«Սխալներն ավելի են հասունացրել ինձ». Ադրիանա Գալստյանը` հավատքի, նոր կերպարի, ներքին եւ արտաքին փոփոխությունների մասին

17:05   7 մարտի, 2020

Ադրիանա Գալստյանը կրկին նկարահանման հրապարակում է: Դերասանուհին նկարահանվում է Հենրի Քոչարյանի «Վայրենի տատին» նոր կատակերգությունում, որի գլխավոր դերում Ջուլիետա Ստեփանյանն է:

Օրերս Ադրիանան նկարահանման հրապարակից լուսանկար էր տեղադրել, որում շիկահերի կերպարում էր: Նրա երկրպագուները շտապեցին հաճոյախոսություններ շռայլել նոր իմիջի վերաբերյալ, սակայն ինչպես նշում է դերասանուհին` ինքն առայժմ պատրաստ չէ նման կտրուկ քայլերի:

NEWS.am STYLE-ն Ադրիանա Գալստյանի հետ զրուցել է նոր կերպարի, ներքին փոփոխությունների եւ դժվարությունները հաղթահարել օգնող հավատքի մասին:

Դերասանուհին նշեց, որ կտրուկ ոճափոխության սիրահար չէ, իսկ կեղծամը փորձել է զվարճանքի համար.

«Իրականում այդքան էլ կտրուկ չեմ փոփոխությունների հարցում, պարզապես, նկարահանումների ժամանակ առիթը բաց չթողեցի եւ որոշեցի տվյալ կեղծամի միջոցով հասկանալ` հետագայում արժի լինել շիկահեր, թե ոչ: Նման ոճով կներկայանամ միայն ֆիլմում, եթե կերպարը դա պահանջի, իսկ այս պահին այս սանրվածքն իմը չէ»:

Սակայն նա չբացառեց, որ, միգուցե, ժամանակի ընթացքում փոխի կարծիքը.

«Կախված է տարիքից. ամեն դեպքում, կարճ սանրվածքներից չեմ խուսափում: Ինչ վերաբերում է շիկահեր լինելուն, ինչպես արդեն նշեցի` ինձ այդ կերպարում չեմ պատկերացնում»,-ասում է դերասանուհին, որն այս շրջանում նոր հմտություններ է փորձում ձեռք բերել, քանի որ նոր հերոսուհին իր համար անսովոր մասնագիտության տեր աղջիկ է.

«Նկարահանման առաջարկը ստացել եմ պրոդյուսեր եւ ռեժիսոր Հենրի Քոչարյանից, մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն: Շատ բան չեմ կարող պատմել ֆիլմի մասին, միայն կարող եմ հետեւյալը մանրամասնել` նա Աննան է` ջութակահարուհի (ժպտում է)»:

Նախորդ` «Հեքիաթահարված» ֆիլմում Ադրիանայի հերոսուհին ասփյուռքահայուհի էր, ինչի արդյունքում դերասանուհին ամբողջ ֆիլմի ընթացքում խոսում էր հատուկ ակցենտով: Նրանից հետաքրքրվեցինք` ո՞րն է նոր կերպարի ամենաբարդ կողմը.

«Քանի որ նա ջութակահարուհի է, ինձ բաժին է ընկել բարդ երաժշտական գործիքի տիրապետելը...Թերեւս դա է բարդությունը»:

Դերասանուհի, մոդել, հեռուստադեմք` այս մասնագիտությունները ոչ վաղ անցյալում երազանք են եղել Ադրիանայի համար, սակայն ժամանակի ընթացքում նա կարողացել է իրականություն դարձնել դրանք: Ադրիանան ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, այլեւ հայ երգիչների տեսահոլովակներում եւ մի շարք բրենդների գովազդային արշավներում: «Ոչ միայն երազել, այլեւ գործել է պետք: Երբեք չպետք է հիասթափվել»,-համոզված է դերասանուհին, որը վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել իր ներքինին ու հոգեւոր արժեքներին:

Պատասխանելով հարցին, թե ինչ դժվարությունների հետեւանքով է ձեւավորել իր նոր աշխարհհայացքը, Ադրիանա նշեց.

«Հոգեւոր կյանքով ապրելը եկել է ոչ թե դժվարություններից, այլ Աստծո հետ հանդիպումից: Աստծո սերը, նրա ձեռքի գործերը, հրաշքները, պաշտպանությունն իմ կյանքում տեսնելուց: Իհարկե, նախկինում եղել են շատ դժվարություններ, անհույս վիճակներ, նեղություններ. դրանք կարող են կրկնվել նաեւ այսօր, բայց կա մեկ տարբերություն` ես հիմա ունեմ Աստծուն, եւ եթե նախկինում ասում էի` դա անհնար է, հիմա գիտեմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե անգամ եղել են սխալներ, դրանք էլ ավելի են հասունացրել ինձ: Շատերս մեր սեփական սխալների վրա ենք սովորում...»:

Դերասանուհին հավելեց նաեւ, որ գտել է հուսալքված պահերի համար լուծումն իր մեջ.

«Ես այլեւս միայնակ չեմ զգում, իսկ երբ հուսալքված եմ լինում, ինձ օգնում է Աստվածաշունչ ընթերցելն ու աղոթելը»:

Գործի բերումով դերասանուհին հաճախ է շփվում փոքրիկների հետ՝ լինելով մրցույթների ժյուրիի կազմում, կամ որպես մարզիչ:

«Եթե հնարավորություն ունենայիր վերադառնալու մանկություն, ի՞նչը կփոխեիր այնտեղ» հարցին Ադրիանան պատասխանեց.

«Իմ մանկությունն էլ է շատ ակտիվ անցել, փոքր տարիքում մասնակցում էի բազմաթիվ համերգների, երգչախմբի անդամ էի, երբեմն հանդես էի գալիս ներկայացումներում, դրանցից մեկը «Անտառային արկածներն» էին: Եթե լիներ հնարավորություն, պարզապես կցանկանայի նորից նույն մանկությունն ու պատանեկությունն ապրել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ադրիանա Գալստյանը



© NEWS.am STYLE