչների խոսքով` կախված պահանջարկից եւ հետաքրքրությունից` հնարավոր է նաեւ ցուցահանդեսի ժամկետի երկարաձգում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE