«Փոքր տարիքում շատ անինքավստահ էի. 4 դպրոց եմ փոխել, իսկ դեռահասի համար դա լուրջ սթրես է». Դայանա Դավթյանի գեղեցկության ու ինքնավստահության գաղտնիքները

15:05   12 մարտի, 2020

NEWS.am STYLE-ը վերսկսում է հայտնիների` գեղեցիկության ու հմայքի գաղտնիքները բացահայտող զրույցների շարքը:

Գեղեցիկ է այն կինը, որն իրեն կարողանում է ընդունել ու սիրել այնպիսին, ինչպիսին կա. մեր հերոսուհիների շարքում կլինեն ինքնավստահ կանայք, որոնք կպատմեն` ինչ հնարքներ են գործադրում իրենց մշտապես գեղեցիկ զգալու համար:

Մեր խորագրի առաջին հերոսուհին տիտղոսակիր գեղեցկուհի է` «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը: Նրանից փորձել ենք պարզել` արդյոք ավելորդ ջանքեր գործադրո՞ւմ է մոդելային կազմվածքը պահպանելու համար եւ արդյոք տիտղոսակիր գեղեցկուհին էլ կարող է ունենալ բարդույթներ:

172 սմ հասակ ունեցող Դայանան կշռում է 50 կգ: Գեղեցկուհին ասում է, որ երբեք չի պահել դիետաներ, միշտ նիհար է եղել:

Խոսելով իր առօրյա սննդակարգի մասին` Դայանան նշում է.

«Առավոտյան ավելի խիտ եմ սնվում, սկզբից մրգեր (շատ եմ սիրում համադրել մրգերը ընդեղենի հետ): Շատերը ծիծաղում են վրաս, բայց ես առավոտյան շատ հաճախ մսով պատրաստված ուտեստներ եմ ուտում»:

Դայանան նաեւ ասում է, որ ոչ միշտ է հաճախում մարզասրահներ:

«Շաբաթը, հիմնականում, երկու անգամ հաճախում եմ, սակայն 3 ամիս դադար էի վերցրել, բայց հիմա շարունակում եմ»,-ասում է մոդելը, որը բնական գեղեցկության կողմնակից է.

«Հիմա շատ է անբնական «գեղեցկությունը», աղջիկների 80%-ի մոտ կան պլաստիկ միջամտություններ, աղջիկներն ամեն ինչի պատրաստ են, միայն թե հասնեն իրենց պատկերացրած իդեալական գեղեցկությանը` փոխում են թե ծնոտի ձեւը, թե այտոսկրերի, թե աչքերի ֆորման, շուրթերը, դնում մազեր... Ես դա խաբեություն եմ համարում` թե հենց իրենց, թե շրջապատի հանդեպ, սակայն մյուս կողմից երբեք չեմ քննադատել եւ չեմ էլ քննադատի, քանի որ ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես վարվի իր արտաքինի հետ եւ, միգուցե, այդպես ավելի լավ է, քան կոմպլեքսավորված լինել սեփական արտաքինից»,-ասում է ու հավելում,-«Ես ինքս երբեք ոչ մի արհեստական միջոցների չեմ դիմել, երբեք պլաստիկ վիրահատության չեմ դիմել»:

Այնուամենայնիվ, Դայանան խոստովանում է` ոչ միշտ է ինքնավստահ եղել.

«Փոքր տարիքում շատ անինքավստահ էի, շատ ամաչկոտ, չգիտեմ` դա ինչի հետ էր կապված, ես 4 դպրոց եմ փոխել, իսկ դեռահասի համար դա լուրջ սթրես է` փոխել ընկերներին, այն միջավայրը, որին ընտելացել ես, միգուցե, դա էր պատճառը»:

Նրանից հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք հիմա է՞լ է ունենում պահեր, երբ իրեն գեղեցիկ չի զգում.

«Երբ չափից շատ make up են անում, ես ինձ զգում եմ տգեղ, քանի որ կոպտանում են դիմագծերս: Ես ինքս փորձում եմ մինիմալ շպար օգտագործել, կարծում եմ` այդպես ավելի գեղեցիկ եմ: Իսկ ինչ-որ կոնկրետ կոմպլեքսներ չունեմ»:

Դայանայի կարծիքով` կնոջ մեջ ամենակարեւոր հատկանիշը ընտանիքին գնահատելն. «Լինել հավատարիմ ընտանիքին, ընկերներին...Ձգտել մայրանալ եւ ունենալ ամուր ընտանիք, իհարկե, նաեւ մի-քիչ թիթիզ լինել»,-խորհուրդ է տալիս մոդելը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Դայանա Դավթյանի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE