Փերիս Հիլթոնը դատական քաշքշուքի մեջ է Գարիկ Մարտիրոսյանի եւ «Прожекторпэрисхилтон» հաղորդման հետ

18:35   6 օգոստոսի, 2013

Ամերիկյան աստղ Փերիս Հիլթոնը դատական քաշքշուքի մեջ է «Прожекторпэрисхилтон» հաղորդման հեղինակների հետ: Այս մասին գրում է Paparazzi-ն: Բանն այն է, որ Փերիսի անունն օգտագործել են՝ առանց նրա գիտության եւ համաձայնության: Հիմա Իվան Ուրգանտը, Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Ցեկալոն ստիպված են լինելու աստղին հավաստել, որ նրա անունն օգտագործվել է պատահաբար:

 

Փերիս Հիլթոնը Յուրմալայում հյուրընկալվել էր Comedy Club-ի փառատոնին: Նա ներկա է եղել «Ձինթարի» համերգասրահում կայացած համերգին:

 

Լատվիա ժամանելու համար Փերիսը TNT հեռուստաալիքից արձանիկ է ստացել՝ որպես լավագույն TV աստղ: Նա լուսանկարը տեղադրել էր Instagram-ում եւ մակագրել. «Լատվիայում հաճույք եմ ստանում: Հենց նոր The Comedy Club Awards Show-ում Best TV Celebrity Award մրցանակը ստացա»:

 

«Ձինթարի» համերգասրահում Փերիսին են մոտեցել լրագրողներ, որոնցից մեկը հարցրել է. «Արդյո՞ք Հիլթոնը գիտի ռուսական հայտնի «Прожекторпэрисхилтон» ծրագրի մասին, որում օգտագործվում էր նրա անունը»:

Հիլթոնի օգնականներն անմիջապես հայտարարել են, որ հեռուստաաստղը հարցերի չի պատասխանելու:

Հայտնի է, որ Յուրմալայում ներկա գտնվելու համար Փերիսը չափազանց մեծ պահանջներ չի ներկայացրել: Նրա հետ Լատվիա էր եկել նաեւ 6 հոգանոց թիմ՝ վարսահարդար, դիմահարդար, թիկնապահ, մենեջեր եւ լրատվական գործակալ: Իսկ վերջին՝ 6-րդ անդամի կարգավիճակն անհայտ է: Ենթադրություններ կան, որ նա աստղի ընկերն է՝ 21-ամյա մանեկեն Ռիվեր Վիպերին:



© NEWS.am STYLE