«Պրեմիերայի էի գնացել». Մշտապես պետք է գնալ «Առաջ»

20:35   13 մարտի, 2020

Օսկարակիր «Խաղալիքների պատմությունը 4»-ը ստեղծողների նոր անիմացիոն պատմությունը լի է օրիգինալ հերոսներով, սյուժետային անսպասելի շրջադարձերով, ինչպես ծիծաղելի, այնպես էլ դրամատիկ տեսարաններով:

Ինչպես Pixar-ի բոլոր մուլտֆիլմերը, այս կինոնկարը եւս զերծ չէ բարոյական բաղադրիչից: Այն հանդիսատեսից յուրաքանչյուրին ստիպում է խորհրդածել եւ ուշադրություն դարձնել մեզ շրջապատողների, ընկերների, ընտանիքի, մտերիմ մարդկանց վրա:

Էլֆ եղբայրներ Իեն եւ Բարլի Լայթֆութերն ապրում են կախարդական աշխարհում, որը բնակեցված է տրոլներով, գոբլիններով, թզուկներով, կենտավրոսներով եւ միաեղջյուրներով: Ժամանակին նրանց աշխարհը լեցուն էր մոգությամբ, բայց այդ ժամանակներն անցյալում են, եւ հիմա հեքիաթային էակները թռչում են օդանավերով, օգտվում ավտոմեքենաներից եւ ընդհանուր առմամբ տաղտկալի կյանք վարում: Սակայն անսպասելի գտածոն բերում է նրան, որ եղբայրները որոշում են ուղեւորվել գրավիչ ճանապարհորդության՝ որոնելու հնագույն ավանդություններից իսկական կախարդությունը:

«Առաջը» դժվար է գլուխգործոց համարել, հատկապես եթե համեմատենք ստուդիայի ավելի հայտնի մուլտֆիլմերի հետ: Բայց հավատացեք, կինոնկարը բավականին լավն է:

Սցենարը

Պատմությունը մյուսների կույտից չի տարբերվում: Դրանում չկա որեւիցե անկանխատեսելի եւ նոր բան: Բայց, միեւնույն է, դա ընդհանրապես չի խանգարում ասել, որ այն հետաքրքիր է, բարի, անկեղծ եւ սրտառուչ: Ֆիլմն ուղղակի խելահեղորեն սրտառուչ է: Դրանում դրված են տարբեր գաղափարական ուղերձներ: Բացահայտվում են հայրերի եւ զավակների, ընտանիքի աջակցության խնդիրները եւ ընդհանրապես՝ որքանով է դա կարեւոր կյանքում:

Հերոսները

Իենը համեստ եւ բարի տղա է, ում խիզախությունը չի բավականացնում կյանքը վերահսկողության տակ վերցնելու համար: Բարլին նրա լիակատար հակապատկերն է՝ համառ, ինքնավստահ...

Ստեղծողներին հաջողվել է ցույց տալ եղբայրների փոխգործակցությունը, որոնք միասին ընդհանուր գործ են անում, պարզում են հանելուկները, սովորում են իրենց համար նոր բաներ ու իրար հետ ժամանակն ուղղակի ուրախ են անցկացնում: Նրանց բնավորության գծերը յուրովի ազդում են մեկը մյուսի վրա եւ նրանց ստիպում վերածվել ավելինի:

Անիմացիան

Այն անթերի է. ի վերջո՝ սա Pixar- Disney-ի արտադրանքն է, իսկ այս ընկերությունների բրենդները խոսում են իրենք իրենց մասին:

Մթնոլորտը

Ամեն ինչ վառ է, էպիկական, հուզիչ, սրտառուչ եւ զավեշտալի, ներառյալ սաունդթրեքը, որը որոշակի բավականություն եւ հարմարավետություն է ստեղծում:

Արդյունքը

«Առաջը» ուղղակի գերազանց մուլտիպլիկացիոն ժապավեն է: Այո, հնարավոր է, որ սա Pixar-ի հերթական գլուխգործոցը չէ, բայց այն չի էլ փորձում այդպիսին լինել:


Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE