Խորհուրդ ենք տալիս մոտ նստել. «…ես չեմ հավատում Փոքրագույն Չարիքին». «Վեդմակ»

20:20   11 մարտի, 2020

Դեռեւս մինչեւ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թողարկումը, բոլորի մոտ մեկ հարց էր ծագում՝ «Գահերի խաղից» հետո ո՞ր սերիալն է գահ բարձրանալու: NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում ֆենտեզի, դրամա եւ արկածային ժանրի սերիալ «Վեդմակը»:

2019 թվականի դեկտեմբերի 20-ից սագան հեռարձակում է Netflix սթրիմինգային ծառայությունը: Երկրորդ եթերաշրջանի թողարկումը նախատեսված է 2021 թվականին:

Ֆիլմի ստեղծողն է Լորեն Շմիդտ Հիսրիչը:

Գլխավոր դերերում նկարահանվել են Հենրի Քավիլը, Անյա Չալոտրան, Ֆրեյա Ալանը, Ջոի Բեթին եւ այլք:

«Վեդմակը» լեհ գրող Անջեյ Սապկովսկու վեպերի համանուն շարքի ադապտացիան է: Լեհաստանում հեռավոր 2002 թվականին նրա գրքերն արդեն էկրանավորել են սերիալի ձեւաչափով... «Վեդմակին» զանգվածային հանրահայտություն բերեց խաղի նույնանուն տարբերակը, որը 2007 թվականին մշակել էր լեհական CD Projekt RED ընկերությունը:

Վեդմակ Գերալտը, որը մուտանտ է եւ հրեշներին սպանողը, ճանապարհորդում է Մայրցամաքում: Դրվագված մետաղադրամների պարկի դիմաց նա ձեզ կազատի ամեն տեսակի չար ոգիներից: Գյուղական խուլ անկյունում Յենիֆեր աղջիկը, որի բախտը սարսափելի չի բրել արտաքինի հարցում, հայտնվում է մոգության դպրոցում: Իսկ Ցինտրա թագավորության մանկահասակ ժառանգորդուհին, ում անունը Ցիրի է, ստիպված է փախուստի դիմել, երբ նրանց երկիրը նվաճում է Նիլֆգարդ կայսրությունը:

Սերիալի տիեզերքն այնքան էլ բարդ չէ, եթե անգամ սկզբնաղբյուրին ծանոթ չեք. այստեղ ամեն ինչ դասականի համաձայն է՝ պատերազմներ, մոգություն, հրեշներ եւ այլն: Մեկ ամբողջություն չկազմող պատումի ձեւաչափը, մեղմ ասած, խանգարում է ընկալմանը. անհասկանալի է՝ դա տեղի է ունեցել երե՞կ, թե՞ մի քանի տարի առաջ: Այս թերությունն ընդունել են նույնիսկ «Վեդմակը» ստեղծողները...Եթերաշրջանի վերջում, իհարկե, սյուժետային բոլոր գծերը հավաքվում են ժամանակային մեկ հենքի վրա, եւ հանդիսատեսը սկսում է պատկերացնել, թե ինչն ինչոց է. պոտենցիալ հանդիսատեսին չվախեցնելու համար ստեղծողները խոստացել են այլեւս փորձարկումներ չանել:

Սերիալի աներկբայելի արժանիքն է երաժշտությունը, որը գրել է Սոնյա Բելոուսովան: Հուզիչ եւ մարտական հին սլավոնական մոտիվները, ուրախ ռոմանտիկ բալադները եւ այլ շատ բաներ:

Մարտերի բեմադրությունը կատարված է այս ոլորտի պրոֆեսիոնալների կողմից. Գերալտի թրով աշխատանքի փոթորկալից ոճը՝ նզովքների համադրությամբ հոյակապ եւ միաժամանակ դաժան է նայվում:

Հրեշները (նրանք թեկուզ եւ այնքան էլ մեծաթիվ չեն) սարսափազդու տեսք ունեն, բնապատկերները գեղեցիկ են, բնությունը բազմակերպ, մոգությունը եւս վատը չէ՝ ակնհայտ է, որ ջանացել են վիզուալի հարցում:

Սերիալի արժանիքն է հիմնական դերասանների ընտրությունը: Գլխավոր հերոսների դերը կատարվում է կենդանի եւ անչափ ճշմարտանման, դու նրանց հավատում ես: Հատկապես կնշեմ Հենրի Քավիլին, քչերը կպատկերացնեին ճոճվող եւ սիրունատես  «Պողպատե մարդուն» Ռիվիայից մռայլ ու խիստ Գերալտի կերպարում:

Քիչ հայտնի բրիտանացի հնդիկ դերասանուհի Անա Չալոտրայի համար ավելի դժվար էր Յենիֆերի կերպարի ստեղծումը, քան Քավիլին: Նա պետք է արդարացներ ինչպես գրքերի շարքի, այնպեսլ էլ խաղերի երկրպագուների սպասումները: Ընդ որում՝ կերպարի հետ կապված չափը չանցնելով:

Դրական կողմերից կնշեմ այն, որ նա կադրում իսկապես հզոր վհուկ է նայվում: Հետաքրքիր է հերոսին հետեւել, եւ նրա պատմությունը կարող էր դառնալ առանձին սերիալի մի ամբողջ շերտ:

Ցիրիլայի դերում Ֆրեյա Ալանը կարողացել է հեշտ մարմնավորել երեխային, որը վախեցած է ամեն ինչից եւ ամենքից, հանգամանքների մեջ է ներքաշված, չգիտի ինչ է իր մեջ թաքնված եւ որն է իր կոչումը:

Պատմությունը չի զիջում դրամայի առումով, իսկ տեղ-տեղ նույնիսկ ավելի ուժեղ է Գերալտի եւ Յենիֆերի պատմությունից: Այլ հարց է, որ պարզապես երիտասարդ դերասանուհուն չի բավականացնում փորձը, որպեսզի ցույց տա իր հերոսուհու զգացումների եւ ապրումների ամբողջ գամման: Բայց քանի որ սա նրա առաջին լուրջ դերն է, կարելի է ասել, որ Ֆրեյան իր խնդիրը լուծել է:

Դե իսկ ամբողջ սերիալի զարդը, կարելի է ասել՝ տորթի վրայի բալի հատիկը Լյուտիկն է՝ Ջոի Բեթիի կատարմամբ. դերի 100-տոկոսանոց կատարում, դերասանի խարիզմա, Գերալտի հետ հոյակապ քիմիա, հերոսի թեթեւություն, հումոր եւ ի վերջո՝ նրա երգերը:

Լյուտիկի կատարմամբ, մասնավորապես, «Toss a Coin to Your Witcher» երգը ընդհանրապես կարելի է անվանել սերիալի ոչ պաշտոնական օրհներգը, որն արդեն հիթ է դարձել:

Կարելի է ասել, որ քննադատներն անարժանիորեն են պարսավել սերիալը, իսկ երկրպագուներն այն մի փոքր գերագնահատել են: Մինչեւ դիտումը տիեզերքի մասին ոչինչ չիմացող մարդուն սկզբում ամեն ինչ անհասկանալի կլինի, իսկ հետո վերաբերմունքն արդեն կախված կլինի ժանրի, դերասանների հանդեպ անձնական համակրանքից եւ պատումը վարելու եղանակից:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE