Նոր գեղեցկուհի հայկական եթերում. Նաիրա Վարդանյանը՝ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Փափուկ խաղալիք» սիթքոմում իր դերի մասին (ֆոտո)

15:05   13 մարտի, 2020

Մարտի 17-ից «Արմենիա TV»-ի եթերում կլինի նոր սիթքոմ՝ «Փափուկ խաղալիք», որի բեքսթեյջը NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Սիթքոմի առանցքային դերում Մկրտիչ Արզումանյանն է, նկարահանվում են նաեւ այլ ճանաչված ու սիրված դեմքեր: Տվյալ սիթքոմում առաջին անգամ իր դերասանական խաղը կցուցադրի նաեւ մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթից հայտնի գեղեցկուհի Նաիրա Վարդանյանը, որը NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է ստացել նկարահանման առաջարկը, ինչպիսի հերոսուհու է մարմնավորում եւ ովքեր են իրեն օգնում նկարահանման հրապարակում:

Չնայած սա Նաիրայի մասնակցությամբ առաջին նախագիծն է, մոդելը խոստովանում է, որ նախկինում էլ է ունեցել նկարահանման առաջարկներ: Հարցին արդյոք «Միսս Տիեզերք Արմենիա»-ից հետո ձեռք բերած հայտնիությունը նպաստե՞լ է նման առաջարկ ստանալուն, Նաիրան պատասխանեց.

«Գրեթե միշտ ունեցել եմ նկարահանման առաջարկներ՝ դեռ ուսանողական տարիներից, ուղղակի ինչ-ինչ պատճառներով միշտ մերժել եմ դրանք: «Միսս Տիեզերք Արմենիա»-ն ոչ մի կապող օղակ չի հանդիսանում ներկայիս գործունեության հետ: Թեկնածությունս առաջադրվել է Individuum Casting-ից, այնուհետեւ հանդիպելով սիթքոմի պրոդյուսեր, ռեժիսոր Հարություն Խալաֆյանին` ընդունել եմ առաջարկը: Կարելի է ասել՝ այն միանգամից եմ ընդունել: Պատասխանիս դրական լինելուն նպաստեցին պրոֆեսիոնալ անձնակազմը, կերպարիս զարգացումը, ընդհանուր սյուժեն եւ բազում հաճելի մարդիկ, որոնց հետ աշխատում եմ»,-պատմում է Նաիրան, որից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչու էր նախկինում մերժում նման առաջարկները.

«Նախկինում ատաջարկները մերժելը կապված է եղել զուտ հոգեպես տրամադրված չլինելուս հետ, քանի որ սա մի աշխարհ է, որտեղ միտքդ պետք է ազատ լինի»,-պարզաբանում է նա:

Նաիրան նաեւ նշում է, որ կրթությունը սերտորեն կապված է հեռուստատեսության հետ.

«Կրթություն ստացել եմ Երգի պետական թատրոնում՝ հաղորդավարության եւ լրագրության բաժնում, որի մեջ մտնում էին նաեւ դերասանի վարպետության եւ բեմական արվեստի կուրսեր»:

Մոդելը շատ մանրամասներ չցանկացավ բացահայտել իր կերպարից, բայց հերոսուհու որոշ գծեր ներկայացրեց.

«Մարմնավորում եմ մի մեծահարուստի երիտասարդ եւ գեղեցիկ կնոջ կերպարը, որի համար առաջնային արժեքներից է փողը: Կփորձեմ պահել հետաքրքրությունն ու շատ բաներ չմանրամասնել նրա մասին: Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել սիթքոմը. վստահեցնում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու»:

Անդրադառնալով նկարահանման գործընթացի դժվարություններին՝ Նաիրան նշեց.

«Նկարահանման հրապարակում լինելն ինձ համար մի հեգեվիճակ է, որը պետք է ձեռք բերես մինչեւ այդ տարածք ոտք դնելը՝ կտրվելով ներկա իրականությունից, որպեսզի ամբողջովին ընկղմվես կերպարիդ մեջ: Խոստովանում եմ, որ ոչ միշտ է հենց սկզբից ստացվում»:

Նա նաեւ խոստովանեց, որ շատ բաներ է սովորում իր գործընկերներից.

«Սիթքոմում հիմնական խաղըներներս են Մկրտիչ Արզումանյանը, Անուշիկ Առաքելյանը, Նարինե Ալեքսանյանը, Հովակ Գալոյանը, Վարուժան Մանուկյանը եւ այլ հայտնի ու սիրված դերասաններ: Մեծ բավականություն եւ փորձ եմ ձեռք բերում՝ աշխատելով նման հաճելի անձնակազմի հետ: Ինչ վերաբերում է Մկրտիչ Արզումանյանին՝ մեծ պատիվ ունեմ աշխատել նման պրոֆեսիոնալ եւ, ուղղակի, լավ մարդու հետ, որն իր խորհուրդներով ինձ շատ է օգնում նկարահանման հրապարակում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Նաիրա Վարդանյանը



© NEWS.am STYLE