«Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ անցած գեղեցկուհին իր նոր ֆոտոշարքով բոլորին հրավիրում է իր հարազատ քաղաք Արտաշատ

14:05   11 մարտի, 2020

«Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթի մասնակից Սերինե Մխիթարյանը նոր ֆոտոշարք ունի, որով մտադիր է բոլորին հրավիրել իր բնակավայր` Արտաշատ: Սերինեն իր ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել` ինչպես է առաջացել դրա գաղափարն ու որքանով է կյանքը փոխվել գեղեցկության մրցույթին մասնակցելուց հետո:

«Ֆոտոշարքի մասին գաղափարն ի հայտ եկավ արեւոտ ու պայծառ քաղաքիս ծանոթացնելու նպատակով: Այն իրագործել եմ ընկերներիցս մեկի՝ լուսանկրիչ Վլադիմիր Մանուկյանի հետ»,-ասում է արտաշատցի գեղեցկուհին, որին հարազատ քաղաքում արդեն շատ լավ են ճանաչում.

«Տարբեր հասարակական վայրերում ինձ ճանաչում են, խնդրում միասին լուսանկարվել, տարատեսակ հարցեր են տալիս մրցույթի եւ իմ` այնտեղ հայտնվելու վերաբերյալ»,-ոգեւորված նշում է նա` հավելելով, որ մրցույթը բացի ճանաչումից` ուսուցողական բնույթ է կրել իր համար:

«Սովորեցի ժպտալ եւ սրտանց հիանալ հաղթանակով, նույնիսկ, երբ հաղթողը քո մրցակիցն է եւ դու գեղեցկության մրցույթում ես: Սովորեցի, օրինակ, դեֆիլե քայլք, սինխրոն պար, բեմական կեցվածք եւ, գուցե, շատ ավելին, ինչն այս պահին դժվարանում եմ մտաբերել: Այդ ամենի համար մրցույթի կազմակերպիչներին եմ պարտական՝ Գոհար Հարությունյանին, Ռուբինա Գրիգորյանին, Աստղիկ Կարապետյանին, Նարե Զաքարյանին»:

Ինչ վերաբերում է առաջիկայում այլ մրցույթների մասնակցությանը` Սերինեն ասում է.

«Կյանքն առջեւում է, ոչինչ չեմ բացառում»:

Նա նաեւ հավելում է, որ մրցույթից հետո առաջարկների պակաս չի ունեցել.

«Որպես ֆոտոմոդել` առաջարկները շատ են, ներկայումս ունեմ պայմանագիր Adobe Stock-ի եւ մի քանի այլ միջազգային կազմակերպությունների հետ: Սակայն, ցավոք սրտի` հաճախ, ստիպված եմ լինում ընտրել ֆինանսիստ լինել, թե մոդել (դե, քանի որ բանկում եմ աշխատում): Ես սիրում եմ երկու աշխատանքներս էլ հավասարապես, փորձում եմ անել այնպես, որ համեմված լինի կյանքս թե’ առաջինով, թե’ երկրորդով»:

Սերինեն խոսեց նաեւ ապագայի պատկերացումներից:

«Ապագաս պատկերացնում եմ քաղաքիս նման լուսավոր ու պայծառ՝ լի արեւի շողերով ու լիքը դրական էմոցիաներով: Ես սիրում եմ կյանքը»:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE