Անահիտ Ադամյանը` «Ну-ка, все вместе!» ռուսական շոուում իր եւ եղբոր հաղթանակի, Լազարեւի կարծիքի ու պապիկի` Աշոտ Ղազարյանի արձագանքի մասին (ֆոտո)

18:31   10 մարտի, 2020

Անահիտ եւ Բորյա Ադամյանները գրանցել են նոր հաղթանակ: Instagram-ում իրենց cover կատարումներով հայտնի քույրն ու եղբայրն այս անգամ դարձել են ռուսական «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի հատուկ թողարկման հաղթողները, որտեղ մասնակիցները երեխաներ էին: Մրցույթում նրանց ուղեկցում էր մայրիկը՝ Մարգարիտա Ղազարյանը: Նա եւ Անահիտը NEWS.am STYLE–ին մանրամասներ են հաղորդել մրցույթի մասնակցության, հաղթանակի եւ էմոցիաների մասին:

«Սա տվյալ շոուի առաջին մանկական թողարկումն էր: Ինձ հետ կապ հաստատեցին Instagram-ի միջոցով եւ Անահիտին ու Բորյային հրավիրեցին Մոսկվա՝ մասնակցելու նախագծին: Ճիշտն ասած՝ Անահիտին հրավիրում էին, որպես ժյուրիի անդամ, իսկ Բորյային մասնակցելու համար, բայց քանի որ Բորյան հատուկ երգացանկ չունի, ես հայտնեցի, որ նա երբեք միայնակ չի երգել, միշտ Անուլի հետ է երգել, այդպիսով՝ որոշվեց, որ երեխաները կներկայանան դուետով»,-պատմում է Մարգարիտան:

Անահիտն ու Բորյան մրցույթում ներկայացել են All The Right Moves երգով: Մարգարիտան հայտնեց, որ երգն ընտրվել էր մրցույթի վոկալի մասնագետների օգնությամբ.

«Երբ արդեն հաստատվեց մեր մասնակցությունը, իրենց վոկալի ուսուցչուհին մեզ հետ կապվեց եւ տեսազանգի միջոցով սկսվեցին պարապմունքները: Երեխաները ցույց տվեցին, թե ինչ երգեր ունեն իրենց երգացանկում, ուսուցիչն էլ իր խորհուրդներով կիսվեց, առաջարկեց երգը, երեխաները հավանեցին այն: Անուլը լավ գիտեր ադ ստեղծագործությունը, Բորյային երգը ծանոթ չէր, բայց մի քանի օրում նա էլ սովորեց»:

Անահիտն ու Բորյան կարճ ժամանակ առաջ մասնակցել են նաեւ Մաքսիմ Գալկինի «Лучше всех» նախագծին. ռուսական հեռուստատեսությունում քույր եւ եղբայր դուետին արդեն լավ են ճանաչում: Նրանց մայրիկի խոսքով` դա եւս նպաստել է, որ երեխաներն ավելի անկաշկանդ ելույթ ունենան:

«Ռուսական հեռուստատեսությունում Անահիտն ու Բորյան արդեն բավական հայտնի են: Դա զգացինք նաեւ «Մոսֆիլմ»-ում հյուրընկալվելիս, շատ-շատերը մոտենում էին, շփվում նրանց հետ: Տարբեր նախագծերում մասնակցելն, իհարկե, օգնում է. երեխաներն ավելի մեծ փորձ են ձեռք բերել այս ընթացքում, հատկապես՝ Բորյան, որովհետեւ Անուլն ավելի վաղուց է երգում: Ամեն դեպքում, այդ նախագծերն օգնում են, որ բեմում ավելի ազատ լինեն, չկաշկանդվեն»:

Բեմում իրենց ելույթի եւ հույզերի մասին NEWS.am STYLE-ին պատմեց Անահիտը:

«Հուզմունք, երեւի, բոլորս էլ ունեինք: Հատուկ չէինք մտահոգվում որեւէ մեկի արձագանքից. դե, այս անգամ Սերգեյ Լազարեւն էր գլխավորում ժյուրիի կազմը, ավելի շատ նրա արձագանքի մասին էինք մտածում»:

Իսկ Լազարեւը ժյուրիի եզակի անդամներից էր, որը ոտքի չկանգնեց: Նա, իհարկե, նկատեց հայ մասնակիցների յուրահատուկ տեմբրն ու տաղանդը, բայց պատճառաբանեց, որ ավելի մաքուր կատարումներ էլ էր լսել:

Բայց Անահիտը Լազարեւի կարծիքի մեջ եւս դրական բան է տեսնում.

«Ամեն նոր նախագծից նոր բաներ ենք սովորում: Այս մեկից, օրինակ, սովորեցինք, որ մեզ կարող են նաեւ դիտողություն անել, ինչպես արեց Սերգեյ Լազարեւը: Այսքան ժամանակ միշտ հակառակն էր եղել, շատ հայտնի մարդիկ միայն լավն էին ասում: Բայց Լազարեւի կարծիքն էլ էր մեզ համար փորձ, հասկացանք, որ ոչ միշտ պետք է միայն դրական արձագանքներ ստանանք»:

Նա նաեւ խոստովանեց.

«Հաղթանակի չէինք սպասում, բայց հույս ունեինք, որ, միգուցե, հաղթենք, սակայն 100 հոգի էին գնահատելու մեր ելույթը, եւ չէինք կարող գուշակել, թե ինչ կարող էր լինել: Տրամադրվել էինք, որ պիտի լավ ելույթ ունենայինք, լարվածությունը մեծ չէր, ավելի շատ ձգտում էինք հաճույք ստանալ մեր ելույթից: Քանի որ մասնակիցներից մեկն արդեն ուներ 97 միավոր, հաղթանակի մասին դժվարանում էինք մտածել, բայց հավաքեցինք 98 միավոր ու շատ ուրախացանք»:

Մարգարիտան էլ հավելեց, որ երեխաներից կազմված ժյուրիին գրավելը հեշտ չի եղել.

«Կարծում եմ` ավելի դժվար է երեխաներին գրավելը, քանի որ նրանց մեջ ավելի մեծ մրցակցություն կա: Մեծերը, կարծում եմ, երեխաներին այլ աչքով կնայեին: Աղջիկներից մեկը, որը Լազարեւի հետ միասին չկանգնեց Անահիտի ու Բորյայի ելույթից հետո` Ալինան, եւս եղբոր հետ հաճախ cover-ներ է անում: Սա արդեն խոսում է մրցակցության մասին. բոլոր երեխաները կանգնեցին, բացի նրանից»:

Ինչ վերաբերում է պապիկի` Աշոտ Ղազարյանի արձագանքին`Անահիտի խոսքով` նա, ինչպես միշտ, շատ է ոգեւորվել.

«Պապիկը շատ է ուրախացել, բոլորին պատմում է մեր ելույթի մասին: Իհարկե, զանգահարել է ու շնորհավորել, նորանոր հաղթանակներ է մաղթել, որ ավելի մեծ բեմեր գրավենք, նոր հաղթանակներ ունենանք»:

Անդրադառնալով երեխաների մասնակցությամբ նոր նախագծերին` Մարգարիտան նշեց.

«Ունեինք «Большая сцена» նախագծին մասնակցելու հրավեր, սակայն հրաժարվեցինք, քանի որ այդ շրջանը համընկավ երեխաների դպրոցական քննությունների հետ: Դեռ այլ նորություններ չունենք»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մարգարիտա Ղազարյանը



© NEWS.am STYLE