90-ականների նոստալգիա եւ անակնկալ կատարում՝ հայերենով. «Иванушки International» հայտնի խմբի համերգը՝ Երեւանում (ֆոտո/վիդեո)

11:03   9 մարտի, 2020

22 տարի անց ռուսական ամենահայտնի ու մինչ օրս պահանջված խմբերից մեկը՝ «Иванушки International»-ը համերգային ծրագրով հանդես եկավ Երեւանում: Խմբի համերգը, որը տեղի ունեցավ երեկ` մարտի 8-ին, Dvin Music Hall-ում, նվիրված էր Կանանց միջազգային օրվան: 90-ականների ամենահայտնի բենդի երկու անդամները՝ Անդրեյ Ապոլոնովը եւ Կիրիլ Անդրեեւվը ջերմորեն էին հիշում իրենց նախորդ այցը, մինչդեռ 2013-ից խմբին միացած Կիրիլ Տուրիչենկոյի համար սա երեւանյան առաջին այցն էր, բայց երգիչը ոչ պակաս ոգեւորված էր:

Համերգի սկզբում արտիստները շնորհավորեցին դահլիճում ներկա բոլոր կանանց եւ աղջիկներին, այնուհետեւ կիսվեցին Երեւանից ստացած իրենց տպավորություններով.

«Ավելի, քան 20 տարի Երեւանում չենք եղել, տեսնում ենք՝ բոլորդ արդեն մեծացել եք»,-կատակեցին նրանք,-«Իսկապես, հրաշալի է, որ այստեղ ենք, այն էլ՝ այս գեղեցիկ տոնին: Մեզ շատ ջերմ են ընդունել, եղանակն էլ այնքան դուրեկան է, մարդիկ լավն են, գեղեցիկ ու բարի: Այսօր փորձելու ենք բոլորիդ վերադարձնել 90-ականներ՝ դեպի մանկություն, երբ դեռ դպրոցում էիք սովորում: Իսկ պարելը պարտադիր պայման է»:

Երգիչները ստիպված չէին հանդիսատեսին երկար համոզել պարել: Առաջին իսկ երգից սկսած մինչեւ վերջին կատարումը կարոտած երկրպագուները ձայնակցում էին սիրելի խմբին, անգիր երգում բոլոր ստեղծագործությունները, պարում եւ ակտիվորեն արձագանքում արտիստների կատակներին:

Իսկ «Иванушки International»-ին, իսկապես, հաջողվեց հավաքվածներին տանել տարիների ճանապարհորդության: Նրանք կատարեցին իրենց երգացանկի ամենահիթային ստեղծագործությունները՝ «Тучи», «Кукла», «Билетик в кино», «Тополиный пух», «Реви», «Снегири», «Колечко» եւ այլն:

Համերգը զերծ չմնաց այլ անակնկալներից. մինչ Անդրեյ Ապոլոնովն ու Կիրիլ Անդրեեւը գնացին ետնաբեմ՝ փոխելու իրենց հագուստը, Կիրիլ Տուրիչենկոն անսպասելի կատարմամբ հանդես եկավ: Նա երգեց Թաթա Սիմոնյանի եւ Անատոլի Դնեպրովի հայտնի «Արմենիա» երգը՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն բառերով: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել խմբի համերգին: Այս եւ մյուս հետաքրքիր դրվագները՝ մեր ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE